HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Տունը կորցրած ընտանիքը արդեն 5 տարի սպասում է Եվրոպական դատարանի վճռին

2005 թվականի հուլիսի 7-ին փոքրիկ Դանիելը պետք է տոներ իր առաջին տարեդարձը, սակայն այդ օրը մայրը տորթ չէր թխել, հյուրեր չէին հրավիրել, եւ ընդհանրապես փոքրիկին առանձնակի ուշադրության չէին արժանացնում: Դանիելը չէր հասկանում, թե ինչո՞ւ են իր ծննդյան օրը ծնողները տխրել, իսկ Լեւոն պապիկը քիչ է մնում` արտասվի:

Այդ օրը փոքրիկ Դանիելենց տան «հյուրերը» դատական ակտերի հարկադիր կատարողներն էին, որոնք եկել էին Ղասաբյանների ընտանիքին վտարելու: «Մենք գիտեինք, որ գալու են, որոշ իրեր նախօրոք տեղափոխել էինք, մնացածն էլ հարկադիր կատարողները տարան,- պատմում է Դանիելի հորաքույրը` Գոհար Ղասաբյանը,- եւ հենց այդ օրը սկսեցին տունը քանդել: Պատուհանները հանեցին, հատակը քանդեցին: Մեր տունը լավ սարքած չէր, վերանորոգումը հին էր, բայց ամեն դեպքում դա մեր հարազատ տունն էր, եւ շատ դժվար էր տեսնել, թե ինչպես էին այդ տունը քո աչքի առաջ քանդում: Ամենավատ վիճակում հայրս էր, ով ապրել էր այդտեղ 60 տարի»: Բուզանդի 25 հասցեում գտնվող շենքը հայտնվել էր «պետական կարիքների համար» վերցված տարածքների ցանկում: Այդ շենքը 1939 թվականին կառուցել են Լեւոն Ղասաբյանի տատն ու պապը` հարեւանների հետ միասին: Եռահարկ շենքի ամեն հարկում եղել է ընդհանուր մեծ պատշգամբ, իսկ 2-րդ հարկի բնակարանները նկուղ են ունեցել: Բուզանդի 25 շենքի 1-ին բնակարանում են բնակվել Գոհար Ղասաբյանը` եղբոր ընտանիքի եւ հոր` Լեւոն Ղասաբյանի հետ:

26_10-gohar

«Մենք երբեք էլ դեմ չենք եղել, որ մեր տան տեղը նոր շենք կառուցվի, բայց այդ ամենը պետք է արվեր օրինական եւ քաղաքակիրթ ձեւով: Բայց իրենք ամեն ինչ իրենց հարմար գներով են հաշվարկել, մեկ քառակուսի մետրը գնահատել էին մոտ 300 դոլար եւ որպես փոխհատուցման գումար առաջարկում էին 23 հազարից մի փոքր ավելի գումար: Իսկ անկախ գնահատողները հրաժարվում էին աշխատել այն հասցեների հետ, որոնք իրացման գոտում էին գտնվում, նրանք պարզ ասում էին, որ կզրկվեն աշխատանքից, եթե գնահատում անցկացնեն»,- հիշում է 28-ամյա Գոհարը:

Փոխհատուցումը հաշվարկելիս կառուցապատողը 2-րդ հարկի բնակարանների նկուղն ապօրինի է համարել եւ դրա դիմաց չի փոխհատուցել քաղաքացիներին: Նաեւ չեն հաշվարկել ընդհանուր տարածքները, որոնք եւս բնակիչներն էին կառուցել:

«Եթե 5 օրում ստորագրում էիր պայմանագիրը, որպես խրախուսանք լրացուցիչ գումար էին տալիս: Ոմանք ստորագրեցին, որպեսզի խնդիրներ չունենան եւ այդ խրախուսական գումարից չզրկվեն, որովհետեւ կառուցապատող «Գրիառ» կազմակերպությունը զգուշացնում էր, որ եթե կամովին չստորագրեն, կդիմեն դատարան եւ կստիպեն»,- պատմում է քաղաքացին:

Ղասաբյանների ընտանիքը կամովին պայմանագիր չի կնքել կառուցապատողի հետ, սակայն դատարանի վճռով ստիպված է եղել լքել իր տունը եւ ստանալ 23 հազար դոլարին համարժեք գումարը: «Մեր դատավարությունները շատ արագ են տեղի ունեցել, երեք ատյանում էլ մեզ մերժել են: Նույնիսկ դատավորներից մեկն ասաց, որ ես համաձայն եմ, որ դուք ճիշտ եք, բայց ես չեմ կարող նման վճիռ կայացնել: Եթե կայացնեմ, դուք հետո իմ երեխաներին կպահե՞ք,- հիշում է Գոհարը:- Մենք որոշեցինք, որ Եվրադատարան պիտի դիմենք եւ առանց ժամանակ կորցնելու կազմեցինք փաստաթղթերը»: Բնակարանն ազատելուց հետո Ղասաբյանների ընտանիքը տարիներ շարունակ բնակարան է վարձակալել, սկզբում ամսական 80, այնուհետեւ` 120 հազար դրամով, քանի որ անհնար է եղել հարմար բնակարան գտնել 23 հազար դոլարով:

«Մենք մեծ վնասներ ենք կրել վարձով ապրելով, հաճախ տան վարձը 23 հազար դոլարից էինք մուծում, իսկ հիմա եղբայրս ընտանիքով կնոջ ծնողների տանն է ապրում, իսկ մենք մյուս եղբորս տանն ենք ապրում»,- ասում է Գոհարը:

Ղասաբյանների ընտանիքը մոտ 3 տարի գրեթե ամեն հինգշաբթի բողոքի ակցիաների է մասնակցել Կառավարության շենքի դիմաց: Այս ընթացքում վարչապետեր փոխվեցին, երկրի նախագահը փոխվեց, սակայն քաղաքացիների դրությունը նույնը մնաց: «Ամեն մեկը, որ գալիս էր, խոստումներ էր տալիս, թե մեր խնդիրներին լուծում կտա, մենք նրանց չէինք վստահում, բայց գոնե սկզբում փոքրիկ հույս ունեինք, սակայն արդյունքը միշտ նույնն է եղել»,- ասում է հայրենի կառավարությունից հուսահատված Գոհարը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տվել բանակցել Ղասաբյանների ընտանիքի հետ:

«Մենք պատրաստ էինք համաձայնության գալու, բայց լավ պայմաններ չէին առաջարկում, իսկ մեր առաջարկները չէին ընդունվում: Օրինակ` առաջարկեցին տարածք, որը մենք պետք է ստանայինք 2010 թվականին, մեր տնից մոտ 200 մետր այն կողմ կառուցվելիք շենքում, որը մինչեւ օրս չի կառուցվել: Պատկերացրեք` եթե մենք համաձայնեինք, Եվրադատարանը գործը կփակեր, մենք տունը չէինք ստանա, եւ ստիպված կլինեինք կրկին դիմել Եվրադատարան եւ եւս 5 տարի վճռի սպասել: Մեր կառավարության հանդեպ մենք վստահություն այլեւս չունեինք, այդ պատճառով էլ չհամաձայնեցինք»,- ասում է Գոհարը:

Կառավարությունը մեկ այլ առաջարկ է արել Ղասաբյանների ընտանիքին, որը եւս մերժվել է: Գոհարի ասելով` այն ավելի վատ առաջարկ էր, քան նախորդը: Ղասաբյանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղարկված հայցադիմումում դրամական փոխհատուցման կոնկրետ չափ չեն նշել:

«Մենք պատրաստ ենք վերցնել կառավարության կողմից մեզ առաջարկվող տան համարժեք գումարը, որը կազմում է 400 հազար դոլար: Մենք այդ մասին տեղեկացրել ենք նաեւ Եվրոպական դատարանին, բայց կոնկրետ փոխհատուցման չափը մենք չենք նշել, որովհետեւ դատարանն ինքն է որոշելու»,- ասում է Գոհար Ղասաբյանը:

«Ղասաբյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը գտնվում է վերջնական փուլում, որի վերաբերյալ Եվրոպական դատարանը վճիռ կկայացնի մոտ ժամանակներս:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չէր ցանկանա, որ իրենց խնդիրները երկրից դուրս գործող դատարանում լուծվեին, սակայն արդարության հասնելու այլ ճանապարհ չի եղել. «Ես շատ եմ սիրում Հայաստանը եւ ուզում եմ, որ այն լինի իրավական երկիր, որտեղ քաղաքացիների իրավունքները պաշտպանված կլինեն եւ ոչ թե վտարվեն հենց կառավարության կողմից: Դրա համար պետք է կառավարությանը ցույց տալ, որ իրենք սխալ են, Եվրադատարանի վճիռները կառավարությանը մտածել կտան, որ իրենք սխալ են եղել եւ կվերանայեն իրենց մոտեցումները, այնպես որ, մենք Հայաստանին ոչ թե վատություն, այլ լավություն ենք անում»,- վստահ է հայրական տնից վտարված Գոհարը: Փոքրիկ Դանիելն արդեն 5 տարեկան է, դպրոց է գնում, սակայն բնակարանի դիմաց համարժեք փոխհատուցման հարցը դեռ չի լուծվել:

«Չենք կասկածում, որ Եվրադատարանն արդար վճիռ կկայացնի, բայց շատ դժվար է 5 տարի սպասել արդարության վերականգնմանը»,- ասում է Դանիելի հորաքույրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter