Տուժողը տեսել է, որ Նիկոլ Փաշինյանն է հարվածել իրեն
Նիկոլ Փաշինյանի քրեական գործի շրջանակներում որպես տուժող ճանաչված Երևանի քաղաքային վարչության ոստիկանության աշխատակից Վազգեն Դաբաղյանը ընդմիջումից հետո դատարանում ցուցմունք տվեց: Նա պատմեց, թե ինչպես է ինքը Կորյուն-Աբովյան խաչմերուկից մոտեցել «Ուրարտու» խանութին, հասել երթի մասնակիցներին:
«Մայթի վրա կանգնած մարդիկ չէին ենթարկվում, հայհոյանքներ էին տալիս, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ոստիկանությանը չենթարկվեն, ոստիկանները իշխանության ստրուկներն են, կամակատարն են»,- պատմեց տուժողը:
Վազգեն Դաբաղյանը տարածքում տեսել է Նիկոլ Փաշինյանին, Շողեր Մաթևոսյանին, Պետրոս Մակեյանին, ինչպես նաև իր վերադասին: Թեկուզ Վազգեն Դաբաղյանը Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հարցերին պատասխանելիս հաճախ չէր կարողանում հստակ ասել դիրքը, տեղը և նկարագրել գործողությունները, այդուհանդերձ հիշեց, որ «իր թիկունքում քաշքշուք է սկսվել, խմբված մարդիկ սկսել են չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», և ինքն էլ շրջվել է այդ կողմ, որից հետո նույն վայր է մոտեցել Նիկոլ Փաշինյանը և, բարձրախոսը ձեռքին թափահարելիս, խփել իր աջ ոտքին:
«Դուք ճանաչում էիք իմ ոտքրեը, ինչից ենթադրեցիք, թե ես էի հարվածել, եթե ինձ էիք նայել կամ իմ ձեռքերին ու բարձրախոսին»,- Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան` Վազգեն Դաբաղյանը հաստատեց, որ տեսել է, որ հարվածողը հենց Նիկոլ Փաշինյանն է: Տուժողը որևէ մարմնական վնաս չի ստացել և չի դիմել բուժօգնություն ստանալու համար:
Այնուհետև վերադասից հրաման են ստացել, որ առավել ակտիվություն ցուցաբերող անձանց բերման ենթարկեն: Անձամբ ինքը և մյուս աշխատակից Մարտիրոս Մարգարյանը բերման են ենթարկել Պետրոս Մակեյանին և նրա որդուն: Նա խոստովանեց, որ հստակ հրաման չի եղել, որպեսզի բերման ենթարկվեն տվյալ անձինք, այլ ասվել է` «առավել ակտիվներին»: Իրենք էլ իրենց հայեցողությամբ և նկատած ակտիվությամբ բերման են ենթարկել նրանց:
Այսօր տուժողի հարցաքննությունն ավարտվեց: Քանի որ վկաները դեռևս չէին ծանուցվել, դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 28-ը: Հոկտեմբերի 23-ի դեպքի շուրջ հաջորդ նիստին կհարցաքննվեն 3 վկաներ:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի` ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ. հոկտեմբերի 23-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008 թ. մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 1-ին մաս):
Քաշքշուք դատարանի շենքի մոտ
Մինչ դատարանի ապակեպատ դահլիճում հարցաքննվում էր տուժողը, ոստիկանության աշխատակիցները փորձել են դատարանի շենքի մոտ հավաքված բազմությանը ցրել: Պատճառը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի երկու աջակից երիտասարդների թմբկահարումը: Ոստիկաններն արգելել են նրանց թմբկահարել` պատճառաբանելով, որ թմբուկի ձայնը խանգարում է դատարանում ընթացող դատական նիստերին: Վեճ է առաջացել, միջամտել են կանայք: «Այս ոստիկանները Հասմիկին գցեցին գետին ու քացով խփում էին»,- պատմեց դրսում հավաքված ականատեսներից մեկը` ցույց տալով կարմիր բերետավորներին ու ոստիկաններին: Քիչ առաջ ժամանեց շտապօգնությունը և զննում էր տիկին Հասմիկին: Մինչ դատական նիստի ավարտը ոստիկանությանը հաջողվել էր ցրել բազմության մի մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել