Այցելություն Չեննայ (Մադրաս)
Հոկտեմբերի 20-ին Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ եւ Կալկաթայի Ս. Նազարեթ Մայր եկեղեցու վարչության ատենապետ Մայքլ Դաթի, անդամներ Սյուզան Ռուբենի եւ Սունիլ Սոբթիի մասնակցությամբ Կալկաթայից մեկօրյա ուղեւորություն կազմակերպվեց Մադրաս:
Ես եւս ընդգրկվեցի ուխտավորների ցանկում: Մեր թռիչքն առավոտյան էր, իսկ ետդարձը` երեկոյան: Մոտ 2-ժամյա թռիչքից հետո մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Չեննայի օդանավակայանում: Չեննայը Հնդկաստանի մեծ, բազմամարդ եւ գեղեցիկ քաղաքներից է: Պաշտոնական տվյալներով` բնակչության թիվը կազմում է 4 590 267: Ճանապարհի երկայնքով ձգվող պետական եւ հանրային շինությունները` իրենց ճարտարապետությամբ, կրում են Եվրոպայի դարավոր ազդեցությունը, իսկ նրանց կից կառուցված եւ կառուցվող ժամանակակից բազմահարկերը պատկերում են արագ տեմպերով հզորացող Հնդկաստանի ապագան: Զարմանալի է, որ տնտեսական եւ բիզնեսի առումով բավականին ներկայանալի Չեննայում այլեւս հայ չի ապրում: Այս քաղաքում ժամանակին` 17-18-րդ դարերում, հայ վաճառականների հարստության մասին առասպելներ են հյուսվել, որոնք իրենց կապիտալով մրցակցել են արեւմտյան պետությունների հետ: Օդանավակայանից անմիջապես ուղեւորվեցինք «Հայկական» անվանումը կրող փողոց` «Armenian Street», որտեղ գտնվում է Ս. Աստվածածին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին: Այստեղ 1712 թ. կառուցվել է Մադրասի առաջին հայ առաքելական եկեղեցին, սակայն 1746 թ.-ին անգլիացիները քանդել են այն: 1772 թ.-ին նշանավոր Շահամիր Շահամիրյանը նույն վայրում` ազգային գերեզմանատան տարածքում, կառուցում է Ս. Աստվածածինը: Սա է պատճառը, որ մուտքի արեւելյան ճակատին արված հիշատակության մեջ նշված են նախկին եւ ներկայիս թվականները: Պարսպապատ եւ բարձունքի վրա գտնվող եկեղեցին անմիջապես չի նկատվում: Եկեղեցու հարակից տարածքը եւ ընհդանրապես հայկական փողոցը զբաղեցրել են մանրավաճառները` դարձնելով այն չափազանց մարդաշատ եւ աղմկոտ:

Ս. Աստվածածինն ամբողջությամբ սպիտակածեփ է, ունի եռահարկ աշտարակ-զանգակատուն` 3 զույգ զանգակներով: Տաճարի ներսում` անմիջապես խորանի դիմաց, կա 12 գերեզմանաքար, գեղեցիկ է խաչկալը, մանավանդ Ս. Կույսի վերափոխման պատկերը եւ նրա աստիճանները զարդարող քսան տերունական պատկերները: Մեզ դիմավորող հնդիկ ընտանիքը ապրում է եկեղեցու տարածքում եւ պատասխանատու է վերջինիս ամենօրյա խնամքի համար: Հայր Խորենը կատարեց հանգստյան ժամերգություն: Այնուհետեւ վերոնշյալ ընտանիքի հայրը մեզ ուղեկցեց խորանին կից գտնվող սենյակը: Հայ Մադրասի ամբողջ պատմությունը կարծես ամփոփված էր այս մեկ սենյակում` հոգեւոր ծիսակատարությունների պարագաներ եւ սպասք, գրապահոցներ` բացառիկ գրականությամբ, հրատարակված հիմնականում Վենետիկում եւ Հնդկաստանում, սակայն գործածության համար չափազանց ցեցակեր: Այստեղ են պահվում նաեւ եկեղեցու հին տոմարները: Բակի մեծ դռան երկու կողմերում կան շենքեր, որոնց արտաքին կողմը վերածված է կրպակների, իսկ ներքին կողմը սենյակներ են, որտեղ ժամանակին դպրոց եւ ժողովատեղի է եղել, իսկ հետո այն վերածվել է պաշտոնյաների եւ հյուրերի համար բնակարանի: Այս շենքում է գտնվել նաեւ Շ. Շահամիրյանի, իսկ հետագայում նաեւ Հ. Շմավոնյանի տպարանը: Ցավոք, այսօր շենքը մեծամասամբ օտարված է: Փորձեցինք հնարավորինս զննել սենյակի պահոցները, սակայն ժամանակի սղության պատճառով ստիպված էինք դադարեցնել մեր փնտրտուքը: Մենք ունեինք մի քանի ժամ, իսկ առջեւում դեռ կար հոգեհանգստյան կարգ եւ եկեղեցական վարչության ժողով: 
1794 թ.-ի հոկտեմբերի 16-ը հայոց կյանքի համար կազմում է մի խոշոր դարագլուխ, որովհետեւ այդ նույն ժամանակ ծնունդ է առնում մի նշանավոր ձեռնարկություն, որը ժամանակի թանձր խավարի մեջ դարձավ մի լուսավոր աստղ: Այս օրը Մադրաս քաղաքում առաջին անգամ լույս է տեսնում «Ազդարար» ամսագիրը` հայ մամուլի առաջնեկը, որով սկիզբ է առնում մի նոր շրջան: Մինչ մի քանի անհատներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ընդհանուր խավարի եւ տգիտության դեմ, հայ եկեղեցու սպասավոր տեր Հարություն քահանա Շմավոնյանը հրապարակ է գալիս` հիմնելով իր «Ազդարար» ամսագիրը: Ս. Աստվածածնի բակում է ամփոփված նրա աճյունը: Վերջինիս հոգու խաղաղության համար Հայր Խորենը կատարեց հոգեհանգստի կարգ: Եկեղեցու բակում անցկացվեց եկեղեցական վարչության ժողովը, որտեղ քննարկվեցին հայ Մադրասի 300-ամյակի հետ կապված առաջիկա քայլերը եւ նախատեսվող տոնախմբությունների ծրագիրը: Կարեւորվեց մինչ հոբելյանական տարին` 2012 թ., վերոնշյալ օտարված շինության նկատմամբ հայ առաքելական եկեղեցու իրավունքների վերականգնումը, որը հետագայում նախատեսվում է դարձնել իջեւանատուն հայ ուխտավորների համար: Ժողովում` Հայր Սուրբի առաջարկությամբ եւ եկեղեցական վարչության հավանությամբ, որոշվեց մինչ հոբելյանական տարին հայ Մադրասի 300-ամյակի առթիվ պատրաստել եւ հրատարակել ամբողջական աշխատություն: Ժամանակը կարծես սլանում էր, եւ մենք ստիպված էինք ընտրություն կատարել Խոջա Ոսկանի կողմից կառուցված կամրջի եւ ուխտատեղի հանդիսացող Ս. Թովմասի բարձունքի միջեւ: Որոշեցինք այցելել երկուսն էլ: Այդար գետի վրա ձգվող Պետրոս Ոսկանի բազմակամար կամուրջը բավական երկար եւ լայնարձակ է: Այն կառուցվել է 1725 թ.-ին, կամրջի վրայով միաժամանակ չորս ավտոմեքենա է ընթանում: Պահպանված արձանագրությունը թեեւ եռալեզու է, սակայն հայերեն հատվածը, մոտ լինելով հողին, մեծամասամբ վնասված է: Կամուրջը հասարակական գործածության տեսակետից առ այսօր չափազանց կարեւոր է: Հաջորդ այցելությունը նախատեսված էր Ս. Թովմաս, սակայն պարզվեց, որ սրբատեղին ուխտավորների առաջ բաց է մինչ ժամը 17.00: Քանի որ Ս. Թովմասի հայկական ժառանգության ուսումնասիրության համար բավական ժամանակ էր անհրաժեշտ, ուստի որոշեցինք այն թողնել հաջորդ այցելությանը: Այս ուղեւորությամբ մեկնարկեց հայ Մադրասի 300-ամյակին նվիրված հանդիսությունների կազմակերպումը:
Հերմինե Ադամյան
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել