«Մարդը ուզում է դառնալ բ.գ.թ. »
Ինչու՞ գրական ամսագրերը հոնորար չեն վճարում
«Նորք» գրական-գեղարվեստական հանդեսի վերջին չորս համարների նյութերի հեղինակները հոնորար չեն ստացել: Եթե նկատի ունենանք, որ «Նորքը» լույս է տեսնում տարեկան ընդամենը չորս համարով, ստացվում է`արդեն մեկ տարի պարբերականը չի վճարում նյութերի հեղինակներին: Խմբագիրը` գրող Ֆելիքս Մելոյանը, ասում է, որ ինքն էլ չի հասկանում` ինչու է չարչարվում հազիվ 400 տպաքանակ ունեցող պարբերականի վրա: «Սա գոյատևություն է կոչվում եւ ոչ տպագրություն: Աշխատավարձ չենք ստանում, չորս համար է` հոնորար չեմ վճարել. ի՞նչ երեսով թարգմանություն կամ գրախոսական պատվիրեմ»,- ասում է Ֆ.Մելոյանը:
«Նորքը» Հայաստանի գրողների միության գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսն է եւ լույս է տեսնում 1933 թվականից: Հրատարակվում էր ամիսը մեկ եւ ուներ մեծ տպաքանակ: Այսօր հանդեսի խմբագիրը մխիթարվում է նրանով, որ միայն իրենք չեն այս վիճակում: «Մեզնից շատ ավելի շուտ «Գարունն» է սկսել հոնորարներ չվճարել»,- ասում է Ֆելիքս Մելոյանը: Ըստ նրա` այն շուկայական հարաբերությունները, որ վաղուց արդեն կան բոլոր բնագավառներում, պետք է մտնեն նաև գրական կյանք, և եթե ամսագիրը չունի արդիական ձևավորում, չի կարդացվի, ինչքան էլ հանճարեղ լինեն նյութերը:
Ինչ վերաբերում է «Գարունին», ապա ամսագիրը ոչ միայն հոնորար վճարելու, այլև նյութի հեղինակին ամսագրի համարը անվճար տալու միջոցներ չունի: Հեղինակը բոլոր ընթերցողների նման գնում է «Գարունը» 1000 դրամով: Փաստորեն, 500 տպաքանակի մի մասն այսպես է սպառվում, իսկ թե ովքեր են «Գարունի» մյուս ընթերցողները, խմբագիրը` գրող Վարուժան Այվազյանը, դժվարանում է պատասխանել: Նրա կարծիքով`«Գարունի» եւ առհասարակ գրական ամսագրերի ընթերցողների քիչ տոկոսն է կազմում երիտասարդությունը, չնայած որ «Գարունը» «առաջին օրերից եղել է օրվա գրականությունը կերտող երիտասարդության ամսագիրը, և 80-ականների վերջին զենք վերցրած երիտասարդների մեծ մասը հենց «Գարունի» ազատամտության բովով անցած մարդիկ էին»:
«Գարունի» խմբագրությունը տարեկան մոտ 2 մլն դրամի չափով պետական աջակցություն է ստանում, բայց, միևնույն է, խմբագիրը կարծում է, որ նոր ժամանակներում «Գարունը» մենակ է մնացել: Շուկայական հարաբերություններ մտնել և գովազդով եկամուտներ ունենալ նույնպես չի հաջողվում:
«Գովազդատուն գովազդ չի տալիս 500 տպաքանակով լույս տեսնող ամսագրի: Քչերը կպատկերացնեն, թե ինչքան եմ սրան-նրան խնդրել, որ էս համարը տպելու համար էլ միջոցներ գտնեմ»,- ամսագրի ֆինանսական դրությունն այսպես է ներկայացնում Վարուժան Այվազյանը: Ֆինանսական դժվարությունները, սակայն, «Գարունի» խնդիրների մի կողմն են միայն: Այվազյանի խոսքերով` մեր օրերում գրողը սպանվում է գերազատության ճիրաններում, և ամեն մեկը` քիչ թե շատ գրագետ, գրիչ է վերցնում ու պնդում, որ իր գործերը տպվեն: Արդյունքում` ««Գարունը» ընկել է ազատության պտտահողմի մեջ»: «Հիմա ես ի՞նչ անեմ. մարդը ուզում է բ.գ.թ. դառնալ, պիտի հոդվածներ ունենա տպված: Հոդվածը բերել է, բայց տպելու բան չէ. չտպե՞մ»,- ձեռքի տակի նյութը խմբագրելով` հարցնում է Այվազյանը:
Այս ամենով հանդերձ`«Գարունը» Հայաստանում իրեն մրցակից գրական ամսագիր չի տեսնում. «Հնարավոր է` հովանավոր ունեն, տպաքանակ, գեղեցիկ էջեր, բայց կարծում եմ` չգիտեն, թե ինչ իդեա են բերում, ինչ խարիսխ»,- ասում է Վ. Այվազյանը:
Գրական ամսագրերից հովանավոր ունի «Նարցիսը». ԱՄՆ-ում բնակվող հայ բանաստեղծուհի Սոնա Վանն է ամուսնու` բժիշկ Նուբար Ջանոյանի հետ: «Մենք թարմություն մտցրեցինք»,- ամսագրի քառամյա գործունեությունն այսպես է գնահատում փոխխմբագիր Շանթ Մկրտչյանը: Եղածներից և ոչ մեկի հետ «Նարցիսը» չի մրցակցում, որովհետև Շանթ Մկրտչյանի կարծիքով` «մրցակցությունը առհասարակ լինում է միատեսակների դաշտում», իսկ իրենք տարբերվում են: «Նարցիսը» նյութերի հեղինակներին հոնորարներ է վճարում հովանավորների շնորհիվ և համամիտ է, որ միայն վաճառքից ստացած գումարով հնարավոր չէ գոյատևել: Իսկ խորհրդային շրջանի իներցիայով գործող գրական ամսագրերը քննադատել «Նարցիսի» փոխխմբագիրը չի ցանկանում:
Տաթեւ Մադաթյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել