Թրաֆիքինգով` 12 դեպք
Այս տարվա 9 ամիսների ընթացքում թրաֆիքինգի հատկանիշներով Հայաստանում բացահայտվել է հանցագործության 12 դեպք (նախորդ տարի` 8), որոնցից 5-ը վերաբերել է Հայաստանից Թուրքիա, 2-ը` մեր երկրից Արաբական Միացյալ Էմիրություններ, 2-ը` Ռուսաստանի Դաշնություն և 1-ը` Ռուսաստանից Հայաստան թրաֆիքինգին, իսկ 2 դեպք կատարվել է հենց Հայաստանի տարածքում:
Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Ոստիկանության 6-րդ վարչության պետ Հունան Պողոսյանը: Նրա խոսքերով` հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է թրաֆիքինգի 45 զոհ (նախորդ տարի` 27), որոնցից 11-ը` ՌԴ-ից փոխադրվել էին Հայաստան` մերկապարերով ակումբներում շահագործելու նպատակով, 7-ը` այստեղից փոխադրվել էին Թուրքիա, իսկ 6-ը` մեր երկրից ԱՄԷ` պոռնկության շահագործման նպատակով, 17-ը` Հայաստանից փոխադրվել էին ՌԴ` աշխատանքային թրաֆիքինգի նպատակով, իսկ 4-ը` ՀՀ ներքին թրաֆիքինգի զոհեր են:
«Հայտնաբերված 45 զոհերից 16-ը ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ` աջակցություն ստանալու նպատակով, 16-ը գտնվում են երկրից դուրս, իսկ 15-ն առայժմ չեն տվել իրենց համաձայնությունը,- ասուլիսի ժամանակ մանրամասնեց բանախոսը: - ՀԿ-ներ են ուղղորդվել նաև նախորդ տարի նույնացված 2 զոհ, որոնցից մեկը` անչափահաս»:
ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածների հատկանիշներով 2009 թ. 9 ամիսների ընթացքում 4 անձինք դատապարտվել են` համապատասխան 13, 5, 4 և 7 տարի ազատազրկման: Եվս մեկ անձ դատապարտվել է 1 տարվա ազատազրկման ու 200 հազար դրամ տուգանքի:
«ՀՀ քր.օր.-ի 261, 262 հոդվածների հատկանիշներով բացահայտվել է հանցագործության 44 դեպք (նախորդ տարի` 9), որից 17-ը` ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների նախաձեռնությամբ: Եւս 3 դեպքեր ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համագործակցությամբ բացահայտվել են ոստիկանության ՔԳՎ, Շիրակի ՄՎ և Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից»,- հաղորդեց Հ. Պողոսյանը
Բացահայտված 44 դեպքերից 2-ը վերաբերել են Հայաստանից ԱՄԷ և Թուրքիա մարմնավաճառության նպատակով կանանց փոխադրումներին, 28-ը` «հյուրանոցային համալիրների» աշխատակիցների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն ու ներգրավելուն, իսկ 7-ը` այլ ձևերով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն և ներգրավելուն:
«Այս տարվա 9 ամիսների ընթացքում Քրեական օրենսգրքի 261, 262 հոդվածների հատկանիշներով անչափահասների նկատմամբ իրականացված հանցագործության դեպքեր չեն հայտնաբերվել»,- եզրափակեց վարչության պետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել