HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճամբարակի ՔԿԱԳ պետը «Հետքից» խիստ նեղացել է

L_Mxitaryan_24.10.09Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային գրասենյակի (ՔԿԱԳ) պետ Լուսինե Մխիթարյանից քաղաքում շատերն են դժգոհում: Պատճառն այն է, որ նա ժամերով սպասեցնում է քաղաքացիներին եւ հատկապես ընդմիջումից հետո գալիս է գրասենյակ, երբ սիրտը կամենա: Ճամբարակցիների ասելով, հասարակ հարցով, երբ մոտենում են Լ. Մխիթարյանին, նա անմիջապես չի պատասխանում եւ խնդրում է սպասել նվազագույնը 30 րոպե: Ժամը 13-14-ի ընդմիջումից հետո ուղիղ 40 րոպե ես նույնպես սպասել եմ ՔԿԱԳ պետին:

Նա աշխատավայր եկավ դպրոցահասակ աղջկա ձեռքը բռնած եւ քաղաքացիներին ընդունելու փոխարեն մոտ 10 րոպե սկսեց զբաղվել իր երեխայով: Երբ ուշացման պատճառի եւ քաղաքացիների դժգոհությունների մասին հարցրի Լ. Մխիթարյանին` միանգամից սկսեց բողոքել, թե «Հետքը» պատվեր է կատարում եւ իր բարի համբավը արատավորելու համար ենք եկել (Տես` Ազատվեք ձեզ խանգարող անուն-ազգանուններից):  

Դրանից հետո ՔԿԱԳ պետը հրաժարվեց մեզ տեղեկություններ տալ իրենց գրասենյակում գրանցված ծնունդների, մահվան, ամուսնությունների եւ ամուսնալուծությունների վերաբերյալ: Արդարադատության նախարարության  մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի միջնորդությունից հետո միայն Լ. Մխիթարյանը համաձայնվեց զրուցել:

«Հետքից» տիկին Մխիթարյանի նեղանալու փաստը կարելի է «ըմբռնումով» մոտենալ: Մենք մի քանի հրապարակումներով անդրադարձել ենք Լուսինե Մխիթարյանի  աշխատանքին` այդ թվում ոչ ճիշտ փաստաթղթեր քաղաքացիներին տրամադրելու դեպքերին: Քանի որ պաշտոնյաները չեն սիրում, որ իրենց չարաշահումների մասին բարձրաձայնում ենք, իրենց թերությունները շտկելու փոխարեն ամբողջ մեղքը բարդում են լրատվամիջոցների վրա: Այդ առումով Ճամբարակի ՔԿԱԳ պետը միակը չէ: Բայց, քանի որ Լուսինե Մխիթարյանը Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի դուստրն է` նա մնում է միշտ «անձեռնամխելի»:

Այս տարվա սեպտեմբերի 22-ի դրությամբ, Ճամբարակի ՔԿԱԳ տարածքային գրասենյակում գրանցվել է 128 ծնունդ, 140 մահ, 29 ամուսնություն եւ 6 ամուսնալուծության դեպք: ՔԿԱԳ պետի ասելով, ամուսնալուծությունների հիմնական պատճառն ընտանեկան անախորժություններն են: «Այլ դեպքեր կարելի է ասել չեն հանդիպել: Միգուցե ամաչում են, որ ամուսնալուծվեն, բայց եթե «դանակը ոսկորին» է հասնում` ամուսնալուծվում են»,-ասաց Լ. Մխիթարյանը: Նրա փոխանցմամբ, Ճամբարակում մահացությունը երիտասարդացել է ու թվով գերազանցել ծնունդներին: Մարդկանց մահացության  պատճառը հիմնականում դժբախտ դեպքերն են ու քաղցքեղը: Փոխարենը բազմազավակ ընտանիքներն են Ճամբարակում շատ քիչ:

Լուսինե Մխիթարյանի ասելով, ընտանիքներում միջինը ծնվում է 2-3 երեխա. «Իմ աշխատանքային տարիների ընթացքում միայն Ջիլ համայնքի ընտանիքներից մեկում է գրանցվել 12-րդ ծնունդը, բայց  ընտանիքն  այնքան էլ ապահովված չէր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter