HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Օդնոկլասնիկի» դատը շարունակվում է

26_10-Shirak_courtՇիրակի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ Հարություն Մովսեսյանի, երեկ շարունակվեց «Օդնոկլասնիկի դատ» անունը ստացած քրեական գործի քննությունը: Գյումրու ոստիկանության 1-ին բաժանմունքի արդեն նախկին պետ Աշոտ Թափալցյանին եւ նույն բաժանմունքի նախկին հետաքննիչ Սիմոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնական դիրքի չարաշահում: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին: 4 տղաներ դաժան ծեծի էին ենթարկել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին, որից 12 օր անց տղան մահացել էր Երեւանի Միքայելյանի անվ. հիվանդանոցում: Սպանության պատճառը «Օդնոկլասսնիկի» կայքում ծանոթ աղջկա հասցեին գրված «Գնա, քու…» արտահայտությունն է եղել: Աղջկա ընկերները Տիգրանին այնպես էին ծեծել, որ նա 10 օր անգիտակից վիճակում մնալուց հետո մահացել է: Այսօրվա դատական նիստը սկսվեց նախորդ նիստին բացակա վկաների քննությամբ: Նախ քննվեցին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ոստիկանության բաժնի աշխատակիցներ Կարեն Մուրադյանն ու Սամվել Մարգարյանը: Նրանք երկուսն էլ հաստատեցին, որ ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը Միքայելյանի անվ. վիրաբուժական հիվանդանոցից ահազանգ են ստացել ոստիկանություն եւ երկուսով մեկնել են հիվանդանոց, որտեղ էլ հանդիպել են տուժողին ու նրա հարազատներին: Ոստիկանները դատարանին պատմեցին, որ Տիգրանի մայրը բացատրություն տալիս պնդել է, որ տղան ընկել է, սակայն նշել է, որ Տիգրանին իրենք վերցրել են ոստիկանությունից: Կարեն Մուրադյանը պատմեց նաեւ, որ այդ ընթացքում ինքը զանգ է ստացել Աշոտ Թափալցյանից: Վերջինս ճշտելով, որ այդ պահին իր կոլեգաները զբաղված են բացատրություն վերցնելով, խնդրել է արձանագրությունից հանել «ոստիկանությունից վերցնել» բառերը: Կարեն Մուրադյանը Թափալցյանի այդ խնդրանքին պատասխանել է, որ բացատրություն վերցնողն ինքը չէ ու հեռախոսը փոխանցել է ոստիկանության բաժնի տեղամասային տեսուչ Սամվել Մարգարյանին: Վերջինս դատարանում ասաց, որ ինքն իրոք խոսել է ամբաստանյալի հետ, ով խնդրել է իրեն բացատրությունից հանել ոստիկանություն բառը: Ինքը նման քայլի գնացել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժողի մայրը ցուցմունք տալիս անընդհատ պնդել է, որ իր տղան ընկել է ու այս դեպքում ոստիկանությունից էր վերցրել, թե փողոցից ոչ մի էական նշանակություն չուներ: Սամվել Մարգարյանը պատմեց, որ իր խնդրանքով Ջավահիր Սերոբյանը փոխել է բացատրության ձեւը եւ նշել, որ տղային վերցրել է փողոցից: Առաջին արձանագրությունը Սամվել Մարգարյանը պատռել է: Երրորդ վկան Գյումրիի Շտապբուժօգնության բուժակ Վարսիկ Մուրադյանն էր: Նա պատմեց, որ իրենք ապրիլի 15-ին իրոք կանչ են ստացել, զանգահարողն ասել է, որ Պարույր Սեւակ փողոցում մեկը ուշաթափվել է եւ կանչն էլ գրանցվել է «ուշագնացություն փողոցում»: Տեղ հասնելուց հետո իրենք փողոցում որեւէ մեկին չեն տեսել, չեն տեսել նաեւ հավաքված մարդկանց: Մի ծեր տատիկի վկան հարցրել է, թե ուշագնաց մարդ չի տեսել արդյոք: Տատիկն էլ ասել է, որ տեսել է, մի պատանի է եղել ում տեղափոխել են ոստիկանություն: Բուժակը դատաքննության ամբողջ ընթացքում պնդում էր, որ Տիգրանի այտոսկրի քերծվածքից բացի ինքն այլ վնասվածք գլխի կամ դեմքի վրա չի տեսել: Քանի որ տղան միջանցքում անհարմար թեքված դիրքով է նստած եղել, ինքը մտածել է, որ երեւի հոդախախտ ունի ու թեւը ներս է գցել: Բուժակը նաեւ պնդում էր, որ ինքը մի քանի անգամ ոստիկաններից եւ հետագայում արդեն ոստիկանություն եկած տղայի հարազատներից ծեծված լինելու մասին ոչ բառ չի լսել: «Ես ոստիկաններին մի քանի անգամ հարցրել եմ, հո վրաերթ կամ ծեծկռտուք չի եղել, ինձ ասել են չէ,-պնդում էր վկա բուժակը,-տղան էլ էր ասում, որ ինքը վատ է զգացել ու փողոցում ընկել է: Հարազատներն էլ որ եկան, ոչ մեկը չասաց, թե իրանց տղային կարող է ծեծած լինեն»: Մյուս վկան «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Խումարյանն էր: Պ. Խումարյանը պատմեց, որ այդ օրը երբ Տիգրանին բերել են հիվանդանոց ինքն է ընդունել հիվանդին եւ բուժզննումից պարզել, որ Տիգրանը փակ գանգուղեղային վնասվածք ունի: Ջավահիր Սերոբյանը կրկին ասել է, որ տղան ընկել է փողոցում: Բժիշկը ասել է, որ ինքը պարտավոր է տեղյակ պահել ոստիկանություն: Տիգրանի մայրն էլ ասել է թե դրա կարիքն երեւի չկա, քանի որ տղային վերցրել են ոստիկանությունից: Այնուամենայնիվ Խումարյանն իր պարտքն է համարել զանգահարել Անի թաղամասի ոստիկանական բաժանմունք, որտեղ Թափալցյանը հաստատել է, որ իրենք տեղյակ են դեպքից եւ որ տղային հարազատները վերցրել են իրենց մոտից: Վկա Գեւորգ Խումարյանն ասաց, որ ոչ այդ օրը, ոչ հաջորդ օրը ոստիկանական բաժանմունքից իրենց մոտ որեւէ մեկը չի եկել եւ դատական դեպքերի մատյանի գրառումը չի պահանջել: Տուժողին Երեւան տեղափոխելու խնդիր առաջացել է տոմոգրաֆիա անցնելուց հետո, երբ հասկացել են, որ Տիգրանին ավելի որակյալ բուժօգնություն կարող են ցույց տալ միայն մասնագիտացված հիվանդանոցում: Տղայի գիտակցությունը դեպքի օրը եւ դրան հաջորդող օրվա առավոտյան ժամը 11-ը դեռ մթագնած չի եղել: Դատակոչված եւս 3 վկա չէին ներկայացել երեկվա նիստին: Պետական մեղադրողն առաջարկեց նրանց բերման ենթարկել, որի դեմ չառարկեցին երկու կողմերն էլ: Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 2-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter