Բացատրությունը գտնվեց
«Հավատացեք` այդ կանայք իրենք իրենց ծեծում են: Դուք հավատո՞ւմ եք, որ հայ ոստիկանը հայ կնոջ վրա ձեռք կբարձրացնի»,- նախօրեին հայտարարել է ՊՊԾ պետի տեղակալ Վալերի Օսիպյանը:
«ՉԻ» - Դե, իհարկե, ո՞վ է տեսել, որ հայ ոստիկանը հայ կնոջ վրա ձեռք բարձրացնի:

Սովորաբար «դուբինկա» են բարձրացնում, արցունքաբեր գազի «բալոնչիկներ», մեկ-մեկ էլ գործի են դնում ոտքերը: Ընդ որում` առավել ակտիվ ոստիկանները, որպես կանոն, դրանից հետո մեդալներ կամ պաշտոնի բարձրացում են ստանում:
Եվ, այնուամենայնիվ, «իրենք իրենց ծեծելու» վարկածը լավն է: Ավելին, որոշ տեղեկությունների համաձայն` ընդդիմության ակտիվիստները ոչ միայն իրենք իրենց ծեծում են, այլև հետո իրենք իրենց բերման ենթարկում ոստիկանություն, իրենք իրենց այնտեղ մի քանի ժամ պահում, հետո իրենք իրենց նկատմամբ քրեական գործ հարուցում և այլն:
Իսկ ոստիկաններն ընդամենը փորձում են կանխել այդ ինքնաբուխ ակցիաները: Բայց ամենազարմանալին այն է, որ տեսախցիկները բոլորվին այլ կադրեր են ֆիքսում:
Այլ բացատրություն չկա. կամ տեսախցիկներն իրենք իրենց ինչ ուզում` նկարում են, կամ էլ ընդդիմության ակտիվիստները նախապես ոստիկանական համազգեստ են հագնում ու միայն դրանից հետո են իրենք իրենց ծեծում:
Չկայացած հայրենատիրության օրը
ՀՅԴ-ն առաջարկել է այսուհետ նոյեմբերի 22-ը նշել որպես «Հայրենատիրության օր», որովհետև այդ օրը Վուդրո Վիլսոնն իրավարար վճիռ է ստորագրել, որով Հայաստանը պետք է իր տարածքների նկատմամբ իրավազորություն ունենար
«ՉԻ» - Սա, իհարկե, փայլուն գաղափար է: Փաստորեն, մեր «հայրենատիրությունը» Վուդրո Վիլսոնի որոշումից է կախված եղել. քանի դեռ այդ որոշումը չկար, մենք հայրենատեր չէինք:
Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ Վիլսոնի ծննդյան օրը չնշել որպես հայկական Նոր տարի, նրա պսակադրության օրը` որպես «Զույգ ծաղիկների օր», նախագահ ընտրվելու օրը` որպես «ժողովրդավարության հաղթանակի օր» և այլն:
Ի վերջո, եթե այդ մարդը չծնվեր և նախագահ չդառնար, հայ ժողովրդի անցյալը շատ ավելի մռայլ կլիներ, ապագան` շատ ավելի մշուշոտ:
Ինչ վերաբերում է ՀՅԴ նախաձեռնությանը, ապա երևի ավելի ճիշտ կլինի, եթե նոյեմբերի 22-ը նշվի որպես «Չկայացած հայրենատիրության օր»: Կամ, եթե կուզեք, «Տեսլականի օր»: Այդպես ավելի ազնիվ կլինի:
Վազգենին հարգողը նրա ընկերներին բանտում չէր պահի
Երեկ խոսելով տասը տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած սպանդի մասին` դրա հիմնական թիրախը դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արա Սարգսյանն, ասաց, որ զոհերի հիշատակի առիթով իշխանությունների կազմակերպած բոլոր միջոցառումները, հուշաքարերի բացումները, ձևական բնույթ են կրում.
«Ավելին, եթե խոսքը վերաբերում է եղբորս` Վազգեն Սարգսյանին, ապա Վազգենին հարգող մարդը Վազգենի ընկեր Մուշեղ Սաղաթելյանին, Սասուն Միքայելյանին, Ժորա և Մուկուչ Սափեյաններին ու մնացած տղերքին, որոնք պատերազմ են անցել Վազգենի հետ, սեփական տեսակետ ասելու համար բանտերում չէր նստեցնի ու չէր պահի»:
Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարներից` ամեն պարտություն
Երեկ` ԱԺ հայտարարությունների ժամին, խոսք ասաց Անահիտ Բախշյանը: Նա հուզված էր. «...Այդ օրը գնդակահարվեց պետությունը, գնդակահարություն, որի նպատակն էր այս ժողովրդի մեջ սպանել հույսը, պայքարելու կամքը, և երկրում հաստատել վախի ու ստրկամտության մթնոլորտ: Ահաբեկչությունը հրաշալի օգտագործվեց նախագահ Քոչարյանի կողմից` երկիրը միանձնյա, ավտորիտար սկզբունքներով կառավարելու համար: Նրա պաշտոնավարման տարիներից ի վեր պետական ինստիտուտները վերածվել են կցորդի` բացառելով ցանկացած մրցակցություն և այլընտրանք»:
Եթե վստահ չես քո ուժերին
Ինչո՞ւ ես խոում ամբողջ ժողովրդի անունից
«Զարմանում եմ, ինչ-որ տեղ զայրանում, երբ հայ մարդը ասում է` կարո՞ղ ենք, կդիմանա՞նք թուրքական էքսպանսիային, իրենք 70 միլիոն են, մենք` 3 միլիոն, իրենք դիվանագիտություն ունեն, մենք` չունենք:
Եղբայր, եթե վստահ չես քո ուժերին, ինչո՞ւ ես խոսում ամբողջ ժողովրդի անունից: Ամոթ է, երբ այսօր` 21-րդ դարում, հայ քաղաքական մտքի կրողը տառապում է նման անլիարժեքության բարդույթով, և դեռ փորձում է դա փաթաթել ամբողջ ժողովրդին: Կարծում եմ` սա ուղղակի թշնամական մոտեցում է, որովհետև մի ամբողջ ժողովրդի հոգեբանություն են փչացնում:
Ես հավատում եմ, որ այս ճանապարհին, եթե նույնիսկ դրական արդյունքներ չունենանք, ոչինչ չենք կորցնի: Եթե նախագահի ուղերձից հետո էլ կան մարդիկ, որ սա չեն հասկացել, նրանց այլևս ոչինչ չի օգնի»,- ասում է պատգամավոր Վազգեն Կարախանյանը:
Ներող, ապե
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախաձեռնությամբ երեկ Ստամբուլում ադրբեջանցներից ներողություն խնդրելու լայն կամպանիա է մեկնարկել: «Ներողություն խնդրենք ադրբեջանցիներից» ակցիան շարունակվելու է 10 օր:
Այս կերպ նախաձեռնության հեղինակները Ադրբեջանից ներողություն են խնդրում Հայաստանի հետ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների համար:
«Բացման հույս սահմանամերձ գյուղերում»
Այս ենթատեքստով «Սաբահ» թերթը անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հարցին` գրելով. «Կարսի և Իգդիրի միջև գոյություն ունեցող աահմանային անցակետը կոչվում է «Դողուքափու» (արևելյան դուռ): Եթե Հայաստանի հետ հարաբերությունների մեղմացումից հետո կողմերը վերջնական համաձայնության գան, ապա այդ անցակետի գլխավորությամբ բացվելու են սահմանային մի քանի այլ անցակետեր:
Քանի որ «Դողուքափուն» ընդգրկված է ռազմականացված գոտում, ուստի եղանք հարևան գյուղում, որտեղ բնակիչները չորս աչքով սպասում են սահմանների բացմանը: Նրանք ասում են, որ դա իրենց միակ հույսն է:
Ըստ նրանց` սահմանի բացման դեպքում երեխաները կփրկվեն սագեր արածեցնելուց, նախիրի հետևից թափառելուց, իսկ բնակչությունը ստիպված չի լինի կառչել անասնապահությունից, կզբաղվի սահմանային առևտրով: Նրանց հավաստմամբ` սահմանների բացումով առևտուրը կաշխուժանա, կշահեն և երկիրը, և կարսեցիները»:
Վախճանվել է վեհափառ հայրապետի հայրը
Երեկ երեկոյան, ըստ ոչ պաշտոնական աղբյուներից «Ազգ»-ի ստացած տեղեկության, կյանքից հեռացել է Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի հայրը` Գրիգոր Ներսիսյանը, 88 տարեկան հասակում, թոքաբորբի հետևանքով:
Թերթը խորին ցավակցություններ է հայտնում վահափառ հայրապետին, Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպս. Ներսիսյանին և մյուս հարազատներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել