HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրությունների առաջին պտուղները

26_10-A-PapyanՀայ-թուրքական արձանագրությունները պաշտպանողները մերժում էին բոլոր այն զգուշացումները, որ դրանք բացասաբար կանադրադառնան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Ավելին, ես, ի թիվս այլոց, կանխատեսում էի, որ բացասական հետևանքներ կլինեն նաև այն երկրներում, որտեղ Ցեղասպանությունն արդեն ճանաչված է: Ցավոք սրտի, ես ճիշտ էի: Խոսենք օրինակներով: Կանադան, այն սակավ երկրներից է, որը և՛ խորհրդարանի (2002 թ., 2004 թ.) և՛ կառավարության մակարդակներով (2006 թ.) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար, 2004 թ.-ից հետո իրեն հարգող և ոչ մի լրատվամիջոց չէր տպագրում կամ հեռարձակում Հայոց ցեղասպանությունը ժխտող որևէ հոդված կամ հաղորդում: Ավելին, երբ 2006 թ. փետրվարին, ի պատասխան Embassy magazine ազդեցիկ հանդեսում իմ հրաժեշտի հարցազրույցում Հայոց ցեղասպանության հիշատակման, Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները բողոքեցին, հանդեսի խմբագրությունն առանց մեր միջամտության գրեց, որ «ցեղասպանության եղելությունը չի կարող վիճարկվել, քանի որ այն կասկածի չի ենթարկվում»: Հստակ և միանշանակ: Տեսնենք ի՞նչ ունենք հիմա: Արձանագրությունները ստորագրելուց ընդամենը տասն օր հետո նույն հիշատակածս Embassy magazine-ը (21 հոկտեմբերի, 2009 թ.) Գույնե Դըյերի (Gwynne Dyer) հեղինակությամբ տպագրում է հոդված, որտեղ նշում է. «հայաստանցի հայերը գործարքի մեջ են մտել» (the Armenians back home have made a deal), «ստեղծելու համատեղ պատմական հանձնաժողով` որոշելու համար թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել 1915թ.-ին» (create a joint historical commission to determine what actually happened in 1915): Հեղինակն իր հոդվածը միանշանակորեն եզրափակում է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ «ցեղասպանություն չէր» (It was not a genocide): Եվ սա Հայոց ցեղասպանությունը ճանաչած Կանադայում: Մենք, փողոցի լեզվով ասած, գցել ենք Կանադային և նա մեզ չի ներելու: Գցողներին չեն ներում, անգամ միջպետական հարաբերություններում: Հիմա հերթական կանխատեսում: Այն բանից հետո, երբ արձանագրությունները կվավերացվեն (աստված չանի), այսինքն` մենք օրենքի ուժով կասկածի կենթարկենք Հայոց ցեղասպանությունը (խնդրեմ ձեր առարկությունները պահել կանադական դատարանների համար) կանադական դատարանները կլցվեն «պատիվն ու արժանապատվությունն արատավորող» նախկինում կատարված հայտարարությունների դեմ հայցադիմումներով: Չէ՞ որ մենք թուրքական պետությանը, հետևաբար նաև Կանադայի քաղաքացի թուրքերի անունը, արատավորել ենք` նրանց զրպարտել ենք դեռևս ապացուցման կարիք ունեցող և ենթահանձնաժողովի կողմից քննվելիք հանցանքի (ցեղասպանության) մեջ: Քանի որ Կանադայի դատական համակարգը բարոյական վնասի դիմաց նախատեսում է դրամական հատուցում, ուստի առաջարկում եմ ՀՀ հաջորդ տարվա բյուջեի մեջ առանձնացնել մի քանի հարյուր միլիոն դոլար (ոչ պակաս)` բարոյական վնասների դիմաց հատուցումներ կատարելու համար: Ի վերջո հայցադիմումների վերջնահաշիվը մեզ են դեմ տալու: Արա Պապյան «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter