HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

3 պատգամավորներն ընդդեմ «ՀԺ»-ի. ներպետական դատարաններն արհամարհում են միջազգային կոնվենցիաները

«Հայկական ժամանակ» օրաթերթը, դիմելով Վճռաբեկ դատարան, փորձում էր Հայաստանի դատական ատյաններում վերջին անգամ արդարադատություն գտնել, հակառակ դեպքում ստիպված էր լինելու թակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դուռը: Օրաթերթի հիմնադիրները քաջ գիտակցում էին, որ Հայաստանի դատական համակարգում ընդդիմադիր թերթի կողմից արդարադատություն որոնելը երազանքի պես մի բան է, ուստի այլ բան չէր մնում, քան սպառել ներպետական ատյաններն ու հայց ներկայացնել ՄԻԵԴ:

Հոռետեսական տրամադրության համար պարարտ հող էին ստեղծում նաև ներպետական դատական ատյանները, որոնք խտրական մոտեցում են ցուցաբերել ոչ միայն ներպետական օրենքները կիրառելու ժամանակ, այլև միջազգային պայմանագրերի դրույթները մեջբերելիս: ՄԻԵԴ դիմելու կանխատեսումներն ավելի շուտ իրականացան, քան սպասում էին շատերը: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը՝ ընդդեմ վերաքննիչ դատարանի որոշման:

Օրաթերթի հիմնադիր «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ բողոք էր ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման: Մինչ այդ վերաքննիչ բողոք էր ներկայացվել նաև վերաքննիչ քաղաքացիական դատարան, և վերջինը սույն թվականի հունիսի 6-ին ուժի մեջ էր թողել առաջին ատյանի վճիռը, ըստ որի՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից հօգուտ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի բռնագանձել 2.044.000-ական դրամ, որից 2 մլն-ը որպես փոխհատուցման գումար, 44.000 դրամը՝ վճարված պետական տուրքի գումար:

Ինչպես նաև դատարանը պարտավորեցրել է ՍՊԸ-ին հերքել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են» խորագրով հոդվածում հայցվորներ Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող) տեղեկությունները:

Ազատ խո՞սք, թե՞ ինքնագրաքննություն.

ԱԺ պատգամավորներ Լևոն Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը 2010թ. նոյեմբերի 8-ին ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հայց էին ներկայացրել դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին:

Պատգամավորների «պատիվն ու արժանապատվությունը» վիրավորվել էր 2010թ. հոկտեմբերի 14-ին օրաթերթում տպագրված «Ութից յոթը ցուցակում են» վերտառությամբ լուրից հետո: «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով ՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում' հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ:

«ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն: Մեր տեղեկություններով, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել: Սակայն, ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են, որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են»,- գրել է թերթը:

Հղում անելով իր աղբյուրներին՝ «Հայկական ժամանակը» գրել էր մի շարք պաշտոնյաների անուններ, այդ թվում վերը նշված երեք պատգամավորներինը, որոնց անունները այս կամ այն կերպ շոշափվում են տարբեր քրեական գործերում:

Հրապարակումից օրեր անց՝ հոկտեմբերի 26-ին, գրությամբ հայցվորները պահանջել են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները՝ կից ներկայացնելով հերքման տեքստ, թե հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ներկայացված են՝ առանց հավաստիությունը ստուգելու:

«ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը գրությամբ պատասխանել է պատգամավորներին՝ հայտնելով, որ վերջիններս հերքման պահանջում չեն նշել, թե որոնք են օրաթերթի առաջին էջում զետեղված «Ութից յոթը ցուցակում են» հրապարակման մեջ իրենց անձերի հետ կապված փաստացի անճշտությունները: Այնուհետև տեղեկացրել է, որ խնդրո առարկա հրապարակման մեջ հիշատակված փաստերը հաստատել է Մոսկվայում գործող «Միաբանություն» ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը, ում ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները իրենք են տեղեկացրել վիճարկվող հրապարակման մեջ առկա փաստերի գոյության մասին և Կարախանյանի հետ զրուցել են՝ հայաստանցի մի շարք անձանց գործունեության մասին ավելի ամբողջական կարծիք կազմելու համար: Բացի դրանից՝ Կարախանյանն անձամբ է ծանոթացել այն անձանց ցուցակին, որում առկա են նաև հոդվածը վիճարկող երեք պատգամավորի անունները:

Այնուհետև թերթն իր 2010թ. նոյեմբերի 2-ի համարում հրապարակել է «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ հարցազրույցը, որով նա ևս մեկ անգամ հաստատել է տարբեր քրեական գործերին Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի և Ռուբեն Հայրապետյանի առնչության վերաբերյալ տեղեկությունը:

Դրանից հետո պատգամավորները որևէ ձևով չեն պատասխանել թերթի խմբագրությանը և նոյեմբերի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են ներկայացրել հայցադիմում, որն ընդունվել է վարույթ:

Թերթի տնօրենը դեկտեմբերի 12-ին հայտնել է դատարանին, որ սույն քաղաքացիական գործով պատասխանողի ներկայացուցիչ է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն այդ ընթացքում անսպասելիորեն տեղափոխվել էր «Արթիկ» ՔԿՀ, ու նրա հետ կապ հաստատել հնարավոր չէր, և խնդրել էր նրա հետ պահպանել պատասխանողին ուղղվելիք նամակագրության համար կապը: Սակայն դատարանը գործով պատասխանող Նիկոլ Փաշինյանին երբևէ նամակագրություն չի ուղղել:

Դատական գործընթացը մեկնարկել է սույն թվականի հունվարի 17-ին: Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն այդ օրը խնդրել է դատարանին իրեն տրամադրել երկշաբաթյա ժամկետ՝ նյութերին ծանոթանալու համար, քանի որ գործին ներգրավվել է հենց դատաքննության օրը: Բացի դրանից՝ միջնորդել էր տրամադրել հայցադիմումի հետ չուղարկված քաղաքացիական գործի նյութերի պատճենները:

Միջնորդությունը բավարարվել էր, ինչպես նաև գործի նյութերին ծանոթանալու համար տվել էր ընդամենը 7 օր ժամանակ՝ կիսով չափ պակաս փաստաբանի պահանջածից, ինչը բավարար լինել չէր կարող նյութերին լիարժեք ծանոթանալու և դատական հաջորդ նիստին պատրաստվելու համար:

Վահե Գրիգորյանը հայցադիմումին կից չուղարկված նյութերի պատճեններն անձամբ ստանալու խնդրանքով դիմել էր դատավորի օգնականին: Վերջինս տեղեկացրել էր, որ դրանց համար պետք է պետական տուրք վճարվի:

ՌԴ դատախազության պատասխանի պատճենը չի եղել հայցադիմումին կից փաստաթուղթ, և դրա համար չէր կարող գանձվել պետական տուրք, ուստի դատարանի այդ պահանջն ապօրինի է եղել: Բացի դրանից՝ պահանջվող փաստաթղթերի ծավալը չի գերազանցել 10 էջը. հետևաբար, քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, դրանք պետք է տրամադրվեին կողմին, այլ ոչ դեպոնացվեին դատարանում, հետագայում էլ պետական տուրքի պահանջ ներկայացվեր պատասխանողին դրանք ստանալու համար:

Եթե նույնիսկ անտեսենք քաղաքացիական դատավարության վերը նշված պահանջը, ապա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 10 էջից բաղկացած տեղեկատվությունը տրվում է անվճար, իսկ կողմին օրենքի պահանջով տրվելիք փաստաթուղթը չէր գերազանցում 10 էջը: Փաստորեն, դատարանը, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը, հենց ինքն է խախտել դրանք:

Մի կողմ թողնելով նշված փաստերը՝ այնուհանդերձ, պետտուրքը վճարվել է, և անդորրագիրը դատարան ներկայացնելուց հետո էլ ողջ դատաքննության ընթացքում նյութերը կողմին չեն տրամադրվել: Պարզ է, որ դատարանը հակված չի եղել ղեկավարվել օրենքով վերապահված լիազորություններով և ապահովել կողմերի հավասարաությունը. հետևաբար, արհեստական խոչընդոտներ է ստեղծել, որպեսզի պատասխանող կողմը զրկված լինի դրանց ծանոթանալու և լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից:

Ավելին, դատարանը քաղաքացիական գործում դրել է մի գրություն, համաձայն որի՝ փաստաբանի պահանջած փաստաթղթերն ուղարկվել են նրան: Ըստ փաստաբանի՝ այդ գրությունն ակնհայտորեն կազմված է եղել դատարանի արած խախտումները քողարկելու նպատակով և, ամենայն հավանականությամբ, կազմվել է հետին թվով: Ոչ փաստաբանին, ոչ էլ պատասխանողին երբևէ նրանց պահանջած տեղեկությունները չեն տրամադրվել:

Դատարանը բավարարել էր պատգամավորների հայցը, իսկ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան:

Միայն վերաքննիչ դատարանում է պատասխանողը հնարավորություն ունեցել ծանոթանալ գործի նյութերին՝ պարտադրված լինելով երկրորդ անգամ վճարել ապօրինաբար պահանջված պետական տուրքը: Գործի նյութերին ծանոթանալուց հետո ավելի հասկանալի է եղել դատարանի կողմնակալ վերաբերմունքը՝ հօգուտ հայցվոր պատգամավորների:

Պատասխանողի ներկայացուցիչը նկատել էր գործում՝ թիվ 96 համարի էջում գտնվող դատարանի նամակը պատասխանողին, որով իբր ուղարկվում են պատասխանողի ներկայացուցչի պահանջած նյութերը: Հայտնաբերված գրությունը և դրան կից նյութերն առհասարակ չեն ուղարկվել պատասխանողին, քանի որ քաղաքացիական գործից բացակայում է ոչ միայն պատասխանողի կողմից նման գրություն և կից նյութեր ստացած լինելու, այլև առհասարակ դրանք պատասխանողին ուղարկված լինելու մասին որևէ ապացույց: Այն եղել է ակնհայտորեն կեղծ փաստաթուղթ, որով դատարանը նպատակ է ունեցել «իրեղեն» ապացույցով քողարկել կողմերի հավասարության սկզբունքի խախտումը՝ ի վնաս պատասխանողի:

Արդեն վերաքննիչ դատարանը պատասխանողի նշած փաստարկների առնչությամբ տվել է անհասկանալի ու խուսափողական պատճառաբանություն՝ կոնկրետ չանդրադառնալով, թե ինչու է կողմը ապօրինաբար զրկված եղել նյութերին ծանոթանալու հնարավորությունից. «Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացել է դատաքննության և միջնորդել հետաձգել դատական նիստը' թույլատրելով ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին: Միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, ինչն ապացուցում է, որ դատարանը սույն դատավարության ընթացքում ապահովել է կողմերի համար հավասար մրցակցային պայմաններ' հնարավորություն ընձեռելով պատասխանողին ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին»:

Բացի դրանից՝ կողմերի հավասարության մասին խոսք լինել չի կարող, քանի որ պատասխանողի ներկայացուցիչը մի քանի անգամ միջնորդել է դատարան հրավիրել «ՀԺ» գլխավոր խմբագիր, գործով պատասխանող Նիկոլ Փաշինյանին, քանի որ ի պաշտոնե հենց նա է տիրապետել թերթում տպագրված և դատարանում վիճարկվող հոդվածի նրբություններին և մանրամասներին: Պատասխանողի ներկայացուցչի նմանատիպ բոլոր միջնորդությունները դատարանը մերժել է:

Ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ վերաքննիչ դատարանը չի առաջնորդվել անկախության և անաչառության սկզբունքով: Ավելին, վերաքննիչ դատարանն իր պատճառաբանություններով սրբագրել է առաջին ատյանի բաց թողածները և չպատճառաբանված եզրահանգումներ արել: Օրինակ՝ այդ պատճառաբանություններից մեկով դատարանն արձանագրել է. «Հիշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պատասխանողը կարող էր ազատվել պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե հոդվածում հստակ հղում կատարված լիներ այլ անձի հրապարակային ելույթին, որը տեղի է ունեցել մինչև հրապարակումը և որ այդ հրապարակումը լիներ այլ անձի հրապարակային ելույթի բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը: Պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որ մինչև իր կողմից հոդվածի հրապարակումը Սմբատ Կարախանյանը հրապարակային ելույթ է ունեցել նման բովանդակությամբ»:

Անհիմն է դատարանի պնդումը այն դեպքում, երբ մինչև դատաքննության սկսվելը «Հայկական ժամանակ» օրաթերթում վիճարկվող հոդվածին վերաբերող մի քանի հրապարակում է եղել, որով ամբողջությամբ հիմնավորվել է վիճարկվող լրատվական նյութը Սմբատ Կարախանյանի կողմից հրապարակայնորեն հայտարարված լինելու փաստը: Բացի դրանից՝ հոդվածում հստակ չի նշվել, որ նշված պետական այրերն անմիջականորեն մասնակցել են քրեական գործերին:

Հայաստանյան դատարաններն անտեսում են Եվրադատարանի նախադեպային վճիռները, որոնք կարող են լուրջ դերակատարում ունենալ օրենքների միատեսակ կիրառության համար: Օրինակ՝ «Ջերշիլդն ընդդեմ Դանիայի» գործը շրջադարձային կարող էր լինել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գործում:

Դանիացի լրագրողը հեռուստածրագրի ժամանակ հարցազրույց է վերցրել «Կանաչ բաճկոնավորներ» (Greenjackets) ռասիստական կազմակերպության 3 երիտասարդից՝ նպատակ ունենալով ցույց տալ ռասիզմի նկատմամբ կանաչ բաճկոնավորների վերաբերմունքը և հասարակության մեջ նրանց գործունեության նախապատմությունը: Դանիայի քաղաքային դատարանը, մեղադրելով լրագրողին ռասայական ատելությանը սատարելու և խրախուսելու մեջ, որոշել է, որ նա նախօրոք քաջատեղյակ էր, որ հարցազրույցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհնչեն ռասայական խտրականության բնույթի հայտարարություններ:

Հայտարարությունները հեռարձակվել են առանց որևէ հակակշռող փաստերի, որոնք ձայնագրությունից հետո լրագրողը կրճատել է' թողնելով միայն առավել ծայրահեղական հայտարարությունները:

Եվրադատարանն ամրագրել է, որ մամուլը ոչ միայն նման տեղեկություններ և գաղափարներ հաղորդելու խնդիր ունի, այլև մյուս կողմից էլ հասարակությունն իրավուք ունի ստանալու դրանք, այլապես մամուլը կկորցնի «հանրային հսկիչի» իր կենսական դերը: Նաև ամրագրել է, որ ոչ Եվրադատարանի, ոչ էլ ազգային դատարանների խնդիրը չէ պարտադրել իրենց սեփական կարծիքը, թե լրագրողները հաղորդման ինչպիսի մեթոդներ պետք է որդեգրեն:

Այս համատեքստում դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն արտահայտած գաղափարի և տեղեկատվության իսկությունը, այլև այն հաղորդելու ձևը: «Հարցազրույցների վրա հիմնված լրատվական ծրագրերը, անկախ նրանից' խմբագրված են, թե ոչ, հանդիսանում են ամենակարևոր միջոցները, որոնցով մամուլը կարող է իրականացնել հասարակության «հսկիչի» իր կենսական դերը: Հարցազրույցի ընթացքում ուրիշի կողմից արված հայտարարությունների տարածմանն աջակցող լրագրողին պատժելը լրջորեն կխոչընդոտի հանրային շահին առնչվող հարցերի քննարկմանը՝ մամուլի ունեցած նպաստին, և նման պատիժ չպետք է նախատեսվի, եթե չկան դրա համար առանձնապես հիմնավոր պատճառներ»,-եզրակացրել է դատարանը:

Այս նախադեպային վճիռը լիովին կարող էր կիրառվել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գործով, մինչդեռ թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարաններն անտեսել են այն: Բողոքը վերադարձնելով՝ միջազգային կոնվենցիաներն արհամարհելու դիրք գրավեց նաև Վճռաբեկ դատարանը: Այսպիսով, ՀՀ դատական իշխանությունն, ի լուր միջազգային հանրության, ապացուցում է, որ իր համար գերակա են ոչ թե միջազգային պարտավորությունների կատարումը և օրենքների միատեսակ կիրառումով արդարադատության իրականացումը, այլ կամայական մոտեցում դրսևորելով՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար անպատժելիության «իմունիտետ» ապահովելը:

Նշենք, որ պատասխանողը վճռաբեկ բողոքով պահանջում էր ամբողջությամբ բեկանել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2011թ.-ի որոշումը և քաղաքացիական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Ո՞ւմ համար են վավերացվում միաջազգային կոնվենցիաները, եթե դրանք չպետք է կիրառվեն

Հայաստանի Հանրապետությունը, հռչակվելով ինքնիշխան, ժողովրդավարական պետություն, մաս է կազմում միջազգային հանրությանը և վավերացնելով միջազգային պաստաթղթեր՝ պարտավոր է դրանք լիարժեք կիրառել:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։ Օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո: Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո: Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը...»:

Չգիտես ինչու հատկապես դատարաններում դատավորները խորշում են կիրառել միջազգային հանրության ընդունած և Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերի դրույթները: Հայ դատավորներն իրենց համար գծել են նեղ շրջանակ, որում տեղավորվում է միայն ներպետական օրենսդրությունը, այն էլ՝ ոչ հավասարության սկզբունքով:

Եթե արդարադատության համար կոչված դատավորները կիրառեն ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռների և վավերացված պայմանագրերի դրույթները, ապա շատ գործեր կլուծվեն հենց հանրապետության սահմաններում՝ ներպետական օրենքների շրջանակում:

Այսպես, 2002թ. ապրիլի 26-ին ՀՀ-ն վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, որի 10-րդ հոդվածն ամրագրում է.

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը' առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին' սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում' ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Մինչդեռ, ակնհայտ է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրար հետևից պաշտոնյաների կողմից լրատվամիջոցներին դատի տալն ու դատարանների կողմից հայցերն անվերապահորեն բավարարելը ամենևին անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությանը: Այն հետապնդում է մեկ նպատակ. ֆինանսական ծանր կացության մեջ գցելով՝ լռեցնել լրատվամիջոցներին, այդ թվում նաև «Հայկական ժամանակին»:

Դա է վկայում, որ այս գործով հայցվորներից որևէ մեկն առ այսօր որևէ իրավական գործընթաց չի սկսել Սմբատ Կարախանյանի դեմ, ինչը ապացույցն է այն բանի, որ հայցվոր պատգամավորների կողմից պատասխանողի վրա սևեռվելը ուղղված է եղել հենց լրատվամիջոցին ծանր վիճակի մեջ դնելուն:

Հայաստանի դատավորները հաշվի չեն առնում նաև, թե պատվի ու արժանապատվության հայցերով ովքեր են հայցվորները: Այս առնչությամբ ՄԻԵԴ-ը «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» գործում հետևողականորեն պնդել է, որ ընդունելի քննադատության սահմանները շատ ավելի լայն են քաղաքական գործչի դեպքում, քան մասնավոր անձի: Նույն համատեքստում քաղաքական գործիչն անխուսափելիորեն և գիտակցաբար բաց է իր յուրաքանչյուր խոսքի և արարքի մանրակրկիտ քննարկման առջև ինչպես լրագրողների, այնպես էլ լայն հանրության կողմից. հետևաբար, պետք է դրսևորի հանդուրժողականության առավել բարձր աստիճան: Ի տարբերություն մասնավոր անձանց՝ քաղաքական գործիչն ունի հրապարակային ելույթների և լրատվամիջոցների հետ այլ կերպ հաղորդակցվելու հնարավորություն և այս պարագայում պետք է հնարավորինս քիչ ապավինի լրատվամիջոցներին լռեցնելու այնպիսի խիստ միջոցի, ինչպիսին դատական ատյաններին դիմելն է:

Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռները հիմք ընդունելու և հայցվոր քաղաքական գործիչներին վերը նշված համատեքստում դիտարկելու փոխարեն, ապշեցուցիչ եզրահանգում է արել՝ շեշտելով, որ հայցվորները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ են: «Դատարանը հայցապահանջը բավարարելիս հաշվի է առել սույն գործի առանձնահատկությունները, մասնավորապես՝ հայցվորների անձը և զրպարտության հնարավոր ազդեցությունը հայցվորների պատվի, այսինքն' հասարակության կողմից նրանց անձին, գործունեությանը տրվող գնահատականի վրա»,- գրված է վերաքննիչ դատարանի վճռում:

Ստացվում է, որ դատարանը կաշկանդված է հենց այն հանգամանքով, որ հայցվորները պատգամավորներ են, և նրանց հայցն անվերապահորեն պետք է բավարարվի: Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:

Միավորված ազգերի կազմակերպության անդամ դառնալիս Հայաստանը միացել է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և վավերացրել «Քաղաքացական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, որի 19-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր անձի խոսքի ազատության իրավունքը:

«Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով էլ ՄԻԵԴ-ը կարևորում է, որ խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության լրջագույն հիմքերից է, նրա առաջընթացի և յուրաքանչյուր մարդու զարգացման նախապայմանը: ... Այն տարածվում է ոչ միայն այնպիսի «տեղեկությունների կամ գաղափարների» վրա, որոնք դրականորեն են ընդունվում կամ վիրավորական չեն, այլև այնպիսիների, որոնք վիրավորական են, ցնցող կամ անհանգստացնող պետության կամ հասարակության որևէ հատվածի համար: Այդպիսին է բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը՝ առանց որի չի կարող լինել «ժողովրդավարական հասարակություն»:

Ներպետական դատարանները, այս գործով հայցի փոխհատուցման պահանջը բավարարելով, խախտել են նաև Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված ազատության կամ իրավունքի սահմանափակմանն առաջադրվող համաչափության պահանջը: Համաչափության սկզբունքը հոդվածում արտացոլված չէ, սակայն ՄԻԵԴ-ն այն լայնորեն կիրառել է իր՝ արտահայտվելու ազատությանը վերաբերող վճիռներում:

ՄԻԵԴ նախադեպային իրավունքը կասկած չի հարուցում, որ հայցվորների պահանջած և դատարանի բավարարած գումարը, որը ընդհանուր առմամբ կազմում է 6.000.000 միլիոն դրամ, որևէ կերպ չի տեղավորվում համաչափության սկզբունքի շրջանակներում, քանի որ այն ակնհայտորեն և մի քանի անգամ գերազանցում է պատասխանող կազմակերպության կողմից ստացվող ամսական եկամուտների չափը և չափազանց ծանր բեռ է պատասխանողի համար, ինչը կարող է վտանգել ոչ միայն դրա հետագա գործունեությունը, այլև «սառեցնող ազդեցություն» ունենալ ողջ մամուլի վրա:

ՄԻԵԴ-ը նման դեպքերում պահանջում է, որ պահանջվող փոխհատուցման չափը որոշելիս ներպետական դատարանները հաշվի առնեն այն անձանց սահմանափակ միջոցները, որոնց դեմ բերվում են զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերը («Ռոմանենկոն ընդդեմ Ռուսաստանի»):

Այս համատեքստում «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պնդում է, որ 6.000.000 դրամը գերազանցում է իր 3.5 ամսվա շահույթը, որն ամսեկան կազմում է մոտ 1.800.000 դրամ: Հետևաբար, հօգուտ հայցվորների բավարարելով պատասխանողի նկատմամբ մեծ գումարով փոխհատուցման պահանջը՝ դատարանը պատասխանողի վրա կդնի անհամաչափ ծանր բեռ, որը փաստորեն կվտանգի պատասխանողի գործունեության շարունակվելն առհասարակ:

Օրինակ՝ նմանատիպ մի գործով՝ «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» (Lingens v. Austria 1986թ.), ՄԻԵԴ-ը համարել էր, որ տուգանքի նշանակումը անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակության մեջ և հանգեցրել է արտահայտվելու ազատության իրավունքի խախտմանը:

ՄԻԵԴ դիմումատուն լրագրող և խմբագիր է եղել, որը հրապարակել է երկու հոդված, որով քննարկել է ավստրիացիների մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված չարագործություններին: Այս հոդվածները տպագրվել են խորհրդարանական ընտրություններից հետո, և ենթադրվում էր, որ պաշտոնից հեռացող Ավստրիայի կանցլերը պետք է կոալիցիա կազմեր պարոն Պ.-ի կուսակցության հետ, որպեսզի մնար իշխանության մեջ: Այնուամենայնիվ, ընտրություններից հետո, կապված պարոն Պ.-ի նացիստական անցյալի հետ, նրա ղեկավարած կուսակցության վերաբերյալ կատարվեցին որոշ բացահայտումներ: Կանցլերը պաշտպանել է Պարոն Պ.-ին և նախահարձակ եղել նրան պարսավողի նկատմամբ, որի գործողությունները նա բնութագրել էր որպես «մաֆիայի մեթոդներ»:

Դիմումատուն իր հոդվածներով խստորեն քննադատել է պաշտոնից հեռացող կանցլերին՝ նախկին նացիստներին պաշտպանելու համար՝ հոդվածում օգտագործելով «ցածր մակարդակի անսկզբունքայնություն», «անբարոյական» և «անարժան» արտահայտությունները: Կանցլերի բողոքի հիման վրա գործ էր հարուցվել լրագրողի դեմ զրպարտության համար, և Վիեննայի շրջանային դատարանը տուգանք էր նշանակել լրագրողին: Վերաքննիչ բողոքի հիման վրա տուգանքի չափը նվազեցվել էր:

Եվրոպական դատարանը համարել էր, որ տուգանքի նշանակմամբ միջամտություն է դրսևորվել դիմումատու լրագրողի արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ: ՄԻԵԴ-ը չի ընդունել Վիեննայի վերաքննիչ դատարանի որոշման մեջ արտահայտված այն կարծիքը, ըստ որի՝ մամուլի խնդիրը տեղեկատվություն տալն է, իսկ դրա մեկնաբանությունը պետք է թողնվի առաջին հերթին ընթերցողին:

Դատարանը նշել է, որ լրագրողն օգտագործել է վիճարկվող արտահայտությունները, որպեսզի քննադատի Կանցլերի՝ որպես քաղաքական գործչի մոտեցումը ավստրիական հասարակությունում նախկին նացիստների դիրքորոշման վերաբերյալ: Դատարանը նաև համարել է, որ այն փաստերը, որոնց վրա լրագրողը հիմնել էր իր հոդվածները, իր գնահատողական դատողությունները, անվիճարկելի էին, անվիճարկելի էր նաև նրա բարեխղճությունը: Նա տուգանվել է Կանցլերի մոտեցումը նկարագրող սուր բառեր օգտագործելու համար:

Դատարանը շեշտել է, որ տարանջատում պետք է արվի փաստերի և գնահատողական դատողությունների միջև: Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատողական դատողություններն ապացուցելի չեն: Հետևաբար, տուգանքի նշանակումը անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում և հանգեցրել է արտահայտվելու ազատության իրավունքի խախտմանը:

Այս և բազմաթիվ այլ նախադեպային վճիռներ վկայում են այն մասին, որ առաջնայինը ոչ թե անձի պաշտոնի մեծությունն է, ինչպես դիտարկում են Հայաստանի դատավորները, այլ ժողովրդավարական հասարակությունն ու դրա բաղադրիչ խոսքի ազատությունը: Հետևաբար, կասկած չի հարուցում, որ եթե այս տեսքով «Հայկական ժամանակի» գործը հասնի ՄԻԵԴ, ապա դատարանը միանշանակ արձանագրելու է ազատ արտահայտվելու իրավունքի խախտումը:

Ավաղ, նման դեպքերում ֆինանսական փոխհատուցման բեռն ընկնում է ոչ դատավորների, ոչ էլ վերջիններիս օգնությամբ թերթերին ֆինանսական ծանր կացության մեջ գցող պաշտոնյաների վրա: Փոխհատուցումը վճարվելու է պետբյուջեից՝ հասարակ քաղաքացիների վճարած հարկերից:

Մեկնաբանություններ (18)

Lousineh
Դուք փաստական կազմից չեք կարող խոսել, քանի որ ի սկզբանե խիստ կողմնակալ դիրքերից եք մտել քննարկման մեջ՝ շարունակաբար որպես աքսիոմ պնդելով, որ պատասխանողն ամեն ինչ սխալ է արել: Եթե մասնագիտորեն հետաքրքրված էիք այս գործով, գուցե զրուցեիք պատասխանողի ներկայացուցչի հետ ու պարզեիք, թե ինչն էր դատարան չներկայանալու պատճառը կամ նրա որդեգրած ստրատեգիայի իմաստը: Ի՞նչ կարիք կա, ավելի հեշտ է կողմնակալ դատողություններ անել այն մասին, որ նրա առաջնային նպատակը Նիկոլի ներկայությունն ապահովելն է եղել ու նմանատիպ այլ բաներ: Լրագրողին մեղադրում եք ներկայացուցիչների հետ չհաղորդակցվելու մեջ, մինչդեռ ինքներդ հանդես եք գալիս բացառապես հայցվորների պաշտպանության դիրքերից: Որեւէ օբյեկտիվություն ձեր դատողությունների մեջ ես չտեսա: Ինչ վերաբերում է եվրոպական դատարանի փայլուն մտքերին, ցիտում եմ, ըստ իս, շատ կարեւոր բաներ, որպեսզի փորձեմ ձեզ հասկացնել որ տեղեկատվության հավաստիության, լրագրողական ազատության, մամուլի պարտականությունների, հասարակական գործիչների քննադատության եվրոպական չափանիշները շատ տարբեր են ձեր պատկերացումներից: Ցիտում եմ, որ մեջներդ հետաքրքրություն առաջանա, մի երկու բան կարդաք-խորանաք, որ ասածներս էլ այլեւս կցկտուր չհնչեն, որ երկխոսություն ստացվի, ոչ թե՝ անտիդրամա:
Վահագն
Լուսինեին- հա, հասկացանք, ոչ ոք չի ժխտում դա, ես ուրիշ բանի մասին եմ խոսում, կոնկրետ փաստական հանգամանքներից եմ եզրակացություններ անում և կարծիք արտահայտում, ես չեմ ասում, որ Ձեր վկայակոչված` Եվրոպական դատրաանի փայլուն մտքերը սխալ են, չեմ էլ ասի: Ես ուրիշ տիրույթում է քննարկումը ակնկալու, այլ ոչ թե դատարանը խոսքի ազատության հետ կապված ինչպիսի դիտողություններ, առաջարկություններ, մեկնաբանություններ, կիրառման մեխանիզմներ է սահմանել կամ հաստատել: Ես ընդամենը փաստական կազմից եմ խոսում: Լավ հասկանալով, որ դուք էլ եք լավ հասկանում, համենայն դեպս, լավ ծանոթ եք ոլորտի միջազգային դատական նախադեպին, չեք ուզում ըմբռնել մի իրողություն: Ասեմ ինչի մասին է` յուրաքանչյուր ինֆորմացիա պետք է հավաստի լինի: հավաստի լինելուն զուգահեռ պետք է հաստատված լինի, այսինքն դրա հիմքերը պետք է լինեն: Հղումը պետք է արվի ինֆորմացիայի աղբյուրին, հղման հետ միաժամանակ, ևս մեկ անգամ պետք է է ստուգել, որ շղթայական ձևով չսկսեն հերքումներ տալ: Ինչի նման է մեր վիճաբանությունը, իրար ցույց ենք տալիս ով ինչ գիտի: Կամ ով ոնց կարա մեկ մեկու վիրավորի: Ես դու եմ խոսացել անմիջական ընդունելով, իսկ եթե քեզ պետք է դուք խոսաս, շարունակիր էդ ձև: Իմ համար վերադաս չես, չնայած իմ վերադասի հետ ես դու ով եմ խոսում, ու չեմ կարծում որ իրենք նեղվում կամ նեղանում են: Ես հավասարը հավասրի հարթության վրա եմ հանդես եկել, ու չեմ կարծում, որ ՁԵԶ ԴՈՒՔ ով դիմելուց բան պիտի փոխվի: Ձեր գրածից միայն ձև եմ հասկանում: Ես չեմ հասկանում բովանդակություն: Ընդամենը ցիտում ու մեջբերումներ ք անում` իմ համար կցկտուր է ստացվում:
Lousineh
Հետաքրքիր է, Վահագն, մինչեւ այս պահն ու՞մ «կարծիքներից էիք ասում», որ հիմա հանկարծ սկսեցիք ձեր «կարծիքներից ասել» : Հետո ես ինչքան հիշում եմ՝ մենք դեռ «դու»-ի չենք անցել: Ինչ վերաբերում է եվրոպական դատարանին ցիտելուն, անձամբ ես նախընտրում եմ խելոք բաները ցիտել: Հիմարությունները ցիտելը, թերեւս, կթողնեմ ձեզ: Այո ինձ հետ դժվար է: Ես երբեւք Ձեզ չեմ էլ խոստացել, որ հեշտ է լինելու: Իսկ եթե ձանձրալի է, որեւէ մեկը ձեզ բռնի ուժով այստեղ չի պահում: Կարող եք նույնիսկ «հրաժեշտ չտված հեռանալ»: Չեմ նեղանա :ՃՃՃ
Vahagn
Լուսինեին -Ապրես, ապրես: Իսկապես դժվար է Ձեր հետ, եթե չասեմ անտանելի ու ձանձրալի: Որպեսզի խորհուրդ չհնչի, մի բան էլ իմ կարծիքներից ասեմ, Ես քո դեմ ոչ մի բան չունեմ, չեմ էլ ունենա, այլ քո ասածների մասով, ժամանակը կգա, դու կփոխես քո վերաբերմունքը, երբ կփորձես հասկանալ Եվրոպական դատարանի որոշումներն ըստ իրենց նշանակության: Հատված առ հատված կարդալ դրանք, չի նշանակում, որ դրանք են ու վերջ: Իմ ասածը սա է: Իմ ասածը վերաբերում է կոնկրետ փաստական հանգամանքներին, այլ ոչ թե Ձեր գիտելիքների բազայի պարոնակությանը կամ Եվրոպական դատրաանի վճիռների անգիրիզմը: Մի բան էլ ասեմ, Եվրոպական դատարանների մի քանի որոշումներում էլ կատարյալ հիմարություններ կան, դրանք էլ ասեք:
Lousineh
Տեսնու՞մ եք՝ ես, որպես կատարյալ հանդուրժողականության մարմնավորում, փորձում եմ ձեզ լուսավորել, իսկ դուք համառորեն շարունակում եք ինձ պիտակավորել՝ չուզենալով կենտրոնանալ այն պարզ սկզբունքների վրա, որ սահմանել է եվրոպական դատարանը եւ համառորեն անտեսելով իմ «տիտանական աշխատանքը»: Հարգելի Վահագն, մի քիչ մեղմեք ձեր քոմենթների պարտադրող եվ ամբարտավան ինտոնացիաները, եւ գուցե մենք՝ հասարակ մահկանացուներս սկսենք ընդունել ձեր ասածները որպես չեզոք մարդու չեզոք կարծիք, այլ ոչ թե սուտ գուրուի անվերջանալի դասախոսություն:
Lousineh
«Եթե ես լինեի լրագրող ու այդ հոդվածը ես գրելուց լինեի»: Ամբողջ հարցն այն է, որ դուք չեք այն լրագրողը, որը գրել է այս հոդածը: Եվս մի հիշեցում եվրոպական դատարանի նախադեպերից. «Միեւնույն ժամանակ, օբյեկտիվ եւ հավասարակշռված լրագրությունը կարող է տարբերվել՝ կախված, ի թիվս այլ բաների, խնդրո առարկա լրատվամիջոցից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կամ ներպետական դատարանները չպետք է, հետեւաբար, պարտադրեն իրենց տեսակետները այն հարցերում, թե լրագրողական ինչպիսի մեթոդներից պետք է օգտվի մամուլը: Այս համատեքստում ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ 10-րդ հոդվածը պաշտպանում է որ միայն գաղափարների եւ տեղեկությունների բովանդակությոնը, այլեւ այն ձեւը, որով դրանք արտահայտվում են» /Jersild v Denmark, Application no 15890/89, para 31/:
Lousineh
Ձեր 17-րդ քոմենթը.հերթական անգամ ապացուցում է, որ դուք գաղափար անգամ չունեք ինչ ասել է խոսքի ազատություն: Բավական էր Գրիշա Բալասանյանը ձեզ մի փոքր սադրեր, եւ դուք արդեն ցատկեցիք այն եզրահանգմանը, որ նա վատ մարդ է: Մինչդեռ եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ «լրագրողական ազատությունը ենթադրում է չափազանցության եւ սադրանքի որոշակի աստիճան» /De Haes v Gijsels v Belgium,, Application no19983/92, 37-րդ եւ 46-րդ պարբերություններ/, ու դրանից ամենաքիչը կարելի է բխեցնել, որ լրագրողը լավ կամ վատ մարդ է: Խոսքի ազատության մասին ձեր պատկերացումները դուրս չեն գալիս «լավ կամ վատ մարդու» կամ «մարդու մասին լավ կամ վատ բան ասելու» հասկացություններից, դեռ դիլետանտությունից էլ խոսում եք:
Lousineh
Գրիշան պակաս չափով, քան դուք կարիք ունի լսելու դատավարության ձայնագրությունները: Նույն՝ ձեր կողմից նշված datalex-ում կան սույն գործով բոլոր դատական ակտերը, որտեղ շարադրված են նաեւ կողմերի դիրքորոշումները: Այս պարագայում չկա կողմերի հետ հաղորդակցվելու եւ ոչ մի անհրաժեշտություն, եւ դա զուտ լրագրողի հայեցողության հարց է: Իսկ ինչ վերաբերում է փաստաբանի ստրատեգիային կարծում եմ, որ լինելով «ուժեղ և խելացի, փորձառու փաստաբան »՝ նա դժվար թե ձեզ հետ խորհրդակցելու կարիք ունենա իր ստրատեգիայի ընտրության հարցերում:
Գրիշա Բալասանյան
Հարգելի Վահագն, աջ ու ձախ բոլորին «խորհուրդներ» տալու փոխարեն, հարնօգուտ գործ արած կլինեք, եթե այդ խորհուրդներից մի քանիսը տաք Ձեր կողմից սիրված դատավորներին: Օրինակ ասեք՝ հարգելիներս, վճիռներ/դատավճիռներ գրելուց առաջ մեկ-մեկ նախադեպային վճիռներ կարդացեք, կամ կարդացեք Սահմանադրության համապատասխան հոդվածը միջազգային կոնվենցիաների մասով: Կամ ասեք, որ վճռի/դատավճռի «պատվեր» ստանալուց գոնե պատվիրատուներին հիշեցնեն, որ այն պատգամավորների համար, որ «դոշ» են տալիս, ընդհանրապես հարգանքի արժանի չեն կամ նվազ արժանի են, քանի որ լինելով ժողովրդի ընտրյալներ տարին 1-2 անգամ են գնում խորհրդարան, այն էլ՝ հաճույքի համար: Մինչդեռ նրանք պարտավոր են մասնակցել նիստերին, հանձնաժողովի աշխատանքներին եւ հանդես գան օրենսդրական նախաձեռնություններով: Ձեր պաշտպանյալ պատգամավորները երեւի խորհրդարանի մուտքն ու ելքն էլ նորմալ չգիտեն, էլ չեմ ասում իրենց պահվածքի մասին: Բացի այդ, թերթից խիստ վիրավորված եւ իրեն նսեմացած զգող պատգամավորը թող բարի լինի նախ իր «մաքուր» բերանը փակի այլոց հետ շփվելիս եւ աջ ու ձախ իր մտքի «գոհարները» շաղ չտալ հետո ուրիշներից բարյականություն ու հարգանք պահանջի: Թե չէ, ինձ մեղադրում եք, որ չեմ լսել դատարանի ձայնագրությունն ու կողմնակալ վերաբերմունք եմ ցուցաբերել: Իսկ ո՞վ ասաց, որ ինձ պարտավորված եմ զգում լսել կեղծ արդարադատների բարբաջանքը՝ արդար դատաքննության եւ օրինականության մասին, երբ վերջիններիս խոսքն ու գործը ոչ միայն չի համընկնում իրար, այլ նույնիսկ հակասում է: Հարգելի Վահագն, դուք չեք հասկացել նաեւ նյութի բովանդակային կողմը: Խոսքը գնում է նրա մասին, որ հայ «արդարադատ» դատավորներն այսօր խաղալիք են դարձել օլիգարխների ձեռքին եւ թքած ունեն ոչ միայն ներպետական օրենքների վրա, այլեւ արհամարում են միջազգային կոնվենցիաներն ու փաստաթղթերը: Սրա մասին պետք է մտածեք, եթե իրոք ցանկություն ունեք օգնել երկրի ժողովրդավարության կայացմանը: Թե չէ ինձ վիրավորելով, թե իբր հոգվածը մոգոնել եմ եւ այլն, ոչ մի արդյունքի չեք հասնի: Ցավոք ես չէ, որ պիտի օլիգարխների թեւի տակ ապրող դատավորի ձեռքից բռնեմ ու ուղարկեմ այնտեղ, որտեղ իր իսկական տեղն է: Ջեզ համար կարեւոր մի տեղեկություն եւս, թե ինչպիսին պիտի լինի պաշտոնյան ԶԼՄ-ների հետ շփվելիս եւ ինչ վերաբերմունք պիտի ունենա վերջիններիս նկատմամբ: Տես՝ http://hetq.am/arm/news/166/
Lousineh
Ես ենթադրություններ արեցի, բայց եւ նշեցի, որ դրանք բուն նյութի տեսանկյունից կարեւոր չեն, իսկ դուք ձեր քոմենթի մոտ հիսուն տոկոսը նվիրեցիք այդ թեմային՝ դրանով իսկ մեկ անգամ եւս ապացուցելով, որ կարեւորը երկրորդականից չեք տարբերում: Այս թեմային ընդհանրապես առնչություն չունի նաեւ ձեր վերջին քոմենթը այն մասին թե ինչ են անում անորոշ թվով լրագրողներ անհայտ վայրերում եւ բոլոր ժամանակներում: Բայց քանի որ նշել եք, թե ինչ է ասել եվրոպական դատարանը, մի երկու բան ասեք, միասին համադրենք:
Lousineh
Նախ՝ Վահագն, պետք է ձեզ առաջարկեմ մի քիչ կարճ ձեւակերպել ձեր մտքերը. արժի հարգել մարդու ժամանակը եւ երկրորդ, կարծում եմ, որ էս երկարության պարագայում ձեր միակ ընթերցողը ես եմ լինելու, բայց չեմ խոստանում, որ երկար կդիմանամ:
Lousineh
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ի կողմից ձեռքի տակ եղած տեղեկությունները ստուգելու պարտականությանը, ԶԼՄ-ն քրեական հետապնդման մարմին չի ու, ըստ այդմ, համեմատելի չեն նրանց ապացուցման պարտականությունները: Այն որ դուք օրինակ եք բերում այն իրավիճակը, որ «ինչ որ մեկը պետք է վատ բան ասի իմ մասին», դարձյալ ապացուցում է, որ այս ոլորտի կարեւորագույն կատեգորիաներին դուք ծանոթ չեք: Բերում եմ եվս երկու օրինակ եվրոպական դատարանի նախադեպերից ու առաջարկում եմ մինչեւ քոմենթներով հանդես գալը մի քիչ, այդուհանդերձ, դրանք եւ մնացածները ուսումնասիրեք, մանավանդ՝ որ դրանց կիրառությունը նաեւ մեր քրեական դատավարության եւ դատական օրենսգրքերի թելադրանքն է /8(4) եւ 15(4) հոդվածներ, համապատասխանաբար/: ««Հանրային հսկիչի»՝ իրենց դերը կատարելիս՝ լրատվամիջոցների լուսաբանումը «պատմությունների» կամ «ասեկոսեների կամ «հանրային կարծիքի» լույսի ներքո պետք է պաշտպանվի, եթե այն լիովին անհիմն չէ» (Thorgeir Thorgeirson v. Iceland, 25 June 1992, para 65): Եվ վերջապես՝ «Իրավասու մարմնի կողմից քրեական մեղադրանքը հիմնավորելու ապացուցման չափորոշիչը հազիվ թե կարելի է համեմատել այն չափորիշիչի հետ, որը պետք է պահպանվի լրագրողի կողմնից հանրային շահին վերաբերող հարցերի շուրջ իր պնդումներում» (Dyundin v Russia, Application No 37406/03, para 36):
Lousineh
Ես կարդացել եմ ձեր նշած դատական ակտերը եւ ոչ միայն դրանք: Կարդացել եմ նաեւ այդ գործով հայցը, վերաքննիչ բողոքը, դրա պատասխանը, վճռաբեկ բողոքը ու մի շարք այլ ակտեր: Նույնը, վստահ եմ, արել է եւ Գրիշա Բալասանյանը, որովհետեւ իր հոդվածից դա զգացվում է: Կարդացել եմ նաեւ մի շարք այլ գործերով առ այսօր մեր դատարանների ընդունած բոլոր դատական ակտերն ու վստահ կարող եմ ասել, որ դրանցում պահպանված չեն քաղօրի՝ ձեր վկայակոչած հոդվածի ոչ միայն տառը այլեւ ոգին: Այդ նույն հոդվածի փոփոխությունների հեղինակները դրանք մշակելիս առաջնորդվել են նույն եվրոպական դատարանի նախադեպերով, բայց ոչ իրենք եւ ոչ էլ պատգամավորները, այդ թվում՝ հիշյալ երեքը, հաշվի չեն առել մեր արդարադատության համակարգի վիճակը: Հակառակ դեպքում՝ կսկսեին դատավորներին, իրավաբաններին ու լրագրողներին կրթելով՝ նվազագույնի հասցնելու այդ փոփոխությունների հետ կապված ռիսկերը: Դա չանելու պարագայում մնում է ենթադրել, որ նպատակը մեկն է եղել՝ հնարավորինս արագ եւ նվազագույն ջանքերով լռեցնել լրատվամիջոցներին: Այս պարագայում խոսել առաջին հերթին ԶԼՄ-ների պարտականություններից, կարծում եմ, մեղմ ասած նշանակում է կարեւորը երկրորդականից չտարբերել:
Lousineh
Վահագն, ինչ վերաբերում է իմ՝ ենթադրություններ անել սիրելուն ու ձեր թիվ 2 քոմենթին, ձեր առաջին քոմենթում դուք Գրիշային հարց եք տալիս, թե արդյո՞ք ինքը լսել է դատական նիստի ձայնագրությունը: Ըստ ՀՀ քաղ. դատ.օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը՝ դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո: Եթե ըստ նույն օրենսգրքի՝ գործին մասնակցող անձինք կողմերը, երրորդ անձինք կամ դիմողներն են, ապա կարող եմ հիմնավոր ենթադրություն անել, որ դուք կողմնի ներկայացուցիչ եք: Հակառակ դեպքում մնում է ենթադրել, որ դուք որպես անկախ իրավաբան վերցրել եք դիկտոֆոնը ու գնացել եք լսելու Կարինե Պետրոսյանի դատական նիստերը, ինչը ինձ ծայրահեղ անհավանական է թվում, բայց դե ի վերջո ո՞վ գիտի: Բայց կարեւրն, իրականում, դա չի:
Վահագն
Lousineh-ին - Դուք սխալ հասկացաք` ասելով, որ ես տագնապի մեջ եմ: Ես տագնապելու բան չունեմ այս առումով: Տագնապողը թող տագնապի: Եթե նկատել եք` իմ գրած թիվ 1 կոմենտում տագնապ չկար: Կար ընդամենը վերլուծություն, որը ներկայացրել եմ իմ տեսակետից, որի հետ սակայն կարող է և մարդիկ չհամաձայնվեն, ինչը նորմալ երևույթ է: Ես ուրիշ բաների մասին եմ գրել, իսկ դուք իմ գրածի հետ կապ չունեցող բաներ եք գրում: Ձեր մեկնաբանության 1-ին մասի հետ կապված կխնդրեմ ընթերցել թիվ 2 կոմենտը: Էս ինչքան շատ եք սիրում ենթադրություններ անել, ու հրամցնել իրականության տեղ: Հետաքրքիր է իմանալ` Դուք էլ եք լրագրող? Կարդացեք վերը նշված քաղաքացիական գործով կայացված դատական ակտերը /www.datalex.am կայքում/ որպես անաչառ կողմ ու ինքներդ փորձեք հասկանալ դրա իրավաբանական եղելությունը, այլ ոչ թե հատվածներ ընկալել: Եթե պայմանականորեն մի իրավիճակ վերցնենք և վերացական կերպով պատկերացնենք հետևյալը. ասենք, ինչ որ մեկը Ձեր մասին ասի, որ դուք լավ մարդ չեք, ու սկսի որակումներ տալ, կամ հղումներ անի, ասելով, որ էս ինչ որ մեկը ըսենց ա ասում: Սա է իրականությունը, պետք է հավատանք այդ ինֆորմացիային?: Խոսքը կոնկրետ չի վերաբերում կոնկրետ դեպքերի, այլ ընդհանուր: Իմ մտահոգությունն ու ասելիքը վերաբերել է նրան, որ ԶԼՄ-ներում չկա այն պատկերացումը, որ յուրաքանչյուր ինֆորմացիա տարածելիս պետք է ողջամտորեն և հետևողականորեն ստուգվի, ձեռնարկվեն այդ ուղղությամբ հնարավոր բոլոր գործողությունները, հավաստիանալով դրա իրողության, ինչպես նաև այդ ինֆորմացիայի հասցեատեր անձի հնարավոր առարկումներն ու հերքումները: Ոչ մի անգամ ԶԼՄ-ն չի ուզում պատկերացնել, որ կարող է սխալվել այս կամ այն հարցում: Դրոշակ են դարձնում Եվրոպական դատարանի այս կամ այն պոստուլատը, առանց հասկանալու, որ դրանք կիրառման են ենթակա կոնկրետ փաստական հանգամանքների նկատմամբ, այլ ոչ բոլոր դեպքերում: Եվ միանգամայն պատահական չէ, որ դրանք անվանվում են նախադեպեր: Էլի եմ ասում` զերծ մնացեք անհարկի որակումներից:
Lousineh
Ազգական չեք, բայց սխալված չեմ լինի, եթե ենթադրեմ, որ այդ երեքի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն եք: Ինչ վերաբերում է Կարինե Պետրոսյանի փայլուն վճռին, ընթերցողին առաջարկում եմ համեմատել հետեւյալ երկու վճիռների սույն գործին վերաբերելի հատվածները: Սկսում եմ Կարինե Պետրոսյանի վճռից. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, որը, ըստ Սահմանադրության 63-րդ հոդվածի, կազմված է 131 պատգամավորից։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի` Ազգային ժողովի ընտրություններ անցկացվում են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։ Վերոգրյալից հետևում է, որ ժողովուրդը օրենսդիր իշխանությունն իրականացնում է իր կողմից ընտրված պատգամավորների միջոցով։ Սույն քաղաքացիական գործով հայցվոր Սամվել Ալեքսանյանը (թիվ 007 ընտրատարածքից ընտրված), Լևոն Սարգսյանը (թիվ 005 ընտրատարածքից ընտրված), Ռուբեն Հայրապետյանը (թիվ 001 ընտրատարածքից ընտրված) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ են, և որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, ունեն որոշակի ընկալելի դիրք հասարակությունում, ինչը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ և օրինակելի կեցվածք, այնինչ պատասխանողի կողմից Հոդվածում տարածած տեղեկությունները վերը նշված հանցագործությունների հետ այդ անձանց հնարավոր առնչության փաստի վերաբերյալ, այլ տեղեկատվություն են հաղորդում ընթերցողին` վտանգելով հայցվորների, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումը։ Հանրության կողմից հայցվորներին տրվող գնահատականը ունի չափազանց կարևոր գործնական նշանակություն, քանի որ բացասական գնահատականը նսեմացնում է հայցվորների, որպես անձի և ՀՀ ազգային ժողովի պատգամավորի, հեղինակությունը, խոչընդոտներ է ստեղծում հասարակական, տնտեսական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար։ Հաշվի առնելով վերոգրյալը, նկատի ունենալով հասարակական կյանքում հայցվորների` որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների զբաղեցրած դիրքը, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ զրպարտող տեղեկությունները տարածվել են 7480 տպաքանակով հրատարակվող օրաթերթում` հասու դառնալով հասարակության լայն զանգվածներին, դատարանը փոխհատուցման չափը սահմանում է սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով յուրաքանչյուր հայցվորի մասով»։ Եվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից. «Քննադատության ընդունելի շրջանակները քաղաքական գործիչների նկատմամբ, համապատասխանաբար, ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ: Ի տարբերություն վերջիններիս` քաղաքական գործիչները անխուսափելիորեն և գիտակցաբար բաց են իրենց յուրաքանչյուր խոսքի և արարքի մանրակրկիտ քննարկման համար ինչպես լրագրողների, այնպես էլ լայն հանրության կողմից և, հետևաբար, պետք է դրսևորեն հանդուրժողականության առավել բարձր աստիճան:» /Lingens v Austria, 1986, para 42/: Եվ վերջապես, Վահագն, եթե ամեն ինչ այդքան ճիշտ է, Կարինե Պետրոսյանի վճիռն անխոցելի է ու անխոցելի է նաեւ Նարինե Բարսեղյանի որոշումը, իսկ Եվրոպական դատարանն էլ իրենց է պաշտպանելու, դուք ինչու՞ եք տագնապի մեջ:
Karen
Վահագն es el vorpes iravaban qez asem vor talis em 1000 % garantya vor du lav canot es et mardkanc kam irenc iravabanes kam barekam miyayn ayt mardy nman ban iren tuyl ktar aysinqys nman kamentarya grel ete du vorpes baregorc iravabanes apa arajarkum em mi qaxaqaciakan gorc anvjar kkatares ?
Վահագն
Հա իմիջիայլոց, երբ սկսեք անձնավորել, չմոռանաք, որ ես նշված երեքի անձի հետ որևէ կապ ու առնչություն չունեմ, ոչ էլ ազգական եմ: Հատուկ ասում եմ չհասկացող մարդկանց համար ու ընդունեք իմ մեկնաբանությունը, որպես իրավաբանի կատարած վերլուծություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter