Աջակցություն սարատակցի «գիքորներին». «Հետքի» հոդվածի հետքերով
Սարատակցի Հարություն Մանուկյանի ընտանիքին նպաստից զրկելու պատճառները ճշտելու նպատակով եղանք Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում: Հիշեցնենք, որ այս ընտանիքն ապրում էր միայն հաշմանդամ աղջկա 9.000 դրամ թոշակով, իսկ այս տարվա սկզբից զրկվել էր նպաստից, քանի որ տղան` Նարեկը, դարձել էր 18 տարեկան (տես` Սարատակցի «գիքորները»):
Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Արթուր Մկրտչյանը հաստատեց, որ մինչեւ 2009 թ. հունվար ամիսը Մանուկյանները ստացել են 21.000 դրամ նպաստ: Այնուհետեւ տղայի չափահաս դառնալուց հետո անապահովության միավորը 33,76-ից իջել է 29,35, եւ փետրվարից նրանք դուրս են մնացել նպաստառուների ցուցակից:
Զարմանալիորեն, դրանից հետո աղքատ այս ընտանիքը չի օգտվել «Հրատապ օգնություն» կոչվող աջակցության ծրագրից: Պարոն Մկրտչյանի կարծիքով, հենց իրենց` Մանուկյանների մեղքով: «Իրենք պարտավոր էին գալ եւ փաստագրվել,- պարզաբանեց Արթուր Մկրտչյանը,- որպեսզի կարողանային 3 ամիս 10.000-ական դրամ աջակցության գումար ստանալ»: Գործակալության գլխավոր մասնագետը բացառեց այն տարբերակը, որ ընտանիքն օգնությունից չի օգտվել տարածքը սպասարկող տեսուչ Աննման Խաչատրյանի մեղքով:
«Չեմ կարծում, թե տեսուչը պարտավոր էր նրանց տեղյակ պահել, կամ թե չեմ կարծում, թե Մանուկյանները դրա մասին չեն իմացել»,- ասաց պրն Մկրտչյանը: Այնինչ, մենք ճշտել էինք, որ Մանուկյաններն առհասարակ տեղյակ չեն եղել, որ նպաստից զրկվելուց հետո իրենք հնարավորություն ունեն մեկ այլ ծրագրում ընդգրկվելու: Քանի որ այդ օրը հնարավորություն չեղավ Աննման Խաչատրյանի հետ հանդիպել, գործակալության պետը խոստացավ խնդիրը քննության առնել եւ արագ կարգով Մանուկյանների ընտանիքին ընդգրկել «Հրատապ օգնություն» ծրագրում, որպեսզի մինչեւ տարվա վերջ կարողանան ստանալ հասանելիք 30.000 դրամը: Այս ընտանիքը հետաքրքրել էր նաեւ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի Սոցիալական եւ գենդերային բաժնի ղեկավար Լուսիկ Մուրադյանին, ով պատմությանը ծանոթացել էր «Հետք»-ի հրապարակումից:
«Մեր բաժինը միայն Գյումրիում 500 շահառու ունի, բայց մենք կարողանում ենք միայն 230-ի հետ աշխատել,- ասում է Լուսիկ Մուրադյանը,- դրանք աղքատ ընտանիքներ են, որոնք մեր կենտրոնում ստանում են տարբեր տեսակի խորհրդատվություններ, նաեւ հումանիտար օգնություն: Մեր հնարավորություններն էլ այնքան մեծ չեն: Որպեսզի օգնենք նմանատիպ ընտանիքներին, մենք համագործակցում ենք «ԱՌԴԱ» եւ «ՀՕՖ» կազմակերպությունների հետ: Գյուղերի առումով առայժմ կարողանում ենք օգնել միայն Ամասիայի եւ Աշոցքի ծայրամասային, սահմանամերձ բնակավայրերի աղքատ ընտանիքներին, դե իսկ «Սարատակցի «գիքորները»» հոդվածը կարդալով` չկարողացանք անտարբեր մնալ եւ որոշեցինք մեր սուղ միջոցներից նրանց էլ բաժին հանել»:
Հոկտեմբերի 6-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի ներկայացուցիչների հետ կրկին այցելեցինք Մանուկյաններին: Աննայից իմացանք, որ արդեն փաստագրվել են Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում եւ առաջիկայում կստանան աջակցության գումարը: Սոցկենտրոնի աշխատակիցներն էլ Մանուկյանների ընտանիքին հանձնեցին բերած ալյուրը, սնունդ, հագուստ, կոշիկ, տաք ծածկոց, անկողնային պարագաներ եւ գրենական պիտույքներ դպրոցահասակ աղջկա համար:
Մեկնաբանել