Հոռոմն ու Հովտաշենը դեռ չմիացած` սկսվել են գյուղամիջյան ծեծկռտուքն ու դժգոհությունները
Համայնքների խոշորացման Կառավարության ծրագիրը համայնքապետերի դիմադրությանն է հանդիպում` չնայած նրան, որ ծրագրի հեղինակները վստահեցնում են, թե խոշորացման արդյունքում համայնքներն ավելի արագ կզարգանան: Շիրակի մարզի Հոռոմ ու Հովտաշեն համայնքների միացման լուրը մարզպետ Լիդա Նանյանը հայտնեց հոկտեմբերի 9-ի մարզխորհրդի նիստի ժամանակ` նշելով, որ Շիրակի մարզից պիլոտային ծրագրի համար առայժմ ընտրվել են այս երկու գյուղերը:
Հովտաշենի համայնքապետ Սեյրան Փիլոսյանին անհասկանալի է, թե ինչու է ծրագիրը սկսվել հենց իրենց գյուղից: «Մենք ոնց որ փորձադաշտ լինենք,- ասում է համայնքապետը,-կոլխոզները քանդելուց էլի մեր գյուղից են սկսել, հիմի էլ խոշորացման ծրագիրը: Մենք ամբողջ գյուղով դեմ ենք դրան, մենք հոռոմցիներին չենք միանա»: Հովտաշենում 350 մարդ է ապրում, գյուղը գազիֆիկացված է, ապահովված խմելու եւ ոռոգման ջրով: Բայց դրականի կողքին ահագին բացեր ունի համայնքը. դպրոցը 8-ամյա է, որտեղ այս տարի ընդամենը 20 աշակերտ է հաճախում, որովհետեւ 15 երեխա տեղափոխվել է Հոռոմի միջնակարգ դպրոց: Գյուղը չունի մանկապարտեզ, մշակույթի տուն: Հովտաշենի տեղը չիմացողների մոտ շատ հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հոռոմը դեռ չի վերջացել: Հովտաշեն հասնելու համար պետք է հստակ իմանալ, թե Հոռոմ գյուղի գյուղամիջյան ճանապարհներից որով պետք է շրջադարձը կատարել: Հովտաշենի համայնքապետը պատմեց, որ իրենց գյուղի տեղը, մինչեւ այս ծրագիրը, չի իմացել նաեւ մարզպետը: «Ինձ էլ չէր ճանաչում տիկին Նանյանը, չնայած երկու տարվա մարզպետ է,- դժգոհում է Սեյրան Փիլոսյանը,- էս տարվա գարնանն էր, մարզպետի մոտ խորհրդակցություն էր, մտա կաբինետ, կողքիններին հարցրեց` էս ո՞վ է, համայնքապե՞տ է … Հետո ասեցի, որ ես Հովտաշենի համայնքապետն եմ»: Հովտաշենի տեղն այժմ գիտի նաեւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Տեղեկանալով, որ հովտաշենցիները դեմ են խոշորացման ծրագրին, փոխվարչապետը մարզպետի հետ հոկտեմբերի 14-ին այցելել է գյուղ: Հրավիրել են նաեւ Հոռոմի համայնքապետին, որպեսզի տեղում պարզեն, թե ինչու հովտաշենցիները չեն սիրում հոռոմցիներին, կամ թե ինչու են հոռոմցիները ճնշում հովտաշենցիներին: «Փոխվարչապետը բացատրեց, որ դա ֆինանսական միջոցների կրճատման համար է արվում, բայց դե, արեք ճիշտը մտածենք, ախպերն ախպոր հետ չի ուզե մե տան մեջ ապրի, գյուղ գյուղի վրա ի՞նչխ է հնարավոր: Անհնար է: Ինքը բերեց Լատվիայի, Լիտվայի օրինակը, բա թող հլա Բելառուսի օրինակը բերեր: Հետո էլ, թե` ուզեք-չուզեք, մեկ է` պիտի միացնենք, ըդպես բան կեղնի՞, զոռով պիտի միացնեն»,- հարցնում է հովտաշենցի Լյովա Դիլանյանը:
71-ամյա հովտաշենցի Հենրիկ Մելիքյանը դժգոհ է հայրենի Կառավարության վարած քաղաքականությունից: «Լիքը փոքր գյուղեր կան ավելի քիչ բնակչությամբ, քան Հովտաշենը,- մատները հերթով ծալելով` թվարկում է Հենրիկ պապը,- Հայկասար, Կրաշեն, Լուսակերտ, Փարոսգ , ի՞նչ են մեզնից կպել: Մենք գոհ ենք մեր գյուղապետից, հաստիք կուզեն կրճատել, թող կրճատեն, մեզի մե գյուղապետն էլ է հերիք: Հարկերը կուտանք, մեր չափով կապրինք»:
Հովտաշենի համայնքապետ Սեյրան Փիլոսյանը 2000 թ. համայնքապետարանն իր նախորդից ընդունել է 13 մլն դրամ ապառքով ու անցած տարիներին ամբողջը հավաքագրել է, անգամ նախկին համայնքապետի չվճարած 5 մլն դրամ հարկային պարտքը: Աշխատավարձի պարտք չունեն: Աշխատակազմն ընդամենը 4 հոգի է, համայնքապետի աշխատավարձն էլ 30 հազար դրամ է: Այս տարի սեփական եկամուտները կատարել են 75%-ով, նախատեսված 1 մլն 230 հազար դրամից 9 ամսում հավաքագրել են 930 հազար դրամ: «Մենք շատ կտարբերվինք հոռոմցիներից, չնայած սաղ կյանքներս իրար կողք ենք ապրել, դրանք իսկական զավթիչներ են, վախտին մեր հողերը զավթե, վրեն տուն են սարքել: Փոխվարչապետի եկած օրվա իրիկունն էլ հոռոմցի ջահելները ավտոները նստած գյուղի մեջով վեր ու վար կենեին ու կգոռային, թե իրանց գյուղն է, ինչխ ուզեն` ըդպես էլ ման գուկան, հետո էլ ծեծկռտուք սարքին գյուղի մեջ: Էդ հըլը չենք միացել` ըդպես բաներ կենեն, մեզի կծեծեն, բա որ միանանք ի՞նչ կեղնի»,- ասում է Լյովա Դիլանյանը:
Հոռոմի համայնքապետն ավելի հանգիստ է վերաբերվում խոշորացման ծրագրին: «Մենք հովտաշենցիների հետ խնդիրներ չունենք,- հանդիպման ժամանակ ասաց Հոռոմի համայնքապետ Սարգիս Դավթյանը,- Հոռոմը 2500 բնակիչ ունեցող գյուղ է, միջնակարգ դպրոց ունի, բուժամբուլատորիա, մշակույթի տուն, մանկապարտեզ: Ընդհակառակը, որ միանանք` մեր հոգսն ավելանալու է, որովհետեւ Հովտաշենում անելիք շատ կա, իրենց համար ավելի լավ է լինելու, եկած փողը հիմնականում իրենց վրա ենք ծախսելու»: Սարգիս Դավթյանը համոզված է, որ եթե գյուղերը միավորվեն, համայնքի ղեկավար ինքն է մնալու: «Դուք Հովտաշենի համայնքապետարանը տեսա՞ք,- հետաքրքրվեց համայնքապետը եւ, դրական պատասխան ստանալով, շարունակեց,- դե համեմատեք մերի հետ, էլի, հեչ համեմատելու բան չկա, մանավանդ որ էս տարի էլ կապիտալ վերանորոգում ենք արել: Ախր Հովտաշենն իր 3-4 մլն դրամ բյուջեով հեչ բան չի կարողանում անել, իսկ Հոռոմի տարեկան բյուջեն 33 մլն է: Մենակ էս ծրագրի հետ կապված մի բանի եմ ես դեմ` անվանափոխությանը, դարերով մեր գյուղի անունը նույնն է եղել ու չենք համաձայնվի, որ հանկարծ Հոռոմ անունը փոխվի»:
Հոռոմցի Լյովա Ղազարյանը ոչ մի վատ բան չի տեսնում գյուղերի միավորման մեջ: «Համայնքը կմեծանա, միջոցները կշատանան, հովտաշենցիներն էլ մեկից կգան մեր դպրոցում կսովորեն, թե չէ` իրենցը 8-ամյա է, համ էլ երեխեքը մանկապարտեզից կօգտվեն»,-ասում է Լյովա Ղազարյանը:
Հոռոմի համայնքապետարանի հաշվապահ Մերուժան Սահակյանը երկու գյուղերի միացումը մեկնաբանում է մասնագիտական տեսանկյունից. «Տեսեք, ինչխոր թազա բաժանված քյասիբ երեխուն ծնողը փողով օգնե, շատ ծախս պիտի անե, չէ՞,- հարցնում է Մերուժան Սահակյանն ու ինքն էլ հաստատում,- իհարկե, պիտի անե, ըդպես էլ մենք, Հովտաշենի վրա շատ ծախս պիտի անենք, կմտածեմ, որ էս խոշորացումից հովտաշենցիները մենակ օգուտ կունենան»: Թե իրականում ո՞ր համայնքն առավել կօգտվի խոշորացման այս ծրագրից, դեռեւս երկու համայնքի բնակիչների համար էլ հստակ չէ: Միայն թե հովտաշենցիները որոշել են պայքարել իրենց անկախության համար, ստորագրահավաք են կազմակերպելու խոշորացման ծրագրի դեմ, մտածում են ակցիա անեն ու մեկ օրով փակեն Երեւան-Գյումրի մայրուղին: Հովտաշենցիները դեռ հույս ունեն, որ իրենց կարծիքն այս գործընթացում հաշվի կառնեն ու զոռով չեն միացնի հարեւան գյուղին:
Մեկնաբանել