Դատաքննության ընթացքում Հովհ.Քոչինյանը գումարները վերականգնում է
Հոկտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրի դատարանում դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Հովհ. Քոչինյանի քրգործով դատական նիստը: Նախորդ նիստում դատարանը որոշել էր գրությամբ դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պարզելու, թե Հովհ, Քոչինյանի կողմից առանց վերադասի համապատասխան հանձնարարության անտառամիջյան ճանապարհներ կառուցվել են, թե` ոչ:
Դատավոր Սուրեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ համաձայն դատարանի գրության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը տեղում կատարել է ուսումնասիրություններ և դատարանին է ներկայացրել եզրակացությունը:
Դատավորը կարդաց վերոնշյալ եզրակացությունը, ըստ որի «Ջիլիզայի անտառտնտեսության» Ախքյորփու և Խոժոռնու անտառապետություններում` առաջադրանքից դուրս 2004-2006 թվականների ընթացքում կառուցվել է 7200 մ երկարությամբ անտառամիջյան ճանապարհներ: Հանձնաժողովը փաստել է, որ նշված ճանապարհների վաղեմությունը կազմում է շուրջ 4-5 տարի: Նաև նշել է, որ «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲ-ի պլանով հաստատված առաջադրանքի համաձայն 2004թ.-ին նախատեսված է եղել 20 կմ երկարությամբ անտառամիջյան ճանապարհ, որը փաստացի կատարվել է: 2005-ին նախատեսված 10 կմ-ի դիմաց կառուցվել է 10,7 կմ, 2006-ին` նախատեսված 10 կմ-ի դիմաց փաստացի կատարվել է 10կմ:
Հիշեցնենք , որ նախորդ` սեպտեմբերի 24-ի դատական նիստում «Հայանտառի» ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դատարանին իրազեկել էր, որ 2004-2006թ.թ.-ին «Հայանտառի» նախատեսածից «Ջիլիզայի անտառտնտեսությունում» 5,5կմ ճանապարհ ավել է կառուցվել Հ. Քոչինյանի կողմից: Այն «Հայանտառը» ընդունել և օրինականացրել էր: Դատական այս նիստում այդ հանգամանքը շրջանցվեց: Այդուհանդերձ հանձնաժողովը դատարանին տեղեկացրել էր, որ հետագայում Հովհ. Քոչինյանը առանց հիմնավորված փաստաթղթերի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ներկայացրել է դիմումներ՝ նշելով, որ առանց վերադասի համաձայնության կառուցել է ևս 5-7 կմ անտառամիջյան ճանապարհ և խնդրել է դրանք ձևակերպել: Սակայն «Հայանտառը» դրանք չի ձևակերպվել, քանի որ առաջադրված ֆինանսական պլանով դրանք նախատեսված չեն եղել:
Դատարանի այն հարցադրմանը, թե անտառամիջյան 1կմ ճանապարհի կառուցման համար որքան գումար է նախատեսվել: Հանձնաժողովը տեղեկացրել է, որ համաձայն «Հայանտառի» հաստատված նորմաների 1կմ անտառամիջյան ճանապարհի կառուցման համար նախատեսված է եղել 280 հազար դրամ, կամ հիշյալ 7200մ անտառամիջյան ճանապարհների կառուցման համար կարող էր ծախսվել 2,2մլն. դրամ:
Դատարանը որոշեց «Հայանտառի» նշված տեղեկանքը կցել գործին: Հ. Քոչինյանի շահերի պաշտպան Կարեն Թումանյանը և ամբաստանյալը պահանջեցին դատարանից այդ գումարները գնահատման առումով պակասեցնել մեղադրականով առաջադրված գումարից:
Դատարանը քննարկեց նաև դատահաշվապահական փորձաքննության հետազոտումը: Փաստաբան Կարեն Թումանյանը ներկայացրեց միջնորդագիր փորձագետներ Հարությունյանին և Մկրտչյանին դատարան հրավիրելու մասին: Դատարանը գտավ, որ այդ փորձագետների եզրակացությունը այս մեղադրանքի հետ չի առնչվում, կապված է գործից անջատված` դեբիտորական մասով առանձին քննության հետ և մերժեց միջնորդագիրը:
Կարեն Թումանյանը իր մեկ այլ միջնորդագրով դատարանից պահանջեց հաշվապահական ուսումնասիրությունների մասով նշանակել փորձաքննություն: Մեղադրող Հայկ Մովսիսյանը հայտնեց, որ միջնորդագիրը անհարկի ձդձգում է դատավարությունը և պահանջեց մերժել այն: Դատարանը, սակայն գտավ, որ պետք է ընդունել միջնորդագիրը: Դատական նիստը հետաձգվեց:
Դատական նիստից հետո մեր հարցերին պատասխանեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
-Պ. Մարգարյան, «Հայանտառը» Հովհ. Քոչինյանի նկատմամբ ներկայացված իր պահանջներից դատարանում զիջումների կգնա, թե` ոչ:
Երբեք, երբեք չի գնացել ու չի գնալու:
Չեք կարծում, որ ձեր հանձնաժողովի եզրակացություններով , փաստորեն «Հայանտառը» անուղղակիորեն տվել է իր համաձայնությունը, որ Քոչինյանի կողմից 2004-ից 2006թ.թ.-ին առանց վերադասի համաձայնության կառուցված 7200մ երկարությամբ, 5 տարի վաղեմության անտառմիջյան ճանապարհների 2,2մլն. դրամ գումարը դատարանը համարի վերականգնված:
Չէ, մենք չենք ընդունել, 7200մ. անտառամիջյան ճանապարհը մենք թողնում ենք դատարանի հայեցողությանը: Եթե դատարանը կգտնի, որ դա հիմնավոր է, թող գտնի: Մենք գտնում ենք, որ դա հիմնավոր չէ: Այսինքն Քոչինյանը այդ ճանապարհների կառուցումը պետք է կատարեր սահմանված կարգով, նախագծանախահաշվային արժեքով, ֆինանսական պլանով: Բայց, եթե դատարանը գտնի, որ դա պատշաճ է, մենք չենք կարող առարկել:
Ամենակարևորը համարում ենք այն, որ նախաքննության ընթացքում Քոչինյանը համարյա գումար չի վերականգնել: դաքննության ընթացքում Քոչինյանը տեսնելով, որ արդեն իրեն ազատազրկում է սպասվում, արդեն նոր ինքը հասկացավ, որ պետք է այդ գումարները վերականգնի:
Մեծ գումարներ են կազմում բենզինի և դիզվառելիքի յուրացումները: Դրանք արդեն վերականգնվե՞լ են Հ. Քոչինյանի կողմից:
Այո, դա վերադարձման շեմին է: Դրանց գումարը միասին կազմում է 10-12մլն. դրամ: Մեր խնդիրն է, որ ինչքան հնարավոր է այդ գումարները շատ վերականգնվեն:Կարծում եմ նույնն է դատարանի մոտեցումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել