HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Արդյո՞ք փոքր հիդրոէլեկտրակայանները էկոլոգիապես մաքուր են

Արդեն մի քանի տարի է բնապահպանների ու էներգետիկների միջեւ ծագած «ջուրը ՀԷ՞Կ-ին, թե՞ գետին» անհամաձայնությունների առանցքը «բնապահպանական թողք» ասվածն է: Բնապահպանական թողքը ջրի այն ծավալն է, որը սահմանված չափով մնում է գետին, իսկ ջրի մնացած ծավալը տեղափոխվում է ՀԷԿ:

Բնապահպանները կարծում են, որ գետին թողնված ջուրը քիչ է եւ բավարար չէ ձկների գոյության համար, ՀԷԿ-երի սեփականատերերն էլ ջրից զրկվելու դեպքում պահանջում են արտադրած էներգիայի սակագների բարձրացում կամ դրամական փոխհատուցում:

Գետում մնացած ջուրը կարելի է հաշվել մի քանի դույլերով

Պարզաբանենք` ինչպես է հաշվարկվում բնապահպանական թողքը, քանի որ դրանից է ծագում խնդիրը: Նախ հաշվարկում են, թե որքան ջուր է եղել տվյալ գետում տարվա ամենասակավաջուր օրը: Այս հաշվարկի համար հիմք են ծառայում 15-30 տարիների ընթացքում գրանցված հիդրոլոգիական դիտարկումները: Սա գետի այն նվազագույն ծավալն է, որը միշտ կա: Այս ծավալից, ըստ գործող կարգի, ՀԷԿ-երն իրավունք ունեն վերցնել ջրի մինչեւ 25 տոկոսը, իսկ մնացած 75 տոկոսը թողնել գետին որպես բնապահպանական թողք: Արտաքուստ կարող է թվալ, թե գետին մնում է կեսից ավելին` 75 տոկոս ջուր: Սակայն խնդիրն այն է, որ այդ 75 տոկոսը հաշվարկվում է գետի նվազագույն ծավալից: Այսինքն` հաշվարկով գտնում են ջրի նվազագույն քանակը եւ դրանից հանում գետի հասանելիքը` 75 տոկոսը, բայց լինում են տարիներ եւ տարվա ընթացքում ամիսներ, երբ գետի ջրի ծավալը հասնում է առավելագույնի, սակայն գետի հասանելիքը դրանից չի փոխվում. այն միշտ հաշվարկվում է գետի նվազագույն ծավալից: Օրինակ` Այրք գետում (սակավաջուր տարում) հունվարին լինում է 0.2խմ/վրկ ջուր: Այս ծավալից 75 տոկոսը մնում է գետին, մոտավորապես 0.02խմ/վրկ ջուր` 20լ կամ 2 դույլ ջուր վայրկյանում: Մայիսին գետում ջրի ծավալը հասնում է մոտ 1խմ/վրկ, սակայն գետի բնապահպանական թողքը հաշվարկվում է նվազագույն ցուցանիշներից` 0.2խմ/վրկ-ից եւ արդյունքում կլոր տարի գետի այդ հատվածում` ջրառի կետից մինչեւ ՀԷԿ, վայրկյանում հոսում է 2 դույլ ջուր: Ի դեպ, հենց գարնանային ամիսներին է, որ ՀԷԿ-ն ապահովում է իր արտադրանքի 50-60 տոկոսը: Եվ հրաժարվել այս ամիսների ջրից` նշանակում է կորցնել զգալի եկամուտ: «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետի տեղակալ Ալեքսեյ Թարվերդյանը 50-ից ավելի ՀԷԿ-երի նախագծերի փորձագետ է եղել: «ՀԷԿ-երի նախագծային ընկերությունները որպես նորմավորման հիմք վերցնում են դիտարկումների ամբողջ շարքի միջին օրական նվազագույն ցուցանիշները, որի պատճառով գետում որպես թողք շատ քիչ ջուր է մնում: Նախագծերի մեծ մասի փորձագիտական եզրակացություններում նշել եմ, որ բնապահպանական թողքերը ճիշտ չեն հաշվարկված, սակայն ոչինչ չեմ կարող անել, քանի որ թողքերի հաշվարկման կարգը հստակ չէ: Եթե հիմա այս ձեւով շահագործենք մեր գետերը, մենք կգնանք դեպի անապատացում»,- ասում է պրն Թարվերդյանը:

«Մենք առաջարկում ենք մեծացնել թողքի ծավալը, քանի որ մեր գետերի եւ լճերի 38 ձկնատեսակներից 9-ը բնակվում են գետերի վերին հոսանքներում, որտեղ սովորաբար եւ տեղադրում են ջրընդունիչ կառույցները: Սակայն մեզանից պահանջում են հիմնավորել, որ թողած ջուրը քիչ է ձկների համար, իսկ նման հիմքի համար ուսումնասիրություն չկա»,- ասում է Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը:

Մասնագետները նշում են նաեւ, որ ճիշտ չէ գետի նվազագույն ծավալը հաշվարկել` հիմք ընդունելով 30 տարվա հնության դիտարկումները: Նրանք նշում են, որ դրանք ոչ թե սխալ են, այլ հին: Կլիմայի փոփոխության պայմաններում այդ տվյալները չեն կարող ցույց տալ գետերում եղած ջրի քանակի իրական պատկերը:

«1961-1990 թթ.-ի ընթացքում ձնածածկույթի ձեւավորման եւ հալոցքի պատկերը փոխվել է, ինչի արդյունքում Հայաստանում ձյան տեսքով ջրային պաշարները պակասել են 5-10 տոկոսով, իսկ մեր գետերի որոշակի մասի (20-40 տոկոս) սնուցումն իրականացվում է ձնհալքի միջոցով: Տեղումները կրճատվել են 3-6 տոկոսով: Կլիմայի փոփոխության հետեւանքով գետերի հոսքի խոցելիության քանակական գնահատումը ցույց է տալիս, որ Հայաստանի գետերի ընդհանուր հոսքը 2030 թ.-ին կպակասի մոտ 7 տոկոսով, իսկ 2100 թ.-ին` 24 տոկոսով»,- ասում է ՄԱԶԾ-ի Էներգախնայողության եւ մթնոլորտի պահպանության տարեկան աշխատանքային պլանի կառավարիչ Դիանա Հարությունյանը:

Բնապահպանական թողքերի ավելացման դեպքում կնվազի ՀԷԿ-երի արդյունավետությունը

«Մի բանում վստահ եմ` արտադրված էլեկտրաէներգիայի չափը կնվազի»,- ասում է «Գիդէպինվեստ» նախագծային ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը: «Եթե կառավարությունը որոշեց փոխել թողքի հաշվարկման մեթոդիկան, ապա կորուստը պետք է փոխհատուցվի կամ արտադրված էներգիայի սակագնի վերանայում լինի»,- ասում է նա: «Մենք հաշվարկել ենք, որ եթե էկոլոգիական թողքը շատացնենք երեք անգամ, մեկ ՀԷԿ-ը կկորցնի ընդամենը 12 տոկոս էներգիա արտադրելու հնարավորություն: Հաշվի առնելով, որ գործող ՀԷԿ-երն արտադրում են էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի 5 տոկոսը, մենք կարծում ենք, որ դա շատ քիչ է, որպեսզի գետերին հասցված վնասը հնարավոր լինի արդարացնել»,- ասում է Արամ Գաբրիելյանը: «Գիդէպինվեստ» ՍՊԸ-ի տնօրենը պատրաստ է մասնակցել խնդրի լուծմանը, սակայն խնդրում է ներկայացնել կոնկրետ հաշվարկ: Իսկ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում միանգամից արձագանքում են, որ բնապահպանական թողքի հաշվարկման մեթոդաբանության փոփոխման դեպքում դժվարություններ կառաջանան:

«Գործարարներն իրենց նախագծերում էկոլոգիական թողքը հաշվարկել են գործող կարգով: Վարկ են վերցրել: Եթե ավելանա էկոլոգիական թողքը, կնվազի ՀԷԿ-ի ջրառի ծավալը, բնականաբար, կնվազի նաեւ էլեկտրաէներգիայի արտադրանքը ու այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչպե՞ ս է իրավիճակը կարգավորվելու»,- ասում է նախարարության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը: Այժմ «ջուրը ՀԷ՞Կ-ին, թե՞ գետին» հարցը ձգձգվող քննարկումների փուլում է: Պետք է նշել, որ բնապահպանական թողքերի հաշվարկման գործող կարգը ժամանակավոր է, եւ նախատեսվում է գետերի թողքերի որոշման մեթոդների մշակում եւ հաշվարկ: Մինչ կարգի փոփոխությունը բավականին ժամանակ կանցնի, կկառուցվեն նոր ՀԷԿ-էր, իսկ թե ինչպե՞ս նոր կարգը կազդի արդեն գործող ՀԷԿ-երի վրա` հայտնի չէ: (Ծրագրված 115 ՀԷԿ-երից 74-ն արդեն գործում է): ՓՀԷԿ-երի բիզնեսը բավականին գրավիչ է, մանավանդ, որ պետությունը երաշխավորել է բոլոր փոքր հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի յուրացման շուկան` 15 տարիների ընթացքում վճարելով 17 դրամ 1կվտ/ժ-ի համար: Համեմատության համար նշենք, որ մեծ ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան գնվում է 1.18 դրամով:

Մեր զրուցակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, կարծիք հայտնեց, որ 90-ական թթ.-ին, երբ իսկապես էլեկտրաէներգիայի ապահովման խնդիր կար, ՀԷԿ-երի բիզնեսի խթանումն արդարացված էր, սակայն այսօր դրա իմաստը կորչում է, քանի որ Հայաստանը էլեկտրաէներգիայի պակաս չունի եւ պետք է նաեւ բնապահպանության մասին մտածել: Իսկ բնապահպանության մասին դժվար է մտածել: «Հայաստանում բնապահպանությունը չունի մոտիվացիա, մինչդեռ եկամուտ ստանալու շահագրգռվածության հիմքերը բավականին խորն են»,- ասում է Արամ Գաբրիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter