HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Կընդունի՞ Հայաստանը ԱՄՆ սենատորների մատուցած նվերը

Հոկտեմբերի 21-ին դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Ջոն Էնսայնը ԱՄՆ Սենատին են ներկայացրել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նոր նախագիծ: Փաստաթուղթը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, կոչ է անում ԱՄՆ նախագահին «երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտացոլելու է պատշաճ ըմբռնում ամերիկյան փաստաթղթերում արձանագրված հայկական Ցեղասպանությանն առնչվող մարդու իրավունքների, էթնիկական զտումների եւ Ցեղասպանության հարցերի նկատմամբ»: Բանաձեւի այս նախագիծը  Սենատին է ներկայացվել Հայաստան-Թուրքիա երկու հայտնի արձանագրությունների ստորագրումից հետո, դրանք Թուրքիայի Մեջլիսում վավերացման համար քննարկման ներկայացնելու նույն օրը: Ո'չ Անկարան և ո'չ էլ Երևանն այս առնչությամբ դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել: Չնայած դրան՝ հայ-թուրքական հաշտեցման ներկայիս գործընթացին դեմ արտահայտվող հայաստանյան քաղաքական շրջանակներն արդեն հստակ միտումներ են տեսնում ամերիկացի սենատորների այս նախաձեռնության ետևում: Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարել է. «Բանաձևը ներկայացվել է Սպիտակ տան վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Սպիտակ տունը Ցեղասպանության ճանաչման վերահաստատումը Միացյալ Նահանգների կողմից անջատի Հայաստան-Թուրքիա հարաբերություններից»: Ըստ Մանոյանի՝ դա յուրօրինակ բողոքի ձև է՝ ուղղված արձանագրություններով սահմանված պատմական հարցերն ուսումնասիրող միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման դեմ և ահազանգ է հնչեցնում առ այն, որ Ցեղասպանության լինելիության հանգամանքը դրվում է հարցականի տակ: Ամերիկյան հայկական լոբբիստական կազմակերպություններն արդեն ողջունել են սենատորների այս նախաձեռնությունը: Դա ցույց է տալիս, որ Սփյուռքը, անկախ արձանագրություններով դրվող արգելքներին, շարունակելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Խնդիրն այն է, սակայն, թե ինչպիսի վերաբերմունք կարտահայտի այս գործընթացին Հայաստանի իշխանությունը: Կարելի է ասել, որ սենատորների այս նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է փորձության ենթարկելու Հայաստանին, որը ստիպված է լինելու չափազանց հետաքրքրական ու նուրբ քաղաքական-դիվանագիտական թեստ հանձնել: Թե' Սփյուռքը, թե' Թուրքիան և թե' միջազգային հանրությունը սպասելու են Երևանի համապատասխան արձագանքին, որից պարզ կլինի՝ իրականում ինչպիսի՞ն է լինելու Երևանի քաղաքական կուրսն այս ուղղությամբ: Հոկտեմբերի 10-ին ողջ հայությանն ուղղված իր ուղերձում ՀՀ նախագահն այս կապակցությամբ հայտարարել էր. «Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է և պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ»: Սփյուռքահայությունը և Արձանագրություններին դեմ արտահայտվող հայաստանյան ուժերը իշխանություններից կպահանջեն ողջունել նոր բանաձևի ներկայացումը Սենատին՝ ի հաստատումն ՀՀ նախագահի կողմից արված հավաստիացումների: Եթե իշխանությունը նախընտրի անտարբեր կեցվածքը, ապա դրանում Արձանագրությունների վավերացմանը դեմ արտահայտվող լայն զանգվածները կտեսնեն Ցեղասպանության ճանաչման գործընթացից Սերժ Սարգսյանի վարչակազմի օտարման միտումներ: Դա կհանգեցնի թե' իշխանության, թե' արձանագրությունների դեմ դիմադրության ավելի ուժեղացմանը: Այս իմաստով իշխանության դրությունը նախանձելի չէ, թեև ինչ-որ տեղ սենատորների այս նախաձեռնությունը պետք է բխեր Երևանի շահերից: Խնդիրն այն է, որ այդ նախաձեռնության ողջունումը հզոր գործիք կարող է դառնալ իշխանությունների ձեռքին՝ զսպելու համար Թուրքիայի անթաքույց ու նույնիսկ ցինիկ հավակնությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում միջնորդի դեր ստանձնելու հարցում: Ցյուրիխում, ըստ որոշ լուրերի, Հայաստանի դիվանագիտական կորպուսին հաջողվեց կանխել Թուրքիայի արտգործնախարարի՝ ԼՂ հիմնահարցին հղումներ պարունակող ելույթը՝ իբրև սպառնալիք կիրառելով Ցեղասպանության իրողության վկայակոչումը Նալբանդյանի ելույթում: Դա նշանակում է, որ Ցեղասպանության խնդիրը կարող է հայկական կողմի համար թուրքական հավակնությունները շրջափակելու միջոց դառնալ: Եվ այս օրերին, երբ Անկարան պատեհ-անպատեհ առիթներով հավաստում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու իր մտադրությունը ու նույնիսկ պատրաստակամություն է հայտնում հանդես գալ Բաքվի փոխարեն, Սենատում սկսված գործընթացին Հայաստանի դրական արձագանքը կարող է լուրջ դիվանագիտական պատասխան լինել: Այդ կեցվածքը կարող է ցույց տալ, որ եթե Անկարան փորձում է ԼՂ հիմնահարցի ադրբեջանամետ կարգավորումը ներկայացնել որպես հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախապայման, ապա Երևանին ոչինչ չի կարող կաշկանդել իր հերթին որպես նախապայման ներկայացնել Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացին աջակցելը: Ավելին, հիմա, այս նախաձեռնության լույսի ներքո, Հայաստանը կարող է հայտարարել, որ երբեք միջկառավարական ենթահանձնաժողովի շրջանակներում քննարկման չի նստելու այն հարցի շուրջ, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կառնչվի Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ առնելուն: Սակայն, չնայած այս հնարավորությանը՝ կա մեկ հանգամանք, որ զգալիորեն կարող է կաշկանդել հայկական կողմին: Եվ դա պամանավորված է բուն արձանագրությունների բովանդակությամբ: Ըստ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության՝ երկու կողմերը հաստատում են իրենց հանձնառությունը՝ «ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց»: Իսկ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությամբ կողմերը պարտավորվում են երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսության, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար ստեղծել միջկառավարական ենթահանձնաժողով: Այսինքն՝ Անկարան, հղում անելով արձանագրությունների այս երկու կետերին, Երևանին կարող է մեղադրել պատմական խնդիրները ենթահանձնաժողովից դուրս հանելու և «բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն» վարելու մեջ: Այն փաստը, որ արձանագրություններում որևէ ակնարկ չկա Թուրքիայի կողմից ԼՂ հարցում միջամտելու հնարավորությունները բացառելու կամ գոնե սահմանափակելու վերաբերյալ, նույնը անել թույլ չի տալիս հայկական կողմին: Եվ դրա հետևանքով է, որ հիմա Անկարան նման բաց տեքստով հայտարարություններ է հնչեցնում ԼՂ հիմնախնդրի կապակցությամբ: Սակայն, եթե սա է լինելու հետագա զարգացումների տրամաբանությունը, ավելի լավ է գործընթացը կասեցնել հիմա, քան դա թողնել հետագային, երբ դրա հնարավորությունը չի լինի ընդհանրապես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter