Համ կեր, համ գրի
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` Վահան Հովհաննիսյանի որդին շարունակում է ղեկավարել «Գլենդել Հիլզ» շինարարական ընկերությունը, իսկ նրան պատկանող ընկերություններից մեկն էլ հաջողությամբ շարունակում է տենդերներ շահել:

«ՉԻ» - Այսքանից հետո դեռ ինչ որ միամիտներ ակնկալում են, որ Վահան Հովհաննիսյանը պիտի վեր կենա ու Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջի:
Իսկ ինչո՞ւ պիտի նման բան անի, եթե, բանից պարզվում է, կարելի է Սաշիկ Սարգսյանի խնամին լինել, օգտվել «կոռումպացված համակարգի» բարիքներից (նույն «Գլենդել Հիլզ» ընկերությանը կառավարությունը լավ էլ «ջիգյարով» օգնում է) և միաժամանակ հասարակությանը ներկայանալ որպես ընդդիմադիր:
Ընդ որում` կարող եք չկասկածել` Դաշնակցության մյուս «երևելիներն» էլ պակաս բիզնես չունեն ու պակաս չեն վայելում «կոռումպացված համաակարգի» բարիքները: Այնպես որ, այս իմաստով ամեն ինչ հասկանալի է:
Դրա համար էլ իշխանություններն առանձնապես լուրջ չեն վերաբերում այդ կուսակցության «բողոքի ակցիաներին» ու նույնիսկ աջակցում են: Եթե ոչ քաղաքական դաշտում, ապա գոնե տնտեսության ոլորտում իրենց «հաճախորդներն» են. ինչո՞ւ չպիտի աջակցեն:
Ոչ թե կոնյունկտուրա, այլ գաղափարներ
Վերջին շրջանում Ձեր տեսակետները հայ-թուրքական արձանագրությունների, նաև ԼՂ հարցում հստակորեն տարբերվում են ոչ միայն կոնգրեսի, այլ հենց «Հանրապետություն» կուսակցության այլ առանցքային ներկայացուցիչների տեսակետներից: Դրանից անհարմարավետության զգացում չունե՞ք:
«Առավոտի» այս հարցադրմանն ի պատասխան` կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասաց.
«Այո, իմ դիրքորոշումները հաճախ տարբերվում են ՀԱԿ-ի դիրքորոշումներից, իսկ կուսակցության տեսակետներից տարբերվում են զուտ ձևակերպումների առումով: Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ քաղաքական գործչի դիրքորոշումները պետք է հիմնված լինեն ոչ թե քաղաքական կոնյունկտուրայի, այլ կոնկրետ արժեքների ու գաղափարների վրա»:
«ՀԱԿ-ը պետք է սպասեր»
2010 թվականի հունվարի 10-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ՀԱԿ-ը չի սատարելու «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի թեկնածությունը: Այս մասին հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Սուրեն Սուրենյանցի կարծիքով` Լևոն Զուրաբյանն ուղղակի շտապել է: Քանի որ Սուրենյանցն առաջադրվել է սեփական նախաձեռնությամբ, փորձեցինք պարզել, թե սատարելո՞ւ է արդյոք նրա թեկնածությունը հարազատ կուսակցությունը:
Թերթի հետ հեռախոսազրույցում Սուրեն Սուրենյանցն ասաց, որ իրեն սատարելու հարցը կքննարկվի երկուշաբթի օրը` հոկտեմբերի 26-ին, կուսակցության քաղխորհրդի նիստում:
«Նիստից հետո արդեն կհրապարակվի ինձ սատարել-չսատարելու մասին քաղխորհրդի կայացրած որոշումը: Իսկ ՀԱԿ-ը պետք է սպասեր այդ որոշմանը, հետո նոր հայտարարություններ աներ: Կարծում եմ` Լևոն Զուրաբյանի հայտարարությունը դեռ ՀԱԿ-ի վերջնական դիրքորոշումը չէ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
«Բազարից» հեռու
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը, ինչը բացասաբար է ընկալվել անգամ իշխանական որոշակի շրջանակներում, հետաքրքիր նախապատմություն ունի:
Թերթի ունեցած տեղեկություններով` Վարազդատ Մկրտչյանին պատվավոր քաղաքացու կոչման արժանացնելու խոստումը տվել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` դեռ Երևանի ավագանու ընտրություններից առաջ:
Նախընտրական շրջանում Բեգլարյանի համար աշխատելու օգուտների մասին Վ. Մկրտչյանի հարցին ի պատասխան` Բեգլարյանը հենց պատվավոր քաղաքացու կոչում է խոստացել: Այդ խոստման մասին Մկրտչյանը Բեգլարյանին հիշեցրել է Էրեբունի-Երևան տոնակատարությունների նախօրեին, Բեգլարյանն էլ խոստումը կատարել է տոնակատարություններին հաջորդած` ավագանու առաջին նիստում:
Նշենք, որ Վ. Մկրտչյանը այնքան հանրահայտ անձնավորություն է, որ ամբողջ ինտերնետում առկա է նրա ընդամենը մեկ լուսանկար:
Էլի ստում են
Նախագահական նստավայրից նախօրեին սուտ տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր` Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրողին:
Սերժ Սարգսյանից հարցազրույց վերցրած լրագրողը, ինչպես երեկ պարզեցինք, Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրողը չէ:
Հայաստան-Թուրքիա գործընթացները փոփոխություններ են մտցնում Ադրբեջանի ռազմաական դոկտրինում
Ադրբեջանական կայքերից մեկը տեղեկացնում է, որ երկրի ռազմական դոկտրինի նախագիծը, որտեղ Թուրքիան ներկայացված է որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, իսկ Հայաստանը` թշնամի, նորից գտնվում է վերամշակման փուլում` Թուրքիա-Ադրբեջան ստեղծված լարվածության և Թուրքիայի ղեկավարության և Հայաստանի միջև սկսված մերձեցման գործընթացների պատճառով:
Կայքէջը նշում է, որ ավելի վաղ նախատեսվում էր, որ դոկտրինը այս տարի քննարկման կդրվի և կհաստատվի Ադրբեջանի Միլի մեջլիսում, սակայն հայ-թուրքական արձաանգրությունների ստորագրումից հետո Բաքուն որոշել է չշտապել, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության շարունակման դեպքում չի բացառվում, որ Թուրքիան կարող է զրկվել «ռազմավարական գործընկեր» կարգավիճակից (էլ չենք խոսում «եղբոր» կարգավիճակի մասին):
Տեղեկացնենք նաև, որ ադրբեջանական ռազմական դոկտրինը վերջին անգամ փոփոխությունների է ենթարկվել ռուս-վրացական պատերազմից հետո:
Գործարք` 2 բաղադրիչով
«Սա լրացուցիչ ապացույց է, որ ոչ միայն մյուս քաղաքական ուժերի ու հասարակության, այլև իշխանության բոլոր օղակների համար պարզ դառնա, թե իրենց ղեկավարներն ինչ գործարքի են գնացել»,- երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ՀՀ իշխանություններին ուղղված իր երկու առաջարկներին:
Անցած շաբաթ նա առաջարկել էր օրենքով արգելել միջկառավարական պատմական ենթահանձնաժողովում և նման այլ կառույցներում ՀՀ-ն ներկայացնող պաշտոնատար անձանց` մասնակցել ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող որևէ քննարկման:
Նա նաև առաջարկել էր, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն առաջինը ընդունի ՀՀ ԱԺ-ն, բայց ժամկետ նշանակի, որ եթե այդ ընթացքում Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, դրանք համարվեն առոչինչ:
«Իմ առաջարկությունները չընդունելը ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները հանուն սեփական իշխանության երկարաձգման համաձայնել են գործարքի, որն ունի երկու բաղադրիչ` ցեղասպանության փաստը հարցականի տակ դնելը և ԼՂ հիմնահարցում միակողմանի զիջումների գնալը»,- ավելացրել է Դ. Շահնազարյանը:
Վախենալ, նշանակում է թերագնահատել
Ըստ Արսեն Ղազարյանի` «Հայաստանի արդյունաբերողների միությունը միշտ ունեցել է իր ուրույն կարծիքը , որ Թուրքիայի հետ հարաբեությունները պետք է կարգավորվեն, և ինչքան շուտ, այնքան լավ: Իհարկե, առանց նախապայմանների:
Իսկ վախենալ մշակութային, տնտեսական էքսպանսիայից, նշանակում է թերագնահատել մեր ժողովրդին, մեր հասարակությանը, մեր տնտեսությանը և մեր պետությանը:
Նման ձևով ինչպե՞ս կարող ենք խոսել տարածաշրջանային լիդեր, մշակույթ արտահանող երկիր, առողջապահության, համակարգչային տեխնոլոգիաների կենտրոն դառնալու մասին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել