Զոհվել է
Շաբաթ օրը Աշոցք-Ախալքալաք ավտոմայրուղու վրա ավտովթարից զոհվել է ջավախքցի քրեական հեղինակություն Ադալը (Սնդրանիկ Եփրեմյան), ով համարվում էր մոսկվայաբնակ մեծահարուստ, ծագումով ջավախքցի Նորայր Թևանյանի աջ ձեռքը:

«Վիրահայերի միություն» հ/կ պատվավոր նախագահ Ն. Թևանյանը, ըստ հավաստի տեղեկությունների, լուրջ ներդրում է ունեցել Մարտի 1-ի իրադարձություններում: Նա, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, անձամբ էր հավաքագրել Ջավախքից բերված հրոսակախումբը, որը Մարտի 1-ին մասնակցել է ժողովրդի դեմ իրականացրած օպերացիային, իսկ Թևանյանի աջ ձեռքը` Ադալը, ով հանդիսանում էր Հայաստանում Թևանյանի «ներկայացուցիչը», ղեկավարել է այդ հրոսակախումբը:
Ջավախքցի զույգը, ըստ շրջանառվող լուրերի, սերտ առնչություններ ուներ նաև 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ կեղծված հայտնի անձնագրերի հետ:
Թերթի տեղեկություններով` Ադալի հուղարկավորությանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Թևանյանը, իսկ նրա հոգեհանգստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Անձեռնմխելիությա՞ն, թե՞ «բեսպրեդելի» իրավունք
Հոկտեմբերի 5-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հրազենային վնասվածքներով հիվանդանոցում հայտնված Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը պահանջում է, որ իր վրա կրակած ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը պատժվի օրենքով նախատեսված կարգով, որ նախաքննական մարմինն իրեն գործով տուժող ճանաչի, ու պնդում է, որ իրեն պատճառված վնասվածքները դասվում են կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքների շարքին, որի համար ՀՀ ՔՕ 112 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված:
Ի դեպ, ոչ Զադոյանը, ոչ պատգամավորն ու նրա հանցակիցները առայժմ չունեն համապատասխան դատավարական կարգավիճակ:
Թուրքիայում պատժվում են այն ոստիկանները, որոնք «անարգել» են ադրբեջանական դրոշները
Բաքվում կայացած Դավութօղլու-Մամեդյարով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի նախարարը հայտարարել էր, թե Բուրսայում կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ ադրբեջանական դրոշները մարզադաշտ թույլ չտվողները պետք է ենթարկվեն քրեական պատիժների:
Եվ ահա Բուրսայի քաղաքապետ Շահաբետին Հարբուտը տեղեկացրել է, որ իրենք ունեն արդեն նախաքննության արդյունքները` խաղի ժամանակ ադրբեջանական դրոշները աղբարկղեր նետելու վերաբերյալ:
«Տեղանքը զննելիս հայտնաբերվել են մասնատված ադրբեջանական դրոշներ: Այս առումով ոստիկանության մեկ պետ և երկու շարքային ոստիկաններ ենթարկվել են պատիժների. ոստիկանության պետը ազատվել է աշխատանքից, իսկ շարքային ոստիկանները ենթարկվել են խիստ պատժամիջոցների»,- հայտարարել է քաղաքապետը:
Հարբուտը նշել է նաև, որ քննության համար օգտագործվել են 10 միջազգային և 3 տեղական հեռուստաալիքների նկարահանած նյութերը, որոնք ուղարկվել են երկրի դատախազություն:
Այդ կադրերում երևում է, թե ինչպես խաղից առաջ, ընթացքում և հետո ադրբեջանական դրոշները թուրք ոստիկանները նետում են մարզադաշտի աղբարկղերը:
Պատմության դասերը
«Բավական է հիշել, որ վերջին երկու հարյուր տարում Շուշին առնվազն տասնհինգ անգամ ձեռքից ձեռք է անցել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Մոսկվայում տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ:
«ՉԻ» - Վերջին երկու հարյուր տարում Շուշին, իհարկե, «առնվազն տասնհինգ անգամ» ձեռքից ձեռք չի անցել, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ «ուղիղ տասնհինգ տարի» շարունակ մենք պնդում էինք, որ Շուշին գործնականում անառիկ է, և այդ ամրոցը հնարավոր չէ գրավել:
Ու հիմա հանկարծ Սերժ Սարգսյանի «թեթև ձեռքով» ստացվում է, որ ով երբ ուզել է` գրավել է այդ բերդաքաղաքը:
Մի ուրիշ խնդիր էլ կա: Այս հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարների զգալի մասն, ինչպես հայտնի է, ուղղվելու է Շուշիի զարգացմանը: Հարց է ծագում` ո՞վ կցանկանա ներդրումներ կատարել մի քաղաքում, որն իբր «առնվազն տասնհինգ անգամ» ձեռքից ձեռք է անցել, և ոչ մի երաշխիք չկա, որ «ավադույթը» չի շարունակվի: Մանավանդ` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:
Եվ, այնուամենայնիվ, Շուշիի զարգացման համար հաստատ արժե գումարներ տրամադրել: Այդ բերդաքաղաքն իսկապես անառիկ է, և պատմության ընթացքում չի եղել մի դեպք, որ քաղաքի տերերը ցանկանան պաշտպանել այն, բայց չկարողանան: Մնում է, որ ցանկություն լինի:
Թող գա, նստենք, խոսենք
Ըստ Գագիկ Ծառուկյանի. «Մարդ կա` անգիր արած խոսում է, քաղաքականությամբ է զբաղվում: Թող էդ մարդը գա, նստենք կլոր սեղանի մոտ, խոսենք` կյանքում ի՞նչ է արել իր երկրի համար, որ այսօր խոսում է` երկրի-ժողովրդի մասին:
Այո, զբաղվում եմ քաղաքականությամբ, որովհետև իմ ցանկությունը մեկն է, որ երկիրը կայուն լինի, մարդիկ իրենց գումարները ներդնեն, երկիրը կայանա, զարգանա, բարգավաճի: Եթե իրենց գումարները պահում են, չեն դնում տնտեսության մեջ, իհարկե, երկրի վիճակը ծանր կլինի»:
Նգոզին չի հասկանում
Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան անցած շաբաթ Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտում է օլիգարխիկ համակարգը:
Համաձա՞յն է արդյոք այս կարծիքի հետ գործարար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Թերթի թղթակցի այս հարցին Գ. Ծառուկյանը պատասխանել է. «Իհարկե ոչ: Նա երբեք ոչ մի բան չի հասկացել: Տնտեսությունը կզարգանա այն ժամանակ, երբ բոլորին հավասարաչափ հնարավորություն կտրվի բոլոր ոլորտներում: Եթե մարդիկ աթոռին թառած որոշումներ են կայացնում, այդպես չի կարող լինել: Բոլորին պայմաններ պետք է տրվեն»:
Նշենք միայն, որ տիկին Ն. Օկոնջո-Իվիլան ավարտել է ընդամենը Հարվարդի համալսարանը և մինչև ՀԲ-ում աշխատելը ղեկավարել է Նիգերիայի Ֆինանսների նախարարությունը:
Կարմիրբերետավորները ծեծում են կանանց ու երեխաներին
Երեկ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի շենքը հսկող ոստիկանների ու կարմիրբերետավորների ոհմակը հարձակվեց քաղաքացի Աստղիկ Աղեկյանի վրա ու գազանաբար ծեծեց: Աստղիկ Աղեկյանը, ի թիվս մի քանի տասնյակ քաղաքացիների, եկել էր դատարանի բակ` իր զորակցությունը հայտնելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, որին դատում են քաղաքական հայացքների համար:
Աստղիկ Աղեկյանը թմբուկ էր հնչեցնում, և նրա թմբուկի ռիթմին համահունչ ժողովուրդը վանկարկում էր «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» և «Պայքար, պայքար մինչև վերջ»: Վանկարկումները խախտեցին կարմիրբերետավորների ստվար շարքերից անդին դարանակալած վերադասների հավասարակշռությունը` Վալերի Օսիպովի, Բազազի` Ռոբերտ Մելքոնյանի ու հայտնի այլ մեդալակիր ու աբիժնիկ դեմքերի: Ոստիկանների կանոնավոր շարքից հանկարծ անջատվեց մի խումբ ու գնաց դեպի թմբուկը: Աստղիկ Աղեկյանը նահանջեց դեպի պանթեոնը, նրա հետևից` մի քանի երիտասարդներ:
Աստղիկ Աղեկյանն ընկավ դարանը: Թիկնեղ, ինչպես ժողովուրդն է ասում` կերկոխ ոստիկանները շրջապատեցին նրան ու փորձեցին թիկունքից պոկել եռագույնը, որն ամրացված էր թելերով, ինչպես թիկնոց: Աստղիկ Աղեկյանն ընկավ: Երբ նրան գետնաքարշ տանում էր հրեշներից ամենաարյունռուշտը, կինը շնչահեղձ էր լինում, քանի որ դրոշի թելը սեղմում էր բուկը: Երբ տեսան, որ արդեն թպրտում է խեղդամահ լինող աղավնու պես, ու տիկնայք էլ վայնասուն են բարձրացրել, բաց թողեցին:
Աստղիկ Աղեկյանը չէր կարողանում կարգավորել շնչառությունը և տերևի պես դողում էր. ամբողջ պարանոցն այտուցված էր, պատված կարմիր բծերով:
Նրան նստեցրին դատարանի շենքը մայթից առանձնացնող ճաղավադակի տակ` մինչ կմոտենար շտապօգնության մեքենան, որ կանչել էր ցուցարարներից մեկը: Սևազգեստ մի կին երկու ձեռքով բռնել էր ճաղավանդակը ու ամոթանք էր տեղում հաստավզերի ուղղությամբ:
«Էդ սև կեղտը պոկեք էդտեղից ու դեն շպրտեք»,- հրամայեց Բազազը կողքին կանգնած ստորադասներին: Սրանք ասպատակեցին սևազգեստ կնոջ վրա: Մոտիկ կանգած Հայկական ժամանակ թերթի լրագրող Սյուզան Պողոսյանը փորձեց միջամտել և հայտնվեց թիկնեղ ստահակների ձեռքերում, որոնք լրագրողին ուղղակի երկուկես կանեին, որովհետև բռնել էին թևերից ու տարբեր կողմ էին քաշում:
Ցավից, թե անելանելիությունից աղջիկը սկսեց արտասվել մի աներևակայելի զուսպ, բայց հոգեցունց լացով: Սկսվեց խառնաշփոթ, ու համընդհանուր իրարացման մեջ ոստիկանները չանթեցին ևս երկու երիտասարդի ու քարշ տվեցին դեպի բերման ենթարկելու համար նախապատրաստված հատուկ մեքենան: Նրանց տարան Շենգավիթի ոստիկանության բաժանմունք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել