HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հասցեագրած նամակը օգտագործվել է հենց քաղաքացու դեմ

21-ամյա Սամվել Պետրոսյանն ու Արտավազդ Երիցյանը նախկինում խնամիներ են եղել: Երկու ընտանիքների միջեւ չկայացած բարեկամությունը թշնամանք է առաջացրել եւ այս տարվա մայիսի 26-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտ հանդիպելով իրար ծեծկռտուք են սկսել ու հայհոյել միմյանց: Դեպքի առիթով Աշտարակի ոստիկանական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 258 հոդվա ծի երկրորդ մասով (հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով): Գործն այժմ քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Սամվելն ու Արտավազդը գործի նախաքննության ընթացքում հրաժարվել են պաշտպան ունենալու իրավունքից: Սամվելը «Հետքի» հետ զրույցում պաշտպանից հրաժարվելը կապեց եղբոր ոստիկան լինելու եւ իր «լավ կռուգի» հետ: «Քննիչ Էդիկ Սերգոյանն ինձ բացատրեց, որ կարող եմ պաշտպան ունենալ, բայց իմ մտածելակերպով հասկացա, որ պաշտպանն ինձ պետք չի գա: Միջնակարգ կրթություն ունեմ, բայց Աստծուն փառք` իմ կռուգն ուրիշ է»,- ասաց Ս. Պետրոսյանը: Մեր այն հարցին, թե ինչու՞ դատաքննության ժամանակ ցանկացար օգտվել պաշտպանի օգնությունից, երբ նախաքննության ընթացքում հրաժարվել էիր, Սամվելը պատասխանեց, որ դատարանում ամեն ինչ օրենքով են խոսել եւ ինքը դրանից բան չի հասկացել ու որոշել է պաշտպան ունենալ: «Լավ է ուշ, քան երբեք: Հետո էլ տեսա, որ իրենք (նկատի ունի Ա. Երիցյանին-հեղ.) պաշտպան ունեն, դրա համար ես էլ ցանկացա»,- ավելացրեց Սամվելը: Նշենք, որ նրա շահերը դատարանում պաշտպանում է Արագածոտնի մարզի հանրային պաշտպան Արսեն Գալստյանը: Արտավազդը նույնպես նախաքննության ընթացքում չի ունեցել պաշտպան, սակայն, ոչ թե իր կամքով է հրաժարվել, այլ, նրա ասելով` քննիչ Էդիկ Սերգոյանն է դրա համար արգելք հանդիսացել: ՙ «Երբ մեզ տարան ոստիկանություն, բացատրություն վերցնելու փոխարեն Սամվելին տարան քննիչի սենյակ մի երկու ժամ հետը խոսեցին, գործը դասավորեցին ու սենյակից դուրս գալով նա հայտարարեց, թե ես եմ հարձակվել իր վրա: Երբ քննությունն արդեն ավարտվում էր եւ ես տեսա, որ իրականությունը խեղաթյուրված է` պաշտպան պահանջեցի: Քննիչը ինձ ժամանակ չտրամադրեց պաշտպան հրավիրելու համար եւ ասաց, որ ինքը քննությունն ավարտում է ու ժամանակ չունի, մեղադրական եզրակացությունն արդեն պետք է ուղարկի հաստատման»,- հայտնեց Արտավազդ Երիցյանը: Նրա ասելով ինքը պնդել է իր պահանջը եւ հայտնել, որ առանց պաշտպանի չի ստորագրի մեղադրական եզրակացությունը: Նրա ասելով քննիչ Սերգոյանն ասել է, որ ինքը փաստաբան հրավիրի, բայց արդեն երեկոյան ժամ էր եւ ինքը չէր կարող արագ փաստաբան գտնել: «Խնդրեցի եզրակացությունը ստորագրելը հետաձգել մինչեւ փաստաբան ունենամ` չհամաձայնվեց: Ես էլ զզվեցի ու ստորագրեցի»,- պատմեց Ա. Երիցյանը: Նրա ասելով, Արագածոտնի մարզի ոստիկանական բաժանմունքի քննիչ Է. Սերգոյանը նախաքննության ժամանակ իրեն չի բացատրել, որ պաշտպան ունենալու իրավունք ունի, առավել եւս չի բացատրել հանրային պաշտպան ունենալու իրավունքի մասին, ինքն էլ անտեղյակ էր, որ նման հաստատություն գոյություն ունի: Միայն վերջին պահին է ասել, որ կարող է հանրային պաշտպան հրավիրել, բայց արդեն 2 հատորանոց գործ էր կազմվել եւ հանրային պաշտպանը չէր կարող մի քանի րոպեում կարդալ ու խորհուրդներ տալ: «Քննիչը նույնիսկ չի էլ ասել, որ հանրային պաշտպանն անվճար է: Ստիպված թեժ գիծ եմ զանգահարել, ինձ փաստաբան են տրամադրել, որ գոնե դատարանում կարողանամ իմ իրավունքները պաշտպանել»,- ավելացրեց Արտավազդը: Նշենք, որ պարզ խուլիգանական արարքը ոստիկանությունում քննվել է մոտավորապես 8 ամիս: Ա. Երիցյանը վստահ է, որ գործի ձգձգումը պայմանավորված էր Սամվելին արդարացնելու եւ իր դեմ գործ սարքելու հետ, քանի որ Սամվելի ոստիկան եղբայրը կապեր ունի Աշտարակի ոստիկանների հետ: Կատարվածի եւ պաշտպան ունենալու իրավունքից զրկելու մասին Արտավազդ Երիցյանի կինը` Ռիման, գրավոր նամակ է գրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Տիկնոջ պատմելով, դրանից հետո արժանացել է Աշտարակի ոստիկանների հետապնդումներին ու ծաղրանքին: «Հույս ունեի, որ Ալիկ Սարգսյանին դիմելով քննիչին կարգի կհրավիրեին, բայց գործն ավելի բարդացրին: Երբ հանդիպում եմ գործով զբաղվող քննիչներին` ծիծաղում են վրաս, թե` հը, գործերդ ո՞նց են, առաջ գնո՞ւմ են, թե` չէ: Դատարանում անընդհատ ինձ է հետապնդում քննիչ Զորիկ Ամիրյանը: Արդեն վախենում եմ այդ մարդկանցից: Այս ընթացքում մի բան հասկացա, որ առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանամ Հայաստանից»,- ասաց տիկին Ռիման: Արտավազդ Երիցյանը համոզվել է, որ եթե նախաքննության ժամանակ պաշտպան ունենար, գործն ուրիշ ընթացք կունենար եւ քննիչները չէին օգտվի իր անօգնական վիճակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter