HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վազգեն Խաչիկյան. «Երեխածնությունը Հայաստանի ամենառաջնային խնդիրն է»

«20 տարեկանում մարդ հավատում է իր անմահությանը, 40 տարեկանում սկսում է կասկածել իր անմահությանը, իսկ 60 տարեկանում սկսում է մտածել, թե ինչ թոշակ է ստանալու»: Անգլիացիների այս դասական ձևակերպումը այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:

Նա ասաց, որ Անգլիայում աշխատող քաղաքացիները պակասել են, իսկ չաշխատողները` ավելացել: Այդ պատճառով կենսաթոշակային տարիք է սահմանվել 69 տարեկանը: Մինչդեռ Հայաստանում այդ տարիքը 62 է (2011 թ.-ից այն կդառնա 63 տարեկան): Սակայն Հայաստանում ևս վիճակը բարվոք չէ: Խորհրդային Միության տարիներին Հայաստանում 3 աշխատողին բաժին էր ընկնում 1 կենսաթոշակառու: Անգամ եղել են տարիներ, երբ 8 աշխատողին է 1 թոշակառու բաժին ընկել: «Այժմ Հայաստանում կենսաթոշակային համակարգերում մենք ունենք ճգնաժամային իրավիճակ, երբ 450-460 հզ. աշխատողին բաժին է ընկնում 520 հզ. կենսաթոշակառու: Սա խորը ճգնաժամային համակարգ է, ոչ թե պարզապես ճգնաժամային»,- ասաց Վազգեն Խաչիկյանը: Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ո՞ւր է տանում վերոնշյալ բացասական դինամիկան, և ե՞րբ կլինի ամենից վատթար վիճակ` Վազգեն Խաչիկյանն ասաց, որ 3 տարի առաջ ՄԱԿ-ը նման հետազոտություն է անցկացրել ամբողջ աշխարհում: Ըստ այդմ` 2080 թ.-ի Հայաստանի համար կա 2 սցենար` հոռետեսական և լավատեսական: 1995 թ. ի վեր` Հայաստանում դեմոգրաֆիական լուրջ խնդիր կա, և ըստ հոռետեսական սցենարի` 2050 թ. Հայաստանում բնակչության թիվը կլինի ավելի պակաս, քան ներկայիս 3,2 մլն-ն է: 2020-30 թթ.-ից կսկսեն երևան գալ խորը ողբերգական հետևանքները: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, նշեց, որ ի թիվս վերոնշյալ գործոնների` այս բացասական դինամիկայի մեջ իր դերն ունի նաև այլ երկրների կողմից վարվող ներգաղթի քաղաքականությունը: Այն ուղղված է որոշակի տարիքի աշխատունակ անձանց: Նա հավելեց, որ անգամ խնդրի լուծում չէ այն, որ Հայաստանը մեծացրեց կենսաթոշակային տարիքը: Կան նաև գործազրկության հետ կապված լուրջ խնդիրներ, որոնց ուղղվում է սոցիալական նպաստների մի մասը: «Ցանկացած կառավարության համար հիմա ավելի հեշտ է վարել մի քաղաքականություն, որ «այս պահին լավ է: Ով 2020 թ.-ին կլինի վարչապետ կամ երկրի նախագահ, թող ինքն էլ մտածի»: Եվ իսկապես մեծ համարձակություն էր պետք, երբ 2002-3 թթ.-ից կառավարությունը փորձ և քայլեր է արել, որ այս վիճակից դուրս գանք»,- ասաց Վազգեն Խաչիկյանը: Նա հայտնեց, որ 2010 թ.-ին թոշակների նվազեցում չի նախատեսվում: Չի լինի նաև էական բարձրացում: 2009 և 2010 թթ. կենսաթոշակների վճարման ուշացում ևս չի լինի: Ըստ Վազգեն Խաչիկյանի` 2010 թ.-ին 1-2 % տնտեսական աճ կլինի: Նա նշեց, որ ՀՀ-ն ունի կյանքի ամենաբարձր միջին տևողությունը ողջ ԱՊՀ-ում. տղամարդկանց համար այդ ցուցանիշը 70 տարի է, կանանց համար` 76: Նա հերքեց այն տեղեկությունները, թե Արժույթի միջազգային հիմնադրամի և Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված վարկերը ծախսվում են սոցիալական ծրագրերի ֆինանսավորման վրա: «Սոցապահովությանը և սոցիալական պաշտպանությանն ուղղվող միջոցները համարվում են բյուջեի պաշտպանված ծախսային հոդվածներ, և փառք Աստծու, առ այսօր ՀՀ պատական բյուջեն չի գտնվում այն ողբերգական վիճակում, որ մենք ստիպված լինենք վարկային միջոցները ուղղել այդ նպատակներին»,- ասաց Վազգեն Խաչիկյանը: Նրա խոսքերով` 2009 և 2010 թթ. ևս վարկային միջոցները չեն ուղղվի սոցիալական ծախսերի ֆինանսավորմանը: Վազգեն Խաչիկյանն ասաց, որ առայժմ թոշակները վճարվում են միայն մեկ տիպի` «սերունդների համերաշխության համակարգով, երբ ավելի երիտասարդ սերունդը, որն աշխատում և ստեղծում է բարիքներ, այդ բարիքների մի մասը բաժին է հանում, որ ավագ սերունդը ևս կարողանա իր կենսաթոշակային ապահովության խնդիրները լուծել»: Բայց «քանի որ դա ոչ այնքան արդարացի համակարգ է, կա կենսաթոշակային բարեփոխումների նոր ծրագիր, որը ենթադրում է, որ բացի նրանից, որ մենք մասնակցելու ենք ավագ սերնդի կենսաթոշակային ապահովության ծրագրերին, մեր սերունդը կարող է նաև կուտակել, և հետագայում իր կենսաթոշակը կլինի սոցիալապես ավելի արդարացի, որովհետև այն համամասնական կլինի այն մասհանումներին, որ ինքը կկատարի»: Տնտեսական անկման և դեռևս թերի օրենսդրական դաշտի պատճառով անցումը նոր կուտակային համակարգին լինելու է 2011 թ. հունվարի 1-ին` նախատեսված 2010 թ. հունվարի 1-ի փոխարեն: «Այսինքն` կներառվի կուտակային բաղադրիչ, որը ենթադրում է, որ ՀՀ` մինչև 40 տարեկան աշխատող քաղաքացիները, ովքեր կատարում են սոցապահովության վճարներ, կունենան անհատական կուտակային հաշիվներ, և իրենք էլ կկառավարեն: 40-ից բարձր տարիքի քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այդ համակարգին: Այս պահին իրական կուտակային համակարգ չի գործում, բայց 2005 թ.-ից սկսյալ` կան անհատական հաշվներ, որտեղ արձանագրվում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացու համար նրա և գործատուի կողմից կատարված սոցիալական ապահովության վճարը, որը, ենթադրվում է, որ ապագայում կենսաթոշակի անցնելիս` որոշակի գործակից կամ բանաձև կիրառելով` հնարավոր է, որ այդ մաս հանած եկամտին համապատասխանաբար նաև կհաշվարկվեն նրանց կենսաթոշակի տվյալ տարիների չափը»,- ասաց Վեզգեն Խաչիկյանը: Հրանուշ Խառատյանը, նշեց, որ ապահովագրական կենսաթոշակային ծրագրում լրացուցիչ բարդություններ կարող են ստեղծել գործատուները, որոնք ժամանակին մուծումներ չեն կատարում, «թաքցնում են» իրենց աշխատողների իրական թիվը, աշխատավարձերը ներկայացնում են իրականից ավելի քիչ: «Ի՞նչ տրամաբանությամբ են կազմվում թոշակները, երբ մի համակարգի աշխատողը կարող է ստանալ միջինից 3-5 անգամ ավելի շատ թոշակ»,-Վազգեն Խաչիկյանին հարցրեց Հրանուշ Խառատյանը: Վերջինը պատասխանեց, որ կան ոլորտներ (զինված ուժեր, ոստիկանություն, ազգային անվտանգություն, դատական և իրավապահ մարմիններ, քաղծառայության համակարգ), որոնց աշխատողների համար պետությունը ստեղծում է ավելի բարենսպաստ սոցիալական միջավայր և «հագցնում ոսկե ձեռնաշղթաներ», քանի որ այդ մարդիկ մասնավոր ձեռնարկատիրության դաշտում չեն և չեն կարող ստեղծել հավելյալ եկամուտներ: Նպատակը այդ համակարգերում աշխատանքն ավելի գայթակղիչ դարձնելն ու կադրերի հոսունությունը նվազեցնելն է: Հրանուշ Խառատյանը հակադարձեց, որ նման մոտեցումն արդար չէ, և պետք է նաև հաշվի առնել Հայաստանի առանձնահատկությունները, համեմատել իրավապահի և վարձու աշխատողի աշխատանքների ծանրությունները: Չէ՞ որ թոշակը նաև երկրի առաջընթացում մարդու վաստակի գնահատականն է: Վազգեն Խաչիկյանն ասաց, որ զինված ուժերը և իրավապահ համակարգը պետության համար իրականցնում են չափազանց կարևոր գործառույթներ, և կառավարությունը փորձում է գրավիչ դարձնել դրանք: Պիտք է նաև հաշվի առնել, որ արտոնյալ կենսաթոշակներից օգտվող զինծառայողներն ու իրավապահները նաև իրենց կյանքն են վտանգում: «Մի բան, որը չկա մասնավոր աշխատանքի շատ ու շատ դեպքերում` թերևս բացի մասնավոր թիկնապահական գործունեությունից»,- ասաց Վազգեն Խաչիկյանը:

1995 թ. Հայաստանում ծնվել է 42 հզ. երեխա` 1989 թ.-ի 81 հզ.-ի դիմաց

Հասարակության պարզ վերարտադրություն (առանց աճի) համար անհրաժեշտ է ծնելիության 2,1 գործակից: ՀՀ-ում, 2008 թ. տվյալներով, այդ գործակիցը 1,45 է: «Այժմ ակտիվ ծննդաբերում են 84-85 թթ.-ին ծնվածները, ովքեր 20-24 տարեկան են (հայ կնոջ համար համարվող ակտիվ ծննդաբերության ժամանակաշրջան է, որից հետո անկում է): Պիտի նկատի ունենաք, որ 90-ականն թթ-ից սկսած` մենք ունեցել ենք ծննդաբերության զգալի անկում: 95 թ. ունեցել ենք 42 հզ. ծնունդ` 89 թ.-ի 81 հզ.-ի դիմաց: Դրանից հետո ավելի հաջորդական սկսել է վատանալ: Մենք ունեցել ենք նույնիսկ տարիներ, երբ ընդամենը 20-25 հզ. երեխա է ծնվել: Անցած տարի մենք ունեցել ենք 42 հզ. երեխա: Բայց 2010-11 թթ.-ից սկսած` էլի նվազելու է այդ թիվը: Սրան գումարվում են այն ակտիվ միգրացիոն հոսքերը, որոնք եղել են թե՛ 90-ականներին, թե՛ շարունակվում են այսօր (իհարկե ավելի նվազ տեմպերով)»,- ասաց Վազգեն Խաչիկյանը: Նա հավելեց, որ գոնե իրենք հայտարարում են, որ սա է վիճակը, և ճգնաժամից դուրս գալու ելքն այն է, որ քաղաքացին ինքը պետք է ձևավորի իր ապագա կենսաթոշակը: «2030-2035 թթ.-ին եթե այս համակարգը գործի, որ հիմա ՀՀ-ում գործում է, հնարավոր է, որ մենք չկարողանանք կենսաթոշակ վճարել, կամ այդ կենսաթոշակը շատ ցածր լինի: Խնդիրը կառավարության օրակարգում է: Եթե դա չի հրապարակայնացվել, ապա գոնե մասնագիտական քննարկումների ժամանակ միշտ հաշվի է առնվել, որ Հայաստանը իսկապես գտնվում է դեմոգրաֆիկ այնպիսի իրավիճակում, որ պետք է հրատապ քայլեր ձեռնարկի»,- ասաց Վազգեն Խաչիկյանը: Հրանուշ խառատյանը համաձայնեց, որ կառավարությունը տեղյակ է և գիտակցում է խնդրի լրջությունը, սակայն պետք է գտնել խնդրի գտնել: Իսկ նման իրավիճակում սոցիալական վճարները չնվազեցնելու մասին կառավարության հայտարարությունը Հրանուշ Խառատյանը համարում է «պարզ անալգին», այսինքն` միջոց, որը վերացնում է հետևանքը` գլխացավը, բայց ոչ պատճառը: Ազգագրագետի համոզմամբ` ներկային համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի ազդել Հայաստանում ծնելիության մակարդակի վրա, քանի որ Հայաստանը ճգնաժամի մեջ է արդեն 20 տարի: «Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ծնելիության մակարդակի ցածր լինելը: Ի՞նչ դեր ունեն մոդեռնիզացիոն գործընթացները` պլանավորումը, ուշ ամուսնությունները, քիչ երեխաներ ունենալը»,- հարցրեց լրագրողներին մեկը: Հրանուշ Խառատյանը պատասխանեց, որ ինքը բացառում է մարդկանց ֆինանսատնտեսական վիճակի գործոնը միայն վերջին 2 տարվա կտրվածքով, բայց ոչ առհասարակ: Եվ, իհարկե, 20 տարի շարունակ տնտեսական վիճակն ազդել է ծնելիության մակարդակի վրա: Վազգեն Խաչիկյանն էլ ասաց, որ ծնելիության մակարդակը պայմանավորված չէ տնտեսական վիճակով, և ամբողջ աշխարհում կենսամակարդակի աճին զուգահեռ` պակասում են նաև երեխաների ծնունդները, և հակառակը: Հրանուշ Խառատյանը որպես ծնելիության անկման գլխավոր պատճառներ նշեց ժամանակակից բազմաթիվ գործընթացները, որոնք ազդում են մարդու գիտակցության վրա: Աճել են միայնակ մարդկանց թիվը և ընդհանուր ու ճոճանակային (սեզոնային արտագաղթեր, ընտանիքի բեռը կնոջ ուսերին թողնելը) միգրացիան: Վերջին տարիներին չբերության խնդիր է առաջացել: «Մեր Վիճակագրական վարչության տեղեկությունների մեջ ինչ-որ տարօրինակ երևույթ կա: Մեր Վիճակատագրական վարչությունը տալիս է յուրաքանչյուր 4 տարի` 0-4, 4-8, 9-13 տարեկանների թվեր: Մի խումբը 4 տարի հետո մյուս 4 տարվա խումբը պետք է կազմի: Եթե մենք նայում ենք այս թվերին, զարմանալի պատկեր է ստացվում: 0-4 տարեկանների խումբը 4 տարի հետո, երբ ինքը կազմում է 5-9 տարեկանների խումբ, հանկարծ կտրուկ նվազում է: Դա ոչ միայն այս տարիքային խմբում է, այլ բոլոր քառամյա խմբերում: Ես պատասխան չունեմ, թե ինչու է այդպես: Բայց համարյա մինչև 25 տարեկանների մեջ յուրաքանչյուր 4 տարիների խմբի թվերը չեն համապատասխանում իրար: Եվ հանկարծ 25 տարեկանների մեջ նույնիսկ թվային աճ է: Գուցե ես մեղավոր եմ, բայց մտածեցի, որ այստեղ ինչ-որ բան մաքուր չէ»,- ասաց ազգագրագետը: Հայաստանում ծնելիության անկումը ազգային անվտանգության տեսանկյունից է՛լ ավելի մտահոգիչ է դառնում, երբ համեմատում ենք Ադրբեջանի և Թուրքիայի նույն ցուցանիշների հետ: Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող այս երկրներում կա ոչ միայն հասարակության պարզ վերարտադրություն, այլ աճ: Վազգեն Խաչիկյանի համոզմամբ` հայկական կայուն ընտանիքը պետք է շատ երեխաներ ունենա: Նախ, քանի որ աժմ աշխարհում հաղթում է ցանցային մոդելը, այսինքն` հաջողակ է լինում նա, ով շատ երեխաներ, քույրեր, եղբայրներ ունի: Եվ երկրորդ` բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի կենսունակ են լինում: «Երեխածնության խնդիրը Հայաստանի ամենառաջնային խնդիրներից մեկն է, եթե ոչ ամենաառաջնայինը»,- ասաց Վազգեն Խաչիկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter