«Ես օգտվում եմ «ԱրմենՏելի» ծառայությունից, ինչո՞ւ ընկերությունը չի ապահովում իր սպառողի անվտանգությունը»
Արթուր Թադեւոսյանը բնակվում է իր քրոջ` Հասմիկ Բաբայանի բնակարանում: Նրանց տան հեռախոսը հուլիսից արգելափակված է: Պատճառը պարտքերն են, որոնք գոյացել են ինտերնետի dial-up ծառայությունից: Արթուրի որդին ինտերնետին միանում է` օգտվելով «ԱրմենՏելի» dial-up ծառայությունից:
Սակայն մայիս եւ հունիս ամիսներին, պարզվում է, նրանց հեռախոսահամարից աֆրիկյան երկրներ զանգեր են կատարվել: Մայիս ամսվա ընթացքում պարտքը կազմել է մոտ 90, իսկ հունիսին` 70 հազար: Հուլիսին նույնպես նմանատիպ զանգեր եղել են, բայց «ԱրմենՏելը» արգելափակել է հեռախոսը: Մինչ օրս Արթուրը չի ուզում եւ չի կարող վճարել գոյացած 173 հազար դրամ պարտքը: «Մենք չէինք կարող եւ չենք էլ զանգահարել այդ երկրներ, քանի որ ոչ բարեկամներ ունենք, ոչ ծանոթներ, ոչ էլ հարազատներ»,- պնդում է Արթուրը: «ԱրմենՏել»-ից Արթուր Թադեւոսյանին բացատրել են, որ դա ինտերնետային վիրուսի հետեւանք է, որը մեխանիկորեն մուտք է գործում համակարգիչ, եթե անջատված չեն հեռախոսագծի միջազգային զանգերը: Արթուրն իր հերթին պնդում է, որ իրենց համակարգիչը հակավիրուսային ծրագիր ունի, վիրուսներից պաշտպանված է: «Ես օգտվում եմ «ԱրմենՏելի» ծառայությունից, ինչու՞, ուրեմն, ես պաշտպանված չեմ, ինչու՞ ընկերությունը չի ապահովում իր սպառողի անվտանգությունը: Պայմանագրում չկա նման կետ, որն ինձ պարտավորեցներ վճարել այն զանգերի համար, որ ես չեմ կատարել, այլ իրենց ոչ անվտանգ կապից օգտվելու արդյունքում են կատարվել»,- ասում է Արթուր Թադեւոսյանը: Նա բազմաթիվ նամակներով դիմել է «ԱրմենՏելի» ղեկավարությանը, սակայն որեւէ դրական արձագանք չի ստացել: «Անցանկալի միջազգային զանգերից խուսափելու համար առաջարկում ենք մինչեւ հանրային ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելը արգելափակել հեռախոսահամարի միջազգային ելքից զանգերի հնարավորությունը»,- մի քանի նամակների նույն կերպ պատասխանել է Հաճախորդների սպասարկման աջակցման բաժնի պետ Ն. Պետրոսյանը: Դեռեւս 2006 թ.-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 5-ի որոշմամբ պարտավորեցրեց «ԱրմենՏել»-ին մատուցված հիմնական միջազգային հեռախոսային ծառայությունների դիմաց հաշվարկված գումարները ներել (վճարված լինելու դեպքում` ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների գծով ձեւակերպել կանխավճար) այն բաժանորդներին, որոնք ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու ժամանակ մոլորությամբ միջազգային զանգ են կատարել եւ միջազգային հեռախոսային ծառայությունների դիմաց հաշվարկված գումարների չափի վերաբերյալ Ընկերությանը գրավոր բողոք են ներկայացրել 2006 թվականի ապրիլի 1-ից մինչեւ այս որոշումն ուժի մեջ մտնելու պահը: Նույն որոշման համաձայն, մեկ տարվա ընթացքում, պարբերաբար` ամիսը մեկ անգամ, ընկերությունը պարտավորվում էր զանգվածային լրատվության միջոցներով հանրությանը իրազեկել անցանկալի կամ մոլորությամբ կատարվող միջազգային զանգերից խուսափելուն ուղղված միջոցառումներին: «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժնի` «Հետքին» տրամադրած տեղեկությունների համաձայն` ներկայումս գրանցվել է դիմումների աճ` կապված տեղական համարներին զանգահարող վիրուսների հայտնվելու հետ: Այս պահին «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ուղղված դիմում-բողոքների շուրջ 40 տոկոսը կազմում են վիրուսների միջոցով կատարված զանգերի մասին բողոքները: Դիմումների նվազագույն քանակը գրանցվել է 2007 - 2008 թվականներին: Վիրուսի միջոցով իրականացված զանգերը հիմնականում կատարվում են Շվեյցարիա, Ավստրիա, Ռուսաստան, Լիտվա, Սիերա-Լեոնե, Սան Տոմե եւ Պրինսիփի, ինչպես նաեւ զանգեր դեպի ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող տեղական Յունիթել, Բիոնեն եւ Կորնետ պրովայդերների համարներ: «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանը վստահեցնում է, որ ամենաանվտանգ միջոցը, այնուամենայնիվ, միջազգային հեռախոսագծի արգելափակումն է: Սակայն Ընկերությունը մտնում է բաժանորդների վիճակի մեջ: «Վերջին մեկուկես տարվա մեջ այդպիսի դեպք չի եղել, որ այդ թիվը հասնի աստղաբաշխական գումարների, խոսքը գնում է 10-15, ամենաշատը` 100 հազար դրամ գումարի մասին: Օրենքով բաժանորդը ինքը պետք է մտածի ու հոգա դրանից խուսափելու համար, որովհետեւ թե իրազեկումը, թե սպասարկման բաժինը տեղեկացնում է, եթե դիմում են, բայց պատասխանատվությունը կրում է բաժանորդը»,- պարզաբանում է Անուշ Բեղլոյանը: Նրա խոսքերով` եթե բաժանորդը սոցիալապես անապահով է կամ ի վիճակի չէ այդ գումարը վճարել, ընկերությունը չի անջատում հեռախոսը, այլ առաջարկում է երեք ամսից մինչեւ մեկ տարվա ընթացքում վճարել առաջացած պարտքը: Իսկ ծայրահեղ դեպքերում զրոյացնում են: «ԱրմենՏել»-ում համապատասխան անվտանգության համակարգ մշակելու եւ համապատասխան աշխատակիցներ ունենալու խնդիրը, ըստ Անուշ Բեղլոյանի, շատ է քննարկվում ընկերության ներսում: Սակայն դեռեւս չկա որեւէ միջոց այդ զանգերը տարբերելու: «Մենք տեսնում ենք, որ այդ համարից շատ զանգ է գնացել կասկածելի համարի վրա, մենք այդ համարը փակում ենք: Մեկ ամիս հետո ուրիշ համար է հայտնվում: Մեր համակարգը չի ճանաչում այդ համարը որպես վիրուս, ինքը ոչ մի ձեւով չի տարբերվում սովորական զանգից: Դա մեզ էլ է տհաճ, եթե լիներ մի միջոց, մենք այդ խնդրից մեկընդմիշտ կազատվեինք»,- ասում է հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն: Վերջինիս հավաստմամբ` «ԱրմենՏելը» մեծ գումարներ է կորցնում այդ վիրուսների պատճառով: Նախ` որ պարտքերն է ներում, հետո` պարտավորված է միջազգային օպերատորներին վճարել կատարված վիրուսային զանգերի համար: Ներկայումս «Dial-up Ինտերնետ Beeline» ծառայությունը հասանելի է Երեւան, Էջմիածին, Վանաձոր, Աշտարակ, Եղեգնաձոր, Կապան եւ Գյումրի քաղաքների թվային կայանների բաժանորդներին: Այս պահի դրությամբ «ԱրմենՏելն» ունի 620 հազար ֆիքսված բաժանորդ, որոնք պոտենցիալ dial-up բաժանորդներ են, սակայն օգտվողների մոտավոր թիվը 50-60 հազար է: Ի տարբերություն dial-up սպառողների, Hi-Line-ի սպառողներն անվտանգ են: Անուշ Բեղլոյանը վստահեցնում է, որ այս կապը զերծ է հնարավոր վիրուսների ներթափանցումից: «ԱրմենՏելի» կայքում տեղադրված են «Dial-up Ինտերնետ Beeline» ծառայության մատուցման պայմանները: Համաձայն դրա` բաժանորդը ընդունում է, որ օպերատորը չի վերահսկում Ինտերնետ ցանցը, այդ իսկ պատճառով չի կարող տալ որեւէ երաշխիք իր կողմից բաժանորդին մատուցվող ծառայության որակի համար: Ծառայությունը մատուցվում է «ինչպես որ կա» սկզբունքով, եւ բաժանորդը սույնով ընդունում է օպերատորի հեռահաղորդակցության համակարգի տեխնիկական սահմանափակումները: Ավելին` օպերատորը չի տալիս որեւէ երաշխիք, որ ինտերնետ ցանցից դեպի բաժանորդի համակարգիչ չեն թափանցի վնասարար վիրուսներ կամ այլ վնասակիր տարրեր: «Օպերատորը պատասխանատվություն չի կրում ծառայությունից օգտվելու ընթացքում Բաժանորդի կամքից անկախ վերջինիս հեռախոսահամարից կատարված միջազգային զանգերի համար»,- սահմանում է կարգը: Կարգը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում: Սակայն Արթուրն էլ չի իմացել, որ նման կարգ գոյություն ունի: «Իրենց պայմանագրի մեջ ոչ մի կետ չկա գրված, որ ինչ-որ հարցերի դեպքում ես այցելեմ իրենց կայքը, իսկ ես ռուսական կրթություն ունեմ, հայկական թերթեր չեմ կարդում, ինչպե՞ս պետք է իմանայի, ո՞վ պիտի դա ասեր ինձ»,- հիմնավորում է Արթուրը: Այդուհանդերձ, Արթուր Թադեւոսյանը նորից է նամակով դիմել «ԱրմեՏել»-ին, որպեսզի զրոյացնեն հեռախոսի պարտքը եւ միացնեն այն: Եթե այս անգամ էլ պատասխանը բացասական եղավ, մտածում է արդեն փաստաբանի աջակցությամբ խնդիրը դատարանի միջոցով լուծել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել