«Համակարգիչ բոլորի համար»` 500-1000 ԱՄՆ դոլար արժողությամբ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամը (ՁԻՀ) Hewlett-Packard (HP) -ի երևանյան ներկայացուցիչ «Յունիկոմպ» ընկերության աջակցությամբ Հայաստանի երեք քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում, սեպտեմբերի 17-ին սկսեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլը:
««Համակարգիչ բոլորի համար» գլոբալ ծրագիրը նպատակ ունի Հայաստանում բարձրացնել համակարգիչների և ինտերնետի օգտագործումը` չսահամանափակվելով համակարգչային խաղերով և էլեկտրոնային փոստի գործածմամբ: Մենք նպատակ ունենք մեխանիզմը դարձնել շրջանառու. այսինքն` լինի գումարի ինչ-որ սահման, որը պարբերաբար կպտտվի: Չնայած կա ծրագրի նախնական մոդելը, բայց որոշեցինք ավելորդ ռիսկի չդիմել և սկսել պիլոտային փուլով: Իրականում կան շատ հարցեր, որոնց պատասխանը չենք կարող ստանալ մինչև իրական դաշտ չմտնենք: Իսկ իրական դաշտ մտնել լայն ծրագրով խելամիտ չէր լինի, քանի որ սխալվելու հավանականությունը մեծ է»,-ասաց ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Մինչև այս տարվա հունվար տևող ծրագրի պիլոտային փուլի շրջանակներում վաճառքի է հանվել վեց տեսակի 500 համակարգիչ` 500-1000 ԱՄՆ դոլարի արժողությամբ: Ինչ վերաբերում է համակարգիչների ընտրությանը, ապա Բ. Ենգիբարյանի հավաստմամբ, դրանք ամենամատչելին չեն, քանի որ նպատակը ոչ թե համակարգիչների անհամեմատ արագ վաճառքն է, այլև դաշտում առկա մի շարք հարցերի պարզաբանումը և մշակութային փոփոխությունների իրականացումը: «Պիլոտի ընթացքում մենք պետք է պատասխանենք հետևյալ կարևոր հարցերին. որոնք են վարկավորման մեխանիզմի հիմնական խոչնդոտները, սպասարկման դաշտ և դրա հետ կապված մի շարք խնդիրներ, ընդհանուր կառավարման համակարգի ստեղծումը, որը ենթադրում է մոնիթորինգի միջոցով ռեսուրսների բախշումը և վաճառքը, համակարգիչների պահանջարկ ունեցող ֆորմատը և գնային քաղաքականությունը»,-ասաց ՁԻՀ-ի տնօրենը: Բագրատ Ենգիբարյանի խոսքերով` պիլոտից հետո միայն ՀՀ Կառավարությունը դոնոր ընկերությունների հետ Համաշխարհային բանկի միջոցով կարող է հիմանավորել ծրագրի լայանամաշտաբ հովանավորումը` երեք տարվա ծրագրի համար հատկացնելով մոտ 7-10 միլլիոն ԱՄՆ դոլլար: Ինչ վերաբերում է պիլոտային փուլում ներդրված գումարին, Բ. Ենգիբարյանը դժվարացավ պատասխանել` հավելելով միայն, որ այն բավականին մեծ է: Ծրագիրն աջակցող «Յունիկոմպ»-ը` որպես օգնություն համակարգիչներ է տրամադրել անհամեմատ ցածր գներով, իրենց մասնագետներն օգնում են փաստաթղթերի, սխեմաների, թեստերի մշակման և խանութների ընտրման գործում, ինչպես նաև ներդրումներ կատարում ընդհանուր մարքեթինգային հարցերում: «Ծրագրի համար մասնագետներն ընտրեցին միջին պահանջներին համապատասխանող (մաքուր, լուսավոր, բարձր մակարդակի սպասարկում և այլն) 10 խանութ (խանութն ինքն է ծրագրին մասնակցելու հայտ ներկայացնում), որոնք հնարավորինս հարմարավետ պայմաններ կապահովեն հաճախորդի համար: Բացի դրանից, խանութների աշխատողներն անցնում են հատուկ վերապատրաստման դասընթացներ, որը կօգնի ավելի արդյունավետ դարձնել նրանց աշխատանքը»,- ասաց Բ.Ենգիբարյանը: Ծրագրի առավելություններից մեկն այն է, որ պոտենցիալ գնորդը համակարգիչ կարող է ձեռք բերել ապառիկով: Բ. Ենգիբարյանի խոսքերով` ծրագրին աջակցող միակ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն» առանց կանխավճարի զրո տոկոս տոկոսադրույքով վարկեր է տրամադրում համակարգիչ ձեռք բերելու համար: Վերջում կարևորելով ծրագիր առկայությունը` Բ. Ենգիբարյանը, որպես ապացույց նշեց հասարակության ակտիվությունը և ծրագրի շուրջ ստեղծված բուռն քննարկումները, որոնք էլ, ըստ բանախոսի, սկզբի համար պակաս ձեռքբերում չեն:
Հ.Գ. Առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ծրագրի ղեկավարներից մեկը` Բագրատ Ենգիբարյանը, չի իմանում պիլոտային փուլում ներդրված գումարի չափը: Ընդհանրապես ՏՏ ոլորտում տարբեր տարիների ընթացքում իրականացվող ծրագրերի գումարների չափերը միշտ էլ գաղտնի են պահվել: Իսկ ոլորտում իսկապես մեծ գումարներ են ծախսվում: Իսկ ինչպես է որոշվել, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացման կողմերից մեկը պետք է լինի «Յունիքոմփ» ընկերությունը, որի հիմնադիր-տնօրենը, ՀՀ վարչապետին կից ՏՏ-ների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ Արմեն Բալդրյանն է: Առաջիկայում «Հետքը» կանդրադառնա այս խնդիրներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել