HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սասունցիները չեն ցանկանում, որ թուրքերի հետ սահմանը բացվի

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, որտեղ բոլորը սասունցիներ են կամ նրանց ժառանգներ, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելը «տաբու» է: Համայնքապետ Առաքել Հարոյանը արգելում է այդ մասին խոսել:

Հոկտեմբերի 18-ին, երբ Ուջանի հիմնադրման 90-ամյակի միջոցառման ժամանակ զրուցում էինք ուջանցիների հետ, համայնքապետը խիստ հրահանգում էր գյուղացիներին, որ միայն «պատմություններ պատմեն ու շատ բան չխոսեն»: Ա. Հարոյանը նույնպես չցանկացավ այդ թեմայով խոսել. «Ըտենց բաներ ինձանից մի հարցրեք»: Այնուամենայնիվ, գտնվեցին գյուղացիներ, որոնք հաղթահարելով գյուղապետի «արգելքը»` կարծիք հայտնեցին հայ-թուրքական հարաբերությունների եւ սահմանի բացման վերաբերյալ: 26_10-shavarsh

Շավարշ Ստամբոլցյանն ասաց, որ ինքը խորհուրդ չի տալիս սահմանը բացել: «Թուրքը մեր թշնամին է, ու նրա նկատմամբ վստահություն չկա: Կարող է աղվեսություն անի, սահմանը բացի, բայց դրանից էլ լավ բան չկա: Թուրքիան հարուստ երկիր է, կգան մեր հողամասերը կառնեն, ստեղ էլ աշխատանք չկա` պատերի տակ նստած ենք, մեզ էլ ստրուկի պես կաշխատացնեն: Հիմա ոնց կանք, ըտենց էլ թող մնանք: Բայց թող աշխատեն Ցեղասպանությունը հաստատեն, մեր հողերն էլ ետ բերեն: Թեեւ ես ցանկություն չունեմ գնամ ընդեղ ապրեմ, բայց հայրս Ստամբուլից է եղել ու ուզում եմ գնամ Ստամբուլը տեսնեմ»,- ասաց Շ. Ստամբոլցյանը: Նրա ասելով` Թուրքիայից ոչ մի լավ բան չի տեսել: «Իրենք անվստահելի ազգ են: Էսօր սահմանը բացեն, էգուց կարող ա մի քիչ հանգստացնեն հայ ժողովրդին, եվրոպաներին ու նորից փակեն: Մի կողմից էլ լավ է, եթե ճանապարհը բացվի, Վրաստանից էլ կախման մեջ չենք լինի: Մեր մի թշնամին էլ Վրաստանն է: Երկրաշարժի ժամանակ մեզ ինչ ուղարկեցին` վրացիները թալանեցին: Տեսեք, ես լավն էլ ասեցի, վատն էլ, բայց ես ավելի շատ վատն եմ տեսնում Թուրքիայից»,- ավելացրեց Շ. Ստամբոլցյանը: 26_10-almast

90-ամյա Ալմաստ Հարությունյանը պատմեց, որ մի քանի օր առաջ խանութ գնալիս հանդիպել է գյուղամիջում կանգնած 2 երիտասարդների: Նրանք Ալմաստ տատին հրավիրել են զրույցի ու հետո խնդրել սահմանի բացման դեմ ստորագրություն թողնել: «Ես էլ մտածեցի, թե հարկահավաքներ են եկել ու փող են ուզում` դողն ընկավ սիրտս: Երիտասարդ տղաներ էին, ասին` արի ստորագրի, որ դու դեմ ես սահմանի բացմանը: Իրանց ասեցի, որ դուք հայրենիքի դավաճաններ եք ու գնացի: Բալա ջան, թշնամութունից ոչ մի լավ բան մի սպասի: Էլի բարեկամությունից, ամոթխածությունից զգացմունք կա: Թող սահմանը բացվի, հարաբերություններ հաստատվեն»,- ասաց Ալմաստ տատը: Ալմաստ Հարությունյանը Հայոց ցեղասպանության մասին 2 գրքերի հեղինակ է` «Քառասուն օր դիակների մեջ» եւ «Սասնա լեռներում» վերնագրերով: Այս օրերին լույս կտեսնի նաեւ այդ թեմայով նրա երրորդ գիրքը` «Փշալարերի ողբը»: «Ես ատելով ատում եմ թուրքերին, որովհետեւ իմ հոր ընտանիքի բոլոր անդամներին սպանել են: Մորս ընտանիքի 47 անդամներից միայն մայրս է հրաշքով փրկվել: Թուրքը լավ ազգ չի, բայց բարեկամությունը, հաշտությունը շատ լավ է: Կարող է վերջը լավ լինի կամ էլ ընդհակառակը` վատ լինի: Տեսեք, որ թուրքերը սկսեցին մեզ հետ մոտիկություն անել, Ադրբեջանը սկսեց նեղանալ: Թուրքերը բիլամ դրոշները չթողեցին, որ ադրբեջանցիները ֆուտբոլի դաշտ բերեն: Ուրեմն ստեղ ինչ-որ բարություն կա: Իհարկե, հայ ժողովուրդը քնած չի: Մենք կպաշտպանենք մեր երկիրը»,- հուզված ասաց Ալմաստ տատը: 26_10-erjanik

Ուջանցի Երջանիկ Հարությունյանի մայրը Վանից է եղել, հայրը` Տիգրանակերտից: Վերջերս նրա ազգականներից մեկը գնացել էր Տիգրանակերտ եւ ետ գալով պատմել է, որ պապերի հողն ամբողջությամբ քրդերով է բնակեցված: Այդ լուրը զայրացրել է Երջանիկ պապին, եւ նա որոշել է հնարավորության դեպքում անձամբ տեսնել հոր երկիրը: «Հայրս պատմում էր, որ հայ տղամարդկանց թուրքերը հավաքել են մի տեղ, որ սպանեն, բայց գիշերով Անդրանիկ զորավարը եկել, ազատել է: Իրենց էլ նստեցրել է գնացք ու ուղարկել Հայաստան: Հորս ազգականները 70 շունչ են եղել, բայց միայն հայրս է կենդանի մնացել: Հերս սկզբում ապրել է Էջմիածնում, Դրոյի զինվորներից է եղել, հետո հանդիպել է 2 տիգրանակերտցիների ու եկել է Ուջան: Գալով Հայաստան` հայրս միշտ ուզել է անցնել սահմանը ու նորից գնալ Տիգրանակերտ»,- պատմեց Երջանիկ պապը: «Կո՞ղմ եք, որ այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի հետ»,- հարցրի Երջանիկ Հարությունյանին: «Այ հոգուդ մատաղ, ի՞նչ իմանամ` հիմա որ սահմանը բացեն, ո՞նց կլինի: Դարերի ընթացքում հայն ու թուրքն իրար հետ ապրել են: Բայց մեկ էլ մտածում եմ, թե ի՞նչ սահմանի բացման մասին է խոսքը` իմ 70 բարեկամներին սպանել են: Հիմա պարզ չի, թե սահմանի բացումը ինչ կտա հայերին: Մենք ինչ ունեինք` կորավ գնաց, սաղ մնաց թուրքերին»: Տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Դավիթ Երիցյանն ասաց, որ սահմանի բացմանը կողմ է ամբողջ հայ ժողովուրդը, եւ պետությունների միջեւ փակ սահմաններ չպետք է լինեն: «Բայց եթե այդ արձանագրություններում նշված պահանջներով պիտի բացվի` կտրուկ «ոչ» ենք ասում սահմանի բացմանը: Կարծում եմ` հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Այս պահին վտանգը մեծ է, քանի որ թուրքը մեզ համար վտանգներով լի հարեւան է եղել եւ հիմա էլ շարունակում է վտանգավոր լինել: Եթե մի պետություն չի ընդունում իր մեղքը եւ ցեղասպանությունը չի հաստատում, նույնիսկ վախենում ենք, որ կարող ենք նորից ցեղասպանության ենթարկվել: Ցեղասպանությունը միայն մարդուն ոչնչացնելը չէ: Ցեղասպանությունը նաեւ փակ սահմաններն են, մշակութային արժեքների ոչնչացումը, տնտեսական բլոկադայի մեջ պահելը եւ այլն: Սա էլ է ցեղասպանություն: Եթե այսօր Թուրքիան չի զղջում եւ ընդհակառակը` բարդում է հայ ժողովրդի վրա, ուրեմն այդ ազգն ընդունակ է նոր ցեղասպանություն իրականացնել»,- նշեց Դ. Երիցյանը: Նրա կարծիքով` եթե այս արձանագրությունով սահմանը բացեն, ճակատագրական է լինելու հայ ժողովրդի համար: «Արձանագրությունները միշտ էլ ենթակա են փոփոխման: Բոլոր դեպքերում, մենք դեռ տեղ ունենք եւ հույս ունեմ, որ եւ Սահմանադրական դատարանը, եւ Ազգային ժողովի պատգամավորները խոհեմ կմտածեն եւ այդ արձանագրությունը չեն հաստատի»,- հույս հայտնեց նախկին փոխնախարարը: Ուջանցի ազատամարտիկները նույնպես դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ այդ հարաբերությունների լավացման հիմքում թուրքերը դնում են Ղարաբաղի հարցի կարգավորումը` ի շահ Ադրբեջանի: 26_10-grigor

«Ես գտնում եմ, որ Ադրբեջանին տարածք տալն ամենասխալ քայլը կլինի, քանի որ անկախ ամեն ինչից` լավ ընկերներ կորցրինք եւ ունեցանք մեծ հաղթանակ: Եթե մի ստորագրությամբ տարածքները ետ տան, այդ հաղթանակն ու արյունն ուրանան, ուրեմն դա դավաճանություն է հայ ազգի նկատմամբ: Մենք զիջելու ոչ մի բան չունենք: Եթե վերեւներում ինչ-որ բան ունեն, թող գնան իրանց եղածը զիջեն: Որպես ազգ, որպես հայ` մենք ոչ մի կտոր հող զիջելու չունենք: Եթե Սերժ Սարգսյանը կամ մյուսը ուզում են զիջեն, թող իրենց անձնական միջոցներից կիսեն, տանեն տան թուրքերին»,- ասաց ազատամարտիկ Գրիգոր Ազատյանը: Նա նշեց, թե մենք թուրքերի հետ թշնամի ենք եւ չենք կարող հարաբերություններ հաստատել: «Ես դեմ եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ լինի: Այս հարցը կարելի է փակ համարել, մինչեւ մեր տարածքները ետ չտան: Մենք պետք է պահանջատեր լինենք: Եթե Թուրքիան այսօր Արցախի հարցը կապում է Ադրբեջանի շահի հետ, ուրեմն մեզ պետք չի այդ բաց սահմանը»,- ավելացրեց Գ. Ազատյանը: 26_10-harutyun

Գրեթե նույն կարծիքն ունի ուջանցի մեկ այլ ազատամարտիկ` Հարություն Մկրտչյանը: Նա կողմ է սահմանի բացմանը, բայց ոչ այս պայմաններով: «Այս արձանագրությունը որ ստորագրեցին, ոչ միայն ես, այլեւ Ուջանի բոլոր կռված տղաները դեմ են: Այսօր պատրաստ ենք նորից կռվելու: Մեր ընկերներն իրենց կյանքը զոհեցին, արյուն թափեցին: Մենք պահանջ ունենք այսօրվա կառավարությունից եւ նախագահ Սերժ Սարգսյանից: Տարածքները միայն մեկ պայմանով կարող են ետ վերադարձնել, երբ մեզ վերադարձնեն Նախիջեւանը, Գետաշենը եւ այլն: Պետք է վարեն այնպիսի դիվանագիտական քաղաքականություն, որ Ադրբեջանը դրան համաձայն լինի: Մեր իշխանություններն այսօր նման քաղաքականություն չեն վարում: Հաղթած երկիրն իրավունք չունի նման թույլ քաղաքականություն վարել: Պարտվածը պետք է ինքը գա խնդրի, ոչ թե մենք պետք է գնանք նրա գիրկն ընկնենք, թե եկեք տարածքները փոխանակենք կամ ետ վերադարձնենք»,- ասաց արմատներով սասունցի Հարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter