HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Հայ-թուրքական արձանագրությունների ներքաղաքական ազդակները

Հայ-թուրքական մերձեցման ներկայիս գործընթացը որքան տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական, նույնքան էլ ներքաղաքական նշանակություն ունի։ Սակայն Հայաստանում այս առանցքային նշանակության խնդրի շուրջ իրականում տեղի է ունենում ոչ թե սկզբունքային, այլ դիրքային մարտավարական պայքար։

Եվ այն շատ ավելի նեղ հատվածական շահերի բավարարման կոնկրետ նպատակներ է հետապնդում։ Սեպտեմբերի 18-ին կայացած ՀԱԿ հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը տակտիկական երկու շեշտադրում կատարեց։ ՀԱԿ-ը ի զորու չէ միայնակ լուծել իշխանափոխության խնդիրը, անհրաժեշտ է քաղաքական արենայում գործող բոլոր ակտիվ ուժերի կոնսոլիդացիա, երկրորդ՝ ՀԱԿ-ը որդեգրում է սպասողական կեցվածք՝ «ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով մյուս քաղաքական ուժերին»։ Այս կեցվածքը հայ-թուրքական եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներից անմիջապես օտարեց արմատական ընդդիմությանը՝ ՀԱԿ-ին ինքնակամ մղելով ժամանակավոր մարգինալացման։ Տեր-Պետրոսյանը նախընտրեց ժամանակավոր մարգինալացման գնալու գնով պահպանել ՀԱԿ-ի ամբողջականությունը, քան սկզբունքայնության հողի վրա պառակտելով ՀԱԿ-ը` վերջնականապես տապալել առ այսօր ստեղծված այս, թերեւս, ամենահաջողված ընդդիմադիր ձեւաչափը։ ՀԱԿ-ի այս կեցվածքն արմատապես փոփոխեց ընդդիմադիր դաշտի համապատկերը։ Հոկտեմբերի 6-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության նախաձեռնությամբ 12 կուսակցություններ ստորագրեցին երկու հայտնի արձանագրությունների բովանդակությունը քննադատող համատեղ հայտարարություն։ Հոկտեմբերի 16-ին ՀՅԴ կազմակերպած, այսպես կոչված, «Ո՛չ»-ի հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը, փաստորեն, բացահայտեց, որ «պարտավոր ենք շարունակել, խորացնել այս պայքարը եւ հասցնել համաժողովրդական ծավալների, այն պետք է համահայկական բնույթ ստանա՝ համահայկական հակազդեցություն ապահովելու համար»։ Երկու արձանագրությունների ստորագրման նախօրեին՝ հոկտեմբերի 9-ին, ՀՅԴ-ի կազմակերպած բազմահազարանոց բողոքի երթը ցույց տվեց, որ Դաշնակցությունն ունի այդ պոտենցիալը։ Սակայն նման մասշտաբներ ընդգրկող ակցիա կազմակերպող կուսակցությունն այդպես էլ չկարողացավ երթի մասնակիցների գոնե կեսի չափ մարդ հավաքել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ հոկտեմբերի 16-ին հրավիրած հանրահավաքում։ Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո «12»-ի ֆորմատի մաս կազմող «Ժառանգություն» կուսակցությունը հանդես եկավ առանձին հայտարարությամբ, որով ոչ միայն պահանջում էր խորհրդարանում չվավերացնել այդ արձանագրությունները, այլեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ իշխանափոխության խնդիր էր առաջադրում։ Նրան հետեւեց նաեւ «12»-ի մաս կազմող «Նոր ժամանակներ» կուսակցությունը։ «12»-ի այս առանցքային ուժերի նման կոշտ մոտեցումը Դաշնակցությանը ստիպեց որոշակիորեն վերանայել սեփական մոտեցումները, որպեսզի չկորցնի ձեռք բերած դրոշակակրի դիրքերը։ Եվ արդեն հոկտեմբերի 12-ին կուսակցությունը հանդես եկավ առանձին հայտարարությամբ. «ՀՅԴ-ն վճռական է արձանագրությունների վավերացումը ձախողելու պայքարում։ Այդ նպատակի համար Դաշնակցությունը կդիմի քաղաքական եւ սահմանադրական բոլոր միջոցներին՝ ընդհուպ իշխանափոխության»։ Սակայն, ՀՅԴ-ն այդպես էլ հստակ չհայտարարեց, որ արձանագրությունների վավերացումը ձախողելու համար պահանջում է իշխանությունների հրաժարականը։ Խնդիրը ինքնին հրաժարական պահանջելու կամ չպահանջելու մեջ չէր։ Ակնհայտ է, որ խորհրդարանում արձանագրությունների վավերացումը ձախողելու այլ տարբերակ, քան իշխանափոխության ու նախագահի հրաժարականը պահանջելը եւ այդ տրամաբանությամբ գործելը, գոյություն չունի։ Որովհետեւ վավերացումից հետո որեւէ ուժ այլեւս որեւէ գործիք չի ունենալու դրանց գործողությունը կասեցնելու համար։ Եվ ստացվում է, որ կամ ՀՅԴ-ն այնքան էլ անկեղծ չէ վավերացումը ձախողելու իր մոտեցումներում, կամ խնդիրը տեսնում է արձանագրությունների խմբագրման, իսկ որ ավելի հավանական է՝ ստորագրման համար նախապայմանների առաջադրման մեջ։ Այս անորոշությունն է պատճառը, որ մի կողմից հանրությանը ՀՅԴ-ի նախաձեռնություններին ու սկզբունքայնությանը հավատալու, մյուս կողմից քաղաքական դաշտը կոնսոլիդացնելու հնարավորություն չի տալիս։ Արդյունքում` նույն գերխնդրի շրջանակներում ՀՅԴ-ից դուրս սկսում են առանձին քաղաքական ակցիաներ ու նախաձեռնություններ ցուցաբերվել։ Մի կողմից «Միացում» նախաձեռնությունը եւ «Հայ կամավորականների միությունն» են նոր ճակատ ձեւավորելու մասին հայտարարություններ անում, մյուս կողմից նորաստեղծ ու բավականին ակտիվ Նեոպահպանողական շարժումն է տարատեսակ ու ինքնատիպ ակցիաներ հեղինակում։ Առանձին-առանձին այս նախաձեռնությունները ընդհանուր հասարակական քաղաքական տրամադրությունները մեկ ընդհանուր հունի մեջ գցելու, համաժողովրդական իրական ալիք բարձրացնելու, այդպիսով քաղաքական լուրջ օրակարգ ձեւավորելու հնարավորություն չեն տալիս։ Ավելին, քանի որ հնարավոր չի դառնում ընդհանուր դժգոհության ալիքը հունավորել, այն նաեւ գործոն չի դառնում իշխանությունների ձեռքին՝ արտաքին ճնշումներին դիմակայելու համար։ ՀԱԿ-ի ինքնակամ մարգինալացման ֆոնին ՀՅԴ-ն քաղաքական դաշտը «հերկելու» նոր հնարավորություններ ստացավ։ Դաշնակցության նախաձեռնած «12»-ի ձեւաչափում ընդգրկվեցին կուսակցություններ, որոնք առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում ընդհանրապես խաղից դուրս էին։ Դաշտը մաքրվել էր այս մանր ու միջին մակաբույծ ուժերից, որոնց համար այս կամ այն ուժի դրոշի ներքո հանդես գալն ինքնադրսեւորման ու վերջնականապես խեղդվելուց փրկվելու հնարավորություն է ստեղծում։ Այսինքն` կամա թե ակամա, ՀՅԴ-ն կրկին քաղաքական արենա է վերադարձնում այն գորշ քաղաքական զանգվածը, որը մինչեւ հիմա կատարելապես ապականում էր քաղաքական դաշտը անսկզբունքայնությամբ, անտիգաղափարականությամբ, կասկածելի ծագումնաբանությամբ ու նպատակներով։ Փաստացի տեղի է ունենում վերադարձ 2007 թ. նախաօգոստոսյան քաղաքական դասավորությանը։ Եվ ՀԱԿ-ի պասիվացման ամենալուրջ բացասական արդյունքը հենց սա է։ Ակնհայտ է, որ երբ այս ուժերը սկսեն կրկին եղանակ ստեղծել քաղաքական դաշտում, ՀԱԿ-ն այլեւս որեւէ կռվան չի ունենալու` հաղթահարելու այդ պատնեշը, ինչպես 2008 թ. նախագահական ընտրությունների նախօրեին։ Պարզ է, որ այսպիսի զարգացումներն ավելի ձեռնտու են իշխանությանը. վերջինս զրկվում է կոշտ, սկզբունքային ընդդիմությանը դիմակայելու եւ այդպիսով գոնե ինչ-որ չափով զգոնությունը պահելու անհրաժեշտությունից։ Առաջին հայացքից սա, գուցե, արտաքին քաղաքական զարգացումներից բխող երկրորդական նշանակության էֆեկտ համարվի։ Սակայն իշխանությունների ձեռքերի ազատումը եւ քաղաքական դաշտի վերադարձը լճացման` տարածաշրջանում ստեղծված աննախադեպ անկանխատեսելի զարգացումների ֆոնին թե՛ իշխանությանը, թե՛ քաղաքական դաշտին եւ թե՛ հանրությանը զրկում են դիմադրողականությունից, թուլացնում պաշտպանական ռեակցիան եւ այդպիսով ազգային անվտանգությանը սպառնացող հավելյալ վտանգ ստեղծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter