HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրախախտումների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել քվեարկությունից մեկ տարի անց

2008 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ 2008 թ. հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Օձուն եւ Տավուշի մարզի Բերդ համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է,

որ Օձուն համայնքի թիվ 32/2 եւ Բերդ համայնքի թիվ 41/2 եւ 41/4 ընտրական տեղամասերում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտմամբ` տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից աղավաղվել են քվեարկության արդյունքները: Այդ փաստով 2008 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել նաեւ Օձուն համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Տիտանյանը: Օրեր անց` հոկտեմբերի 29-ին, Գարեգին Ազարյանից եւ Արսեն Տիտանյանից ստացված հաղորդումը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` փաստերը ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար: 2008 թ. նոյեմբերի 10-ին, համապատասխան որոշում կայացնելու համար, Գլխավոր դատախազությունից Հատուկ քննչական ծառայություն են ուղարկվել նաեւ Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու Համայակ Ադամյանի հաղորդման հիման վրա ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերը: Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանը, քննարկելով Գարեգին Ազարյանի, Արսեն Տիտանյանի եւ Համայակ Ադամյանի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերը, 2009 թ. հունվարի 30-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժել է` «հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»:

Ինչպիսի խախտումներ են եղել

Հ. Ադամյանը փետրվարի 18-ին գրությամբ Հատուկ քննչական ծառայության պետից խնդրել էր քննությամբ պարզել` 1. Ընտրության օրը ընտրական իրավունք ունեցող եւ ժամանակավոր բնակության վայրից բացակայող քաղաքացիների փոխարեն այլ անձանց կողմից կատարվել է ընտրություն (մոտ 400 քաղաքացի): 2. Առանց անձնագրի ստուգման տրվել է քվեաթերթիկ: 3. Տեղամասում միաժամանակ 15 եւ ավելի քվեարկողներ են եղել եւ այլն: Բացի այդ, Համայակ Ադամյանը տեղեկացրել էր, որ առավել մեծ եւ ակնառու խախտումներ են եղել թիվ 41/02 եւ 41/04 ընտրատեղամասերում` հատկապես ժամը 20-ից հետո: Մասնավորապես, 2008 թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, երբ հայտնի են եղել քվեարկության նախնական արդյունքները, քվեաթերթիկները հաշվելու արդյունքում պարզված թիվը (Հ. Ադամյան` 417 ձայն, Ա. Մելիքյան` 114, Ա. Շառյան` 419, անվավեր` 23 քվեաթերթիկ) հեռախոսով հայտնվել է նախընտրական շտաբ: Թիվ 41/02 տեղամասում հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ ժամը 22.00-ի սահմաններում բացվել են տեղամասի դռները եւ տեղամաս են մտել քաղաքացիներ, որոնք իրավունք չունեին ներկա գտնվել ընտրատեղամասում: Արդյունքում` խեղաթյուրվել են ընտրության արդյունքները: Հ. Ադամյանի վստահված անձ Հ. Մաթեւոսյանը ընտրատարածքի հանձնաժողովի նախագահի դեմ անարդյունավետ պայքարից հետո ահազանգել է նախընտրական շտաբ: Համայակ Ադամյանը հեռախոսով իրավիճակի մասին հայտնել է Տավուշի ոստիկանության բաժին եւ թիվ 41 ԸԸՀ-ին: Արդյունքում լրացուցիչ ոստիկանական խումբ է ժամանել թիվ 41/02 տեղամաս: Ժամը 23.00-ի սահմաններում կրկնակի ահազանգ է ստացվել նախընտրական շտաբ, որից հետո Հ. Ադամյանը ստիպված ներկայացել է թիվ 41/02 տեղամաս եւ նախագահից պահանջել վերականգնել հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Պահանջը մերժվել է: Քիչ անց, մոտ 20 քաղաքացիների ուղեկցությամբ, տեղամաս է մտել նաեւ Ա. Շառյանը (գործող քաղաքապետն է-հեղ.) եւ սկսել խանգարել հանձնաձողովի առանց այն էլ խախտված աշխատանքները: Այդ տեղամասում միաժամանակ ներկա են եղել Անդրանիկ Շառյանի վստահված 3 անձինք ( Հ. Նավասարդյան, Ա. Մակյան, Վ. Ծատուրյան), սակայն ընտրատեղամասի գրանցամատյանում այդ մասին գրանցում ընդհանրապես չի եղել, որով էլ խախտվել են Ընտրական օրենսգրքի դրույթները: Իսկ թիվ 41/04 տեղամասում, ժամը 22.00-ից հետո կանխամտածված խառնաշփոթ է ստեղծվել հանձնաժողովի որոշ անդամների կողմից: Ժամը 24.00-ից հետո խմբով եւ նույն սցենարով 41/04 ընտրատեղամաս է մտել Ա. Շառյանը եւ անհիմն ցուցումներ տվել հանձնաժողովի անդամներին: Հ. Ադամյանի պահանջով թիվ 41 ԸԸՀ-ում կատարվել է վերահաշվարկ, որի արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես, թիվ 41/02 տեղամասում անճշտությունների թիվը մինչեւ վերահաշվարկը եղել է 0, իսկ վերահաշվարկից հետո` 9-ը: Վավեր 24 քվեաթերթիկները հայտնվել են անվավեր քվեաթերթիկների հետ: Անվավեր քվեաթերթիկների վրա կատարված ավելորդ գրառումները կատարվել են նույն ոճով, նույն գրիչով եւ նույն անձի կողմից, որոնց 70-80%-ը Հ. Ադամյանի օգտին է քվեարկված եղել: Ժամը 22.00-ին անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 23, իսկ 00.30-ին` 95: Թիվ 41/04 տեղամասում անճշտությունների թիվը մինչեւ վերահաշվարկը եղել է 0, վերահաշվարկից հետո` 20: Ա. Մելիքյանի օգտին քվեարկված 45 քվեաթերթիկ գտնվել է Ա. Շառյանի ծրարում: Անվավեր քվեաթերթիկների վրայի ավելորդ գրառումները Հ. Ադամյանին թույլ են տվել եզրակացնելու, որ այն կատարվել է նույնպես մեկ անձի կողմից, նույն ոճով, նույն գրիչով` ժամը 22.00-ից հետո: Ըստ Համայակ Ադամյանի` դատարանին հղած դիմումի` թիվ 41 ԸԸՀ-ի հայտնաբերած խախտումների վերաբերյալ չի հայտնվել համապատասխան իրավասու մարմիններին: Բացի այդ, տեղամասային հանձնաժողովների արձանագրությունները միայն 6 ժամ հետո են հայտնվել թիվ 41 ԸԸՀ-ում` քաղաք Իջեւան: Մինչդեռ, Բերդ-Իջեւան ճանապարհահատվածը կազմում է 60կմ: 2009 թ. փետրվարի 18-ի դրությամբ քննիչը ոչ միայն չէր քննել նշված խախտումները, այլեւ նյութերով որոշում չէր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նույն օրվա դիմումով Հ. Ադամյանը խնդրել է Հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարել քննիչին, որպեսզի նա հարցաքննի թիվ 41/02 եւ 41/04 հանձնաժողովների նախագահներին, վստահված անձանց, համայնքապետի թեկնածուներին, դիտորդներին, ոստիկանության աշխատակիցներին, թիվ 41 ԸԸՀ աշխատակիցներին, Գարեգին Ազարյանին եւ Աբրամ Բախչագուլյանին, որոնք ներկա են գտնվել վերահաշվարկին: Միաժամանակ խնդրել է թիվ 41 ԸԸՀ-ից առգրավել Բերդ քաղաքի ընտրողների ցուցակները, թիվ 41/02 եւ 41/04 տեղամասերի ընտրական փաստաթղթերը եւ անվավեր քվեաթերթիկների վերաբերյալ նշանակել համապատասխան փորձաքննություն` պարզելու, թե ում կողմից են կատարվել ավելորդ գրառումները, ինչպես նաեւ առգրավել տեսաերիզը Բերդի «Բերդ» հեռուստաընկերությունից: Այդ ժամանակ է պարզվել, որ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանը, անտեսելով վերոգրյալը, ետին ամսաթվով որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որի վերաբերյալ Հ. Ադամյանին հայտնել է փետրվարի 23-ին: Քննիչն իր պատասխան գրության մեջ նշել է, որ Հ. Ադամյանի դիմումում նշված հարցերի շուրջ մանրակրկիտ քննություն է կատարվել, եւ հունվարի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որի մասին հայտնում է, այնինչ` Հ. Ադամյանը որեւէ գրություն քննիչից չի ստացել: Մարտի 4-ին Համայակ Ադամյանը կրկին դիմել է Հատուկ քննչական ծառայության պետին, Գլխավոր դատախազին` խնդրելով նյութերը նախապատրաստող քննիչին թերի քննություն եւ կեղծիքներ կատարելու համար պատժել: Ինչպես նաեւ` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնել ու քրեական գործ հարուցելուց հետո հանձնարարել նշված խախտումների շուրջ լիարժեք, օբյեկտիվ քննություն կատարել: Սակայն, Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի 19.03.09 թ. եւ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Նադոյանի 16.03.09 թ. գրություններով Համայակ Ադամյանին տեղեկացրել են, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան: Իսկ քննիչի կողմից ետին ամսաթվով որոշում կայացնելու եւ Հ. Ադամյանին չտեղեկացնելու մասին կեղծ գրություն նյութերում դնելու մասին ինչպես Ա. Միրզոյանը, այնպես էլ Ա. Նադոյանը ոչինչ չեն նշել: «Հայտնում եմ, որ քննիչի` ձեր կողմից բողոքարկվող վերոհիշյալ որոշումն օրինական է, հիմնավորված, եւ այն վերացնելու հիմքեր չկան»,- նշված է Ա. Նադոյանի գրության մեջ: Համայակ Ադամյանը բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (դատավոր Գ. Ավետիսյան) եւ խնդրել վերացնել Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի հունվարի 30-ի որոշումը: Դատարանը 03.06.2009 թ. որոշումով մերժել է Հ. Ադամյանի բողոքը: Դատարանը հանգել է հետեւության, որ թիվ 41 ընտրատարածքային հանձնաժողովը նշանակել է կրկնակի քվեարկություն, իսկ նախորդ քվեարկության ժամանակ թույլ տրված իրավախախտումների փաստերը քննարկվել են ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի կողմից, եւ որեւէ մեկի դիտավորյալ գործողությունների կատարման հանգամանքը նախապատրաստված նյութերով չի հիմնավորվել: Դատարանը հաստատված է համարել նաեւ, որ «Վերահաշվարկից հետո թեկնածուների օգտին քվեարկած քվեների քանակը փոփոխվելը, ըստ նյութերի, կապված չի եղել որեւէ մեկի դիտավորյալ գործողության հետ»: Դատարանը ապացուցված չի համարել Հ. Ադամյանի ներկայացրած շատ փաստեր եւս: Այս որոշման դեմ Հ. Ադամյանը հունիսի 10-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել: Վերաքննիչ դատարանը` Ժ. Հովսեփյանի նախագահությամբ, հաստատել է, որ նախաքննական մարմինը հարկ չի համարել փորձաքննություն նշանակել` պարզելու համար, թե առանձին անվավեր քվեաթերթիկների վրայի ավելորդ գրառումները կատարվել են նույն գրելու գործիքո՞վ, թե՞ տարբեր: Բացի այդ, քննիչը ընտրությունների հետ առնչվող ոչ բոլոր անձանցից է բացատրություն վերցրել: Ըստ Վերաքննիչ դատարանի` հանցակազմի բացակայության պատճառով նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելով` նախաքննական մարմինը չի նշել, թե կոնկրետ ո՞ր անձի գործողություններում է հանցակազմը բացակայում: Վերաքննիչ դատարանի հավաստմամբ` Ընդհանուր իրավասության դատարանը նախաքննության մարմնի կողմից նախապատրաստված նյութերը բազմակողմանիորեն ստուգելու, բացատրություններ տված անձանց հայտնած տեղեկությունների միջեւ եղած հակասություննները պարզաբանելու, արդյունքներով համապատասխան եզրահանգման գալու փոխարեն, դիմողի պահանջը մերժել է` պատճառաբանելով, թե Հ. Ադամյանի իրավունքները չեն խախտվել, քանի որ վերաքվեարկություն է կազմակերպվել, քվեարկության ժամանակ թույլ տրված իրավախախտումների փաստերը քննարկվել են Հատուկ քննչական ծառայության կողմից եւ դիտավորության հանգամանք չի հայտնաբերվել: Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 23-ին որոշում է կայացրել, որով բավարարել է Համայակ Ադամյանի վերաքննիչ բողոքը եւ բեկանել է Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 3-ի որոշումը: Ինչպես նաեւ` վերացրել է հանցակազմի բացակայության պատճառով, նյութերի քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի 30.01.09 թ. որոշումը: Հատուկ քննչական ծառայությունից «Հետքին» տեղեկացրին, որ 2009 թ. օգոստոսի 15-ին Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով (Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը) հարուցվել է քրեական գործ: Գործը վարում է քննիչ Արշակ Վարդանյանը, նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter