HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

ՀՅԴ «վիրտուալ իշխանափոխության» տրամաբանությունը

Հոկտեմբերի 23-ին ՀՅԴ-ն վերջապես ներկայացրեց այլ ուժերի հետ հնարավոր համագործակցության սեփական քաղաքական պլատֆորմը՝ «ՀՅԴ հայաստանյան կազմակերպության գործունեության ուղենիշերը» հավակնոտ վերտառությամբ: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի սկզբին «Ժառանգություն» կուսակցության այն ժամանակվա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսին և Դաշնակցությանն ուղղված կոչով՝ կլոր սեղանի շուրջ երկխոսությունների միջոցով ստեղծել համագործակցության ընդհանուր պլատֆորմ՝ առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու և կոնսոլիդացված ընդդիմադիր դաշտ ստեղծելու համար: Հունիսի 12-ին ՀԱԿ հանրահավաքի ընթացքում Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր հեղինակած 12 կետանոց պլատֆորմը և այն առաջարկեց ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը»: Մոտ տաս օր անց արդեն 5 կետից բաղկացած պլատֆորմ ներկայացրեց «Ժառանգություն»-ը:  Բացի այն, որ «Ժառանգության» պլատֆորմը շատ ընդհանրական բնույթ ուներ, այն սկզբունքային մեկ կետում չէր համապատասխանում ՀԱԿ-ի պլատֆորմին և ակնկալիքներին: Բանն այն է, որ ի տարբերություն ՀԱԿ-ի, «Ժառանգությունն» ընդհանրապես գործող նախագահի և Ազգային ժողովի հրաժարական և արտահերթ ընտրություններ չէր պահանջում: ՀՅԴ-ն անընդհատ ձգձգում էր իր կողմից պլատֆորմի ներկայացումը: Ըստ էության Դաշնակցությունն այն հրապարակեց միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը գործնականում այլևս չկար մյուս ուժերի համար: ՀՅԴ պլատֆորմը երեք առանցքային դետալներով տարբերվում է ՀԱԿ-ի և երկուսով՝ «Ժառանգության» պլատֆորմներից: Բացի այն, որ ՀՅԴ «Ուղենիշերի» տեքստում ընդհանրապես որևէ խոսք չկա իշխանափոխության, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ ներկայացնելու մասին, այնտեղ նաև ակնարկ չկա 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների իրական պատճառների ու մեղավորների բացահայտման, հետևանքների վերացման մասին, ինչն առկա էր «Ժառանգության» պլատֆորմում: Բացի դրանից, ՀՅԴ պլատֆորմն այնպիսի ծավալուն, դետալացված բովանդակություն ունի, որ իրավամբ կարելի է ոչ թե մարտավարական համագործակցության ձևաչափ համարել, այլ նախընտրական ծրագիր: Չնայած քաղաքական մոտեցումների առումով երեք ուժերի ներկայացրած փաստաթղթերն ունեն նաև բազմաթիվ ընդհանրություններ, սակայն ՀՅԴ «Ուղենիշների» նման դետալացվածությունը գրեթե բացառում է այդ ուժերի համագործակցությունը՝ «սատանան հենց մանրամասների մեջ է» սկզբունքով պայմանավորված: Թերևս կարելի է ասել, որ Դաշնակցության կողմից նման ծավալուն պլատֆորմի ներկայացումը ոչ թե համագործակցության հնարավորություններ ստեղծելու, այլ հակառակը՝ դրանք չեզոքացնելու կամ ծայրահեղ դեպքում մյուսներին պարտադրելու նպատակներ ուներ: Այսպիսի մոտեցումն առնվազն երկու հարց է առաջացնում. ինչու՞ ՀՅԴ-ն այսքան ուշացրեց պլատֆորմի հրապարակումը, երկրորդ՝ ինչու՞ է այն այսքան ծավալուն և ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում: Իհարկե, չի կարելի բացառել, որ պլատֆորմի ձևավորման ուշացման պատճառը կարող էր մեծապես պայմանավորված լինել հայ-թուրքական հաշտեցման գլխապտույտ արագությամբ զարգացող գործընթացներով եւ երկու արձանագրությունների շուրջ ՀՅԴ ծավալած ակտիվ դիմադրողական գործունեությամբ: Այն փաստը, որ պլատֆորմում ազգային խնդիրներին առաջնահերթություն է տրվել, վկայում է վերջին զարգացումների ազդեցությունը ՀՅԴ կողմից առաջնահերթությունների որոշման վրա: «Բնականաբար, ազգային խնդիրներն առաջնային նշանակություն են ունենալու այս կամ այն քաղաքական ուժի հետ մեր հետագա անելիքները և համագործակցության եզրերը ճշտելու համար»,-պլատֆորմը ներկայացնելիս  հավաստեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նման մոտեցումը ՀՅԴ-ին հնարավորություն է տալիս իր շուրջը համախմբել հատկապես այն ուժերին, որոնց համար ևս ազգային խնդիրները գերակա նշանակություն ունեն ներքին հասարակական-քաղաքական իրողությունների նկատմամբ: Սա ակնհայտորեն ազգային-պահպանողական քաղաքական բևեռ ձևավորելու նպատակ ունի՝ ի հակակշիռ թե ՀԱԿ-ի, թե «Ժառանգության»: Ավելին. այսպիսով ՀՅԴ-ն մեկ անգամ ևս փորձում է «Ժառանգությանը» դնել «կրտսեր եղբոր» կարգավիճակում: Այսինքն՝ հայ-թուրքական մերձեցման գործընթացի խորացումից հետո պլատֆորմի հրապարակմամբ ՀՅԴ-ն փորձում է լեգիտիմացնել իր ձեռք բերած նոր կարգավիճակը և փաստացի մենատիրական նկրտումներն ազգային այդ խնդիրները քաղաքական նկատառումներով օգտագործելու հարցում: Այլ կերպ ասած՝ ազգային խնդիրները, արտաքին մարտահրավերները ՀՅԴ-ի համար դառնում են ակտիվ գործունեություն ծավալելու, նախկին իշխանություն լինելու համար պատասխանատվության խնդիրը շրջանցելու հիմնական կրեդոն ու գործիքը: Ինչ վերաբերում է պլատֆորմի ծավալուն լինելու հանգամանքին, ապա այն կարող է ունենալ ընդամենը մեկ բացատրություն. ՀՅԴ-ն այն փորձում է մատուցել ոչ թե իբրև կարճաժամկետ գործունեության պլան, այլ որպես ավելի հեռանկարային, ընդհուպ նախընտրական նշանակության համապարփակ ծրագիր: Այսպիսի բովանդակությամբ պլատֆորմ հրապարակելով՝ ՀՅԴ-ն ժամկետից շուտ սկսում է խորհրդարանական նախընտրական արշավը և անցած տարիներին կորցրած ընտրազանգվածի վստահությունը ետ վերադարձնելու գործընթացը, ինչի համար,  բնականաբար, երկար ժամանակ է պետք: Այս առումով հետաքրքրական է մի նուրբ հանգամանք: Չնայած այն փաստին, որ  «Ուղենիշերում» որևէ ակնարկ չկար իշխանափոխության համար, սակայն Արմեն Ռուստամյանն իր հոկտեմբերի 23-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Մենք այսօր մի քաղաքական կուրս ենք որդեգրել, որը ենթադրում է, որ հայ-թուրքական գործընթացի հետ մեր պայքարը կարող է վերաճել պայքարի իշխանափոխության համար: Դա ենթադրում է, որ հասարակությանը պետք է ներկայանալ ավելի լայն սպեկտրով՝ բացատրել, թե եթե դու գաս իշխանության, ի՞նչ ես անելու: …Մենք դնելու ենք իշխանափոխության խնդիր. իշխանափոխությունը շատ ավելի լայն պահանջ է, քան կոնկրետ հրաժարականի պահանջը: Քանի որ կուրսն է շեղված, պետք է փոխվի ամեն ինչ՝ թե նախագահը, թե կառավարությունը, թե Ազգային Ժողովը՝ բոլոր նրանք, ովքեր առնչված են եղել այս արձանագրությունների մասով»: Ուշադրություն դարձնենք՝ սա ասում է այն կուսակցության ներկայացուցիչը, որն ընդամենը օրեր առաջ արձանագրությունների նախաստորագրման համար պահանջում էր միայն արտգործնախարարի հրաժարականը և, չգիտես ինչու, այն ժամանակ չէր տեսնում որ դա ընդհանուր կուրսի շեղում է: Սակայն հետաքրքրականն անգամ դա էլ չէ: Պարզվում է, որ ՀՅԴ-ն իշխանափոխության հարց դնելու է ոչ թե արձանագրությունների վավերացումից առաջ, այլ միայն դրանից հետո՝ որպեսզի հնարավոր լինի դրանք չեղյալ հայտարարել: Այսինքն՝ այն ժամանակ, երբ դա կամ գործնականում անհնար կլինի, կամ չափազանց դժվար: Փաստորեն, ՀՅԴ-ն ուզում է ոչ թե կանխարգելել արձանագրությունների վավերացումը, այլ ընդամենը օգտվել դրա արդյունքում Հայաստանում սպասվող քաղաքական-հասարակական հնարավոր ցնցումներից և երբ ավելի դյուրին կլինի ազդել հանրության գիտակցության վրա և նրան ուղղորդել ցանկալի լուծումների: «Մենք իշխանափոխություն ենք պատրաստում մեր քաղաքական ծրագրով»-ասում է Արմեն Ռուստամյանը և պարզ ակնարկում, որ այն, ինչ անում է Դաշնակցությունը, քաղաքական ծրագիր է: Իսկ մինչ այդ ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանը հայտարարել էր, թե իշխանափոխության պահանջն իրենց համար ինքնանպատակ չէ և իրենք չեն անի մի բան, որի արդյունքում, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ի համար թերևս ամենաանցանկալի մարդը, հանկարծ դառնա նախագահ: ՀՅԴ-ն, փաստորեն ոչ միայն չի ուզում դա թույլ չտալ, այլև ուզում է, որ այս պլատֆորմի թևերով իշխանության գա ինքը և իր ուզած մարդը: Ահա և ողջ տրամաբանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter