HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի պատկերասրահը դատարկ է

Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից 18 կտավների գողությունը պատկերասրահի դատարկվելու պատճառ դարձավ: Հայ կերպարվեստի տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող 10 հեղինակների 18 գեղանկար աշխատանքների գողությունը տեղի է ունեցել 2009թ. մարտի 30-ի, լույս 31-ի գիշերը: Սակայն գողության հետևանքով Հրազդանի պատկերասրահը զրկվել է ոչ միայն 18 կտավներից, այլև մնացած` 132 թանգարանային առարկաներից` քանդակ, գրաֆիկա, գեղանկար: Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Մանվել Վարդանյանի խոսքերով` պատկերասրահում եղել է 150  ընդհանուր թանգարանային նմուշ. «Գողությունից հետո կազմվեց արձանագրություն մնացած առարկաները ապրիլի 3-ին Ազգային պատկերասրահ տեղափոխելու մասին` մինչև այստեղի շենքի վերանորոգումը և վանդակաճաղերի տեղադրումը: Այսօր արդեն վանդակաճաղերը տեղադրված  են, բայց երբ կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքները, դեռ անորոշ է»,- ասում է Մանվել Վարդանյանը: Մայիսի 4-ից  մինչ օրս այդպես էլ չհաջողվեց պատկերասրահի վերանորոգման և թանգարանային առարկաների վերադարձման ժամկետի մասին զրուցել ՀՀ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ: Զանգերն և այցելությունները հնարավորություն չտվեցին աշխատավայրում գտնել պատկերասրահի տնօրենին: Հունիսի 2-ին քարտուղարուհուն խնդրեցինք տալ պարոն Միրզոյանի բջջայինի հեռախոսահամարը, սակայն քարտուղարուհին հրաժարվեց: Քարտուղարուհուն առաջարկեցինք գրել հեռախոսահամար, հարցազրույցի թեման և զանգահարել այն ժամանակ, երբ պարոն Միրզոյանը աշխատավայրում կլինի: Քարտուղարուհին մեր ներկայությամբ նոթատետրում գրառեց վերոնշյալը: Սակայն մինչ օրս որևէ արձագանք չի եղել: ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչությունից նույնպես չհաջողվեց ստանալ վերոնշյալ հարցերի պատասխանը: Աշխատակիցը խորհուրդ տվեց դիմել Փարավոն Միրզոյանին: Փարավոն Միրզոյանի հետ հարցազրույցը չկայացավ հավանաբար նրա գերզբաղվածության պատճառով: Վերոհիշյալ հարցերի պատասխանները ստանալու նպատակով հոկտեմբերի 7-ին ուղարկված պատվիրված նամակը նույնպես Փարավոն Միրզոյանի կողմից մնաց անպատասխան: Լուսինե Դալլաքյան ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter