HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղարքունիքի մարզում գյուղացիները հրաժարվում են իրենց հողերից

26_10-vahan«Ստեղ ապրելու տեղ չի, ոչ մի բան չկա»: Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում գրեթե յուրաքանչյուր մարդ այս համառոտ նախադասությամբ է իր ապրելակերպը ներկայացնում ժամանած հյուրերին: Ինչպես պատմում էին գյուղացիները, Վահանի անլուծելի խնդիրը աղքատությունն է, քանի որ աշխատատեղեր չկան:

Մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, սակայն կաթն այնքան ցածր գնով են մթերում, որ դա էլ ձեռնտու չէ գյուղացիներին: «Կաթի լիտրը մթերում են 80-85 դրամով: Դա գյուղացուն չի հերիքում, որ գոնե գոյատեւի ու իր ընտանիքը պահի: Եղանակային վատ պայմաններն էլ մի կողմից են այս տարի վնաս տվել գյուղացուն: Անասնակերի զգալի մասը մնացել է դաշտերում ու անձրեւներից փչացել է: Գյուղացիների մեծ մասը որոշել է վաճառել անասունները: Այս տարի գյուղացին շատ տուժեց: Գարին ու ցորենը կարկուտը լրիվ ջարդել է: Մարդիկ 20 տոկոս բերք են ստացել»,- ասաց Վահանի համայնքապետի տեղակալ Արշակ Մկրտչյանը: 26_10-edikԱնասնագլխաքանակը կրճատելու փաստի առջեւ է կանգնել նաեւ Էդիկ Ղուկասյանը: «Մի տուկ խոտ նորալ խոտ տուն չեմ բերել դաշտից: Ինչ էլ բերել եմ, անձրեւներից սաղ փտել ա: Անասուն էլ չենք կարա պահենք, պիտի ծախենք: Էս անտեր գյուղում մենակ թոշակն ա, դրանով ենք յոլա քինում: Գյուղում ոչ մի աշխատատեղ չկա, բայց երիտասարդություն էլ չի մնացել, որ գնա աշխատի: Սաղ էլ դես ու դեն են քինացել: Մի քանի տարի առաջ 2 առաջին դասարան ունեինք, ամեն մեկումը 30 հոգի երեխա կար, էս տարի 8 երեխա են առաջին դասարան քինացել»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Էդիկ պապը: Համայնքապետի տեղակալից հետաքրքրվեցինք, թե վերջին տարիներին ի՞նչ է արել պետությունը Վահան գյուղի համար: Ա. Մկրտչյանի պատասխանը բացասական էր. «Մեր գյուղին ոչ մի տարի ոչ մի բանով պետությունը չի օգնել: Ամեն տարվա նման այս տարի էլ մեր գյուղացին մի կերպ ձգելու է մինչեւ մյուս տարի»: Թե վահանցին ինչքա՞ն կարող է «ձգել»` պարզ չէ, քանի որ նրանք սկսել են դիմում գրել ու հրաժարվել իրենց հողամասերից: Համայնքապետարանի աշխատակիցների տեղեկացմամբ` ամեն տարի հող մշակող գյուղացիների թիվը նվազում է: Նրանք այլեւս չեն ցանկանում հող մշակել, որովհետեւ բերք չեն ստանում: Հիմնականում պարարտանյութ գնելու միջոց չունեն, եւ այս տարի շատ վահանցիներ «Աստծո հույսով» են բերքին սպասում, քանի որ ցանքատարածությունները չեն պարարտացրել: 26_10-vahan-1«Մեր գյուղը կարտոշկի երկիր է եղել, բայց այս տարի մարդիկ միայն իրենց տան համար են ցանել: Միշտ էլ Պաշտպանության նախարարությունը եկել է գյուղացուց կարտոֆիլը գնել ու իր ավտոներով էլ տարել է: Բայց արդեն 2 տարի է` նախարարությունը մեր գյուղացուց կարտոշկա չի առնում, ու մարդիկ իրացման խնդրի առջեւ են կանգնել: Այս տարի էլ տեղումները շատ էին, եւ կարտոշկեն հողի մեջ նեխել է, չգիտենք, թե ինչ է լինելու»,- ավելացրեց Արշակ Մկրտչյանը: Հավանաբար, այս դժվարություններն են պատճառը, որ միայն վերջին 3 ամիսների ընթացքում իրենց հողերից հրաժարվելու դիմումներ են գրել 20 վահանցիներ: Հողից հրաժարվածներից մեկը` Սմբատ Ապրեսյանը, ունի 4 զավակ, սակայն նրանցից ոչ մեկը գյուղում չի մնացել. բոլորը տեղափոխվել են Երեւան: Ծնողների ասելով` երեխաները գյուղ չեն ուզում գալ, «հազիվ են գյուղից փախել»: 26_10-smbat

Սմբատ պապին հարցրի` արդյոք հնարավո՞ր չէր հողից հրաժարվելու փոխարեն այն վաճառել: Նա ծիծաղեց իմ «սավսալագ-սավսալագ» հարցերի վրա: «Ցավդ տանեմ, հենց հիմա էս հողը քեզ նվեր եմ տալիս, թող քեզ ղուրբան ըլնի, արի տեր կանգնի, կգա՞ս: 4 երեխա ունեմ, Երեւանում են ապրում, սկի գյուղ չեն գալիս: Ստեղ ո՞վ ա հող առնում, որ ես էլ վաճառեմ»,- ավելացրեց Սմբատ պապը: Գրեթե նույն վիճակում են հայտնվել նաեւ ճամբարակցիները: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մի մասն արդեն հրաժարվել է հողերից` շուրջ 30 հեկտար: «Այդ հողերն արդեն դառնում են համայնքային սեփականություն: Համայնքն էլ պետք է սպասի, տեսնենք` այդ հողերի հետ կապված վարձակալներ կհայտնվե՞ն, թե՞ չեն հայտնվի: Մենք պատրաստ ենք այդ հողերը տալու մարդկանց, որովհետեւ մեր հարկերի զգալի մասը հողի հարկից է գոյանում»,- ասաց Յ. Ավալյանը: Քաղաքապետը մտահոգություն հայտնեց, որ եթե այս միտումը շարունակվի, ապա քաղաքի բյուջեն զգալիորեն կպակասի եւ չեն կարողանա ոչ մի խնդիր լուծել: Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնից «Հետքին» փոխանցեցին, որ 2008 թ. հուլիսի 1-ից 2009-ի նույն ժամանակահատվածը մարզում հողերից հրաժարվել է 171 մարդ: Գավառ քաղաքում 150 մարդ հրաժարվել է 39 հեկտար վարելահողից ու 57 հեկտար խոտհարքից: Ճամբարակ քաղաքում նույն ժամանակահատվածում 11 հա վարելահողից ու 10 հա խոտհարքից հրաժարվել է 21 մարդ: Քանի որ այս տվյալները չեն ամփոփում 2009 թվականն ամբողջությամբ, ուստի մարզի շատ համայնքների մասին, որտեղ գյուղացիները հրաժարվել են հողերից, տեղեկություններ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter