HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նա մարդկանց նկարում է առանց կոշիկների

Գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանի բոլորը կերպարները բոբիկ են: Ավետիսը սա բացատրեց այսպես. «Մարդն առանց կոշիկների ավելի մոտ է բնությանը, հետեւաբար` ավելի մոտ ինքն իրեն, իր էությանը: Դրա համար էլ նրանք բոբիկ են, պարզ ու բնական` մանկան նման»:

Գունային պարզ լուծումներով ու տոնային մեղմ անցումներով Ավետիս Խաչատրյանը կարողանում է ստեղծել բնավորություն, հաղորդել տրամադրություն: Ավիկի ոճը կարելի է համարել պոստմոդեռնիստական, թեեւ ինքը` նկարիչը, իրեն որեւէ ոճին չի դասակարգում: Ավիկի կտավների հիմնական թեման մարդու էությունն է, իսկ գերիշխող տրմադրության ընկալումը որոշում է հենց դիտողը` կախված իր իսկ տրամադրությունից: «Մարդը միատարր չէ. նա ունի բնավորության այնպիսի գծեր, մոտեցումներ, որ չի կարող ողջ ընթացքում մի տրամադրության մեջ լինել: Այդ պատճառով էլ նրա տխրության մեջ կա մի քիչ հումոր, ինչպես տխրություն` ուրախության մեջ: Այդպես էլ իմ ստեղծած կտավները բնավորության պարզ արտացոլում են»,- այսպես բնութագրեց իր կտավները նկարիչ Ավետիս Խաչատրյանը: Վերջին ցուցահանդեսի ժամանակ հանդիսատեսի միջոցով Ավիկը իր նկարներից շատերը նորովի բացահայտեց. «Ամեն մարդ նկարն ընկալում է հենց իր արտացոլանքի ու տրամադրության միջոցով: Մարդն իրեն է տեսնում նկարի մեջ: Մարդն է մտորումներիս կենտրոնը: Նրա մանուկ տեսակը: Ես ամեն ինչ չափում եմ մանկան հայացքով: Ինքս այդ տեսակին չեմ պատկանում, բայց երբեմն մանկանում եմ, փորձում նորովի նայել աշխարհին, ինչպես մանուկը, եւ չկորցնել պարզությունը»:

26_10-a_khachatryan-1

Ավետիսը Նկարիչների միության անդամ է: Նրա կտավներն իրենց հիմնական գնորդին գտնում են Վերնիսաժում: Ունենում է նաեւ պատվերներ: Նրա նկարներից շատերը գտնվում են աշխարի տարբեր երկրներում: Ունեցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում, Իտալիայում, իսկ ամռանը կազմակերպվեց Ավիկի առաջին անհատական ցուցահանդեսը Նկարիչների միության ցուցասրահում: «Ինձ համար շատ կարեւոր էր այդ ցուցահանդեսը, քանի որ երկար էի պատրաստվել, նաեւ բավականին մեծ գումար էի ներդրել: Եկան միայն իմ ծանոթները, ընկերները, բարեկամները, նոր մարդկանց գրեթե չտեսա: Սա, իհարկե, գալիս է նաեւ լուսաբանումից: Հեռուստատեսության մասին չեմ խոսում. այն գրեթե չի անդրադառնում մշակութային նորություններին, անդրադարձ եղավ միայն ռադիոյով, թերթերով: Մեզնից շատ քչերին է հետաքրքրում արվեստը լայն իմաստով»,- կարծում է նկարիչը:

26_10-a_khachatryan-2

Այսօր երիտասարդ նկարչի ամենակարեւոր խնդիրներից է ներկայանալը, հետեւաբար` ցուցասրահ գտնելը, հավուր պատշաճի ներկայացնելը: Իսկ անարձագանք մնալը մեծ հարված է նկարչին: «Ուզում ես որեւէ արձագանք լսել, զգալ, որ ինչ-որ մարդկանց հետաքրքիր է ու անհրաժեշտ քո արածը»,- ասում է Ավետիսը: Անտարբերությունից չի կոտրվում, ապրում է իր ստեղծած աշխարհում. «Ինձ էս անտարբերությունը, համատարած նույնությունը խեղդում են, սպառում, թեեւ ուզում եմ մտածել` կենցաղն ինձ կուլ չի տա, ու կշարունակեմ մանկան հայացքով նայել աշխարհին: Իմ թեմաներում շատ եմ անդրադառնում հեքիաթներին: Էս ամենն իմ կյանքն է, իմ հեքիաթն է: Հենց ինքը` ստեղծագործող մարդը, ողջ էությամբ լցված է եւ տխրությամբ, եւ ուրախությամբ, եւ հավատով»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter