HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք Ախալցխայում ունենք ինքնության պահպանման խնդիր»,- ասում է Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի պատասխանատուն

v-hambaryan_26.10.09Հարցազրույց Ախալցխայի հայ երիտասարդական- կրթամշակութային կենտրոնի պատասխանատու Վերոնիկա Համբարյանի հետ

-Որքա՞ն ժամանակ է գործում Ախալցխայի երիտասարդական կետրոնը և ի՞նչ խնդիրներ է իրականացնում այն:

-Ախալցխայի երիտասարդական կենտրոնը գործում է 2006 թվականի սեպտեմբերի 25-ից:  Նախնական շրջանում կենտրոնն ավելի շատ կրթամշակութային, ինչ-որ չափով նաեւ քաղաքական հարցերով էր զբաղվում, իսկ այս տարի Կենտրոնը վերափոխվեց Ախալցխայի հայ երիտասարդական- կրթամշակութային կենտրոնի: Ընդհանրապես թողեցինք քաղաքական գիծը և զբաղվում ենք միայն կրթամշակութային գործունեությամբ: Ունենք տարբեր խմբեր, օրինակ` հայերենի խմբակ` ռուսաց դպրոց հաճախող հայ աշակերտների համար, անգլերենի, համակարգչային, նկարչության, ձեռագործության, դիզայնի, ազգային երգի-պարի դասընթացներ: Մոտակա ժամանակաշրջանում ուզում ենք բացել փայտի փորագրության դասընթացներ: Սենյակն արդեն պատրաստ է: Ցավալի փաստ է այն, որ մենք սկսեցինք նաև շախմատի դասընթացներ վարել, բայց այդ դասընթացը Ախալցխայի քահանան` Տեր Տաթևն էր անցկացնում, հիմա նրան գործուղեցին Ախալքալաք, ու մենք մնացինք առանց շախմատի դասատուի:

-Քանի՞ սան է հաճախում Կենտրոն, և ի՞նչ տարիքի երեխաներ են:

-Ասեմ, որ Գրիշայի(Կենտրոնի նախկին պատասխանատու Գրիգոր Մինասյանը-հեղ.) հետ տեղի ունեցած դեպքից հետո աշակերտների թիվը նվազեց, չնայած Կենտրոնը ոչ մի օր չփակվեց: Բայց հիմա նորից վերականգնվում ենք և նոր թափ ստանում: Գրանցվածների ընդհանուր թիվը 160-170 աշակերտ է: Իսկ Գրիշայի օրոք հասել էր մինչև 200-ի: Տարիքային սահմանափակում չունենք: Մեր ամենափոքր աշակերտը 4 տարեկան է, պարի խմբակ է հաճախում, իսկ ամենամեծը մոտ 40 տարեկան ուսուցչուհի է, որը գալիս է անգլերեն սովորելու: Ի տարբերություն մնացած կենտրոնների, մեր կենտրոնը անվճար է անցկացնում բոլոր դասընթացները, և աշակերտներից գումար չի պահանջվում:

-Այդ դեպքում ինչպե՞ս  է գոյանում Կենտրոնի բյուջեն, ո՞վ է հիմնական ֆինանսավորողը:

-Մեզ ֆինանսավորում է «Ջավախք» ֆոնդը: Դա Ամերիկայի արևմտյան ափում գործող  հիմնադրամ է, որտեղից էլ մենք ստանում ենք մեր ֆինանսավորումը:

-Որքա՞ն գումար է հարկավոր Կենտրոնին գոյատևելու համար, ամսական կամ տարեկան կտրվածքով:

-Մեր ֆինանսավորումը կոնկրետ թվով չէ, օրինակ` ամիս է լինում, որ մենք գումար չենք ստանում, իսկ հաջորդ ամիսը ստանում ենք, քանի որ նույն հիմնադրամը ֆինանսավորվում է բարերարների կողմից, և հիմնադրամը ոչ միայն մեր Կենտրոնն է ֆինանսավորում, այլ նաև այլ կենտրոններ: Մենք վճարում ենք մանկավարժների աշխատավարձերը, կոմունալ վճարումները, ինտերնետը և այլն: Իսկ մեր ծախսերը, առանց աշխատավարձերի, կազմում է մոտ 200 լարի: Ուսուցիչների քանակը առարկաների քանակով է պայմանավորված: Իսկ նրանց վճարում ենք չնչին ու շատ սիմվոլիկ գումար: Մեր կենտրոնի մանկավարժներն աշխատում են էնտուզիազմով ու պարտավորված, գումարի համար չեն աշխատում:

-Կենտրոնը բացվել էր ՀՕՄ-ի աջակցությամբ, հիմա որևէ օժանդակություն ստանո՞ւմ եք ՀՕՄ-ից:

-Իրենք շատ են օժանդակել մեզ, կանգնել են մեր կողքին: Այս տարի դեռ նման նախաձեռնություն չկա: Անցյալ տարի, օրինակ, ջեռուցման ֆինանսավորումը ՀՕՄ-ն էր արել: Իսկ ամենամսյա ներդրումներ չի անում: Օրինակ` ՀՕՄ-ի ատենապետուհին` Վիկե Մարաշլյանը, մեզ գումար էր նվիրաբերել, որով մենք Կենտրոնի համար ձեռք բերեցինք դաշնամուր: Երեխաները շատ ուրախացան, որ դաշնամուրով են պարապում իրենց դասերը:

-Կա՞ն խնդիրներ, որոնք խոչընդոտում են Կետրոնի զարգացմանը:

-Հիմա շենքի, այսինքն` տարածքի խնդիր ունենք, մեր շենքն արդեն փոքր է: Այնպես ենք դասավորել դասաժամերը, որ իրար չխանգարեն: Հիմա տեսնենք, թե ինչպես կլուծենք վառելիքի հարցը: Բայց աշխատում ենք սրտանց, առանց հաշվի առնելու այդ խնդիրները: Օրինակ` երբ շատ երիտասարդներ են հավաքվում, աթոռների պակաս էլ է զգացվում: Ամենակարևորն էլ` մեր պարի խմբակը շորեր չունի: Իսկ առանց զգեստի, առանց տարազի չես կարող բեմ դուրս գալ, միջոցառում ձեռնարկել: Այն շորերը, որոնք մենք ուզում ենք ձեռք բերել կամ կարել, մոտ 1500-2000 դոլարի սահմաններում են: Բայց դա` միայն մեծ տարիքային խմբի համար: Իսկ մենք ունենք երեք խումբ` կրտսեր, միջին և ավագ: Այսօր արդեն երեք խումբն էլ պատրաստ են համերգային ծրագրով հանդես գալ, բայց չենք կարող, քանի որ տարազ չունենք: Օրինակ` Սուրենյանցի կիսանդրիի բացման ժամանակ Գագիկ Գինոսյանը «Կարին» համույթի շորերը տրամադրեց, երեխաները հագան, բայց նորից ետ տարավ իր հետ: Ամեն անգամ չենք կարող Գագիկ Գինոսյանից խնդրել շորերը Երեւանից Ախալցխա ուղարկել: Խնդիր ունենք նաև համակարգիչների հետ կապված, որը ծագեց Գրիշայի ձերբակալության ժամանակ: Խուզարկողները հանեցին համակարգիչների հիշողության սկավառակները (վինչեստորները) և մինչ օրս հետ չեն վերադարձրել: Ընդհանուր 4 համակարգիչ ունենք, որոնք շատ թույլ են: Համակարգչային դասընթացների մասնակցել ցանկացողները շատ են, բայց քանի որ համակարգիչները քիչ են, չենք կարող խմբակը մեծացնել: Շատ անգամ ավելի մեծ տարիքով անձանց, ովքեր նույնպես ցանկանում են համակարգիչ սովորել, ասում ենք` ձեր ժամանակն անցել է, թողեք երիտասարդները սովորեն:

-Կետրոնից ի՞նչ էին տարել Գրիշայի ձերբակալության ժամանակ:

-Տարել են թղթեր, բրոշյուրներ, գրադարանից իրենց կասկածելի թվացող գրքերը: Անգամ ինտելեկտուալ մրցույթի թեսթերն էինք պահել սևագրության համար, խաղը վերջացել էր մեկ տարի առաջ, դրանք էլ են տարել: Իսկ ամենակարևորը հենց այդ համակարգիչների վինչեստրներն էին` 7 վինչեստր են տարել:

-Չե՞ք փորձել վերադարձնել:

-Խոսակցություն եղել է, բայց քանի դեռ Գրիշայի գործը փակված չէ, իրենք չեն վերադարձնի: Չեն վերադարձրել նաև Կենտրոնի կնիքը:

-Հիմա Կենտրոնն առանց կնիք է աշխատո՞ւմ:

-Գրիշայի ձերբակալությունից և Կենտրոնի վերագրանցումից հետո նոր կնիք վերցրինք: Որպես ՀԿ առանց կնիք աշխատելն անհնար էր:

-Իսկ ինչո՞ւ քաղաքական գործունեությունը դադարեցրիք և միայն կրթա-մշակութային ուղղվածություն վերցրիք: Դա կապվա՞ծ էր Կենտրոնի նախկին պատասխանատու Գրիգոր Մինասյանի ձերբակալության հետ:

-Այն թափը, որ մենք արդեն ունեինք, եկել էր կրթական համակարգի մեր գործունեությունից, իսկ քաղաքականությունից հեռացանք, որպեսզի զերծ պահենք մեր երիտասարդներին այսօրվա Վրաստանի մեջ տիրող խառնաշփոթ քաղաքականությունից: Ինչ-որ տեղ կարող եմ ասել, որ կապված էր: Քանի դեռ Գրիշան էր տնօրենը, նա այն անձնավորությունն էր, ով կարող էր զբաղվել նաև քաղաքական հարցերով, հայտարարություններ անել և այլն, իսկ նրանից հետո Կենտրոնի պատասխանատվությունն ինձ հանձնվեց: Քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվել, միշտ փորձել եմ հեռու մնալ և նպատակահարմար գտա կենտրոնն այն ուղով տանել, ինչի տակից ես կարող եմ դուրս գալ:

-Գրիգորի ձերբակալությունից հետո որևէ ճնշում եղե՞լ է Կենտրոնի վրա:

-Չէ, ես չեմ նկատել, քանի որ մենք քաղաքականությամբ այլևս չենք զբաղվում, նման խնդիրներ չենք ունեցել դեռ:

-Ի՞նչ առաքելությամբ է գործում և ի՞նչ տեղ է զբաղեցնում Կենտրոնը Ախալցխայի հայության և մասնավորապես երիտասարդության շրջանում:

-Այսօր Ախալցխայի մեջ սա միակ հայկական երիտասարդական կենտրոնն է, որը զբաղվում է ազգային, հայրենասիրական գործունեությամբ: Մենք Ախալցխայում ունենք ինքնության պահպանման խնդիր: Մենք հային հայ պահելու խնդիր ունենք, և Կենտրոնը նպաստում է դրան, որ երիտասարդությունը չհիասթափվի, չձուլվի, ինքն իրեն ճանաչի որպես հայ, այսինքն` չհեռանա իր արմատներից, անընդհատ կապված լինի իր մշակույթին, իր հայրենիքին: Եթե չլինի երիտասարդական կենտրոնը, ապա դա շատ վատ կանդրադառնա: Օրինակ` Ախալցխան 15 հայկական գյուղ ունի, 10-12 գյուղի հետ մենք անմիջական կապ ունենք: Գյուղերից աշակերտներ են գալիս սովորելու: Մենք աշխատում ենք շաբաթվա յոթ օրը, որովհետև գյուղերից հիմնականում գալիս են այդ օրերը: Կենտրոնը Ախալցխայի հայ երիտասարդների հավաքատեղին է: Սովորաբար, հայ երիտասարդներն իրար հանդիպում էին Շոթայի արձանի մոտ, իսկ հիմա կա Կենտրոն, գալիս են, նորմալ նստում, զրուցում են, ինտերնետից են օգտվում, գրքեր են կարդում, նկարներ են նայում և այլն: Այսինքն` երիտասարդությունը դուրսը չի հավաքվում, այլ հավաքվում է մի տեղ, որտեղից դուրս գալով` ամեն անգամ մի նոր բան իր հետ տանում է:

-Ապագայի ի՞նչ ծրագրեր ունի Կենտրոնը:

-Մոտակա ժամանակաշրջանում ծրագրում ենք Կոմիտաս Վարդապետի ծննդյան և մահվան հիշատակի օրվան նվիրված միջոցառում կազմակերպել, իսկ հետո կգան Ամանորյա ծրագրերը:

-Կենտրոնը համագործակցո՞ւմ է նմանատիպ այլ կառույցների հետ, օրինակ` Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի հետ:

-Կենտրոնը սերտորեն համագործակցում է եկեղեցու հետ, մենք եկեղեցու կողքին ենք, եկեղեցին` մեր: Անկեղծ ասած` դեռևս այլ կենտրոնների հետ չենք համագործակցել, բայց լավ միտք է, կփորձենք համատեղ ծրագրեր կազմակերպել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter