Սյունիքի մարզում վտանգված է սեփականության իրավունքը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը
Ս.թ-ի հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը կայացրել է թիվ 944-Ն որոշումը Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին:
Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն և ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանի` Հալիձոր գյուղական համայնքի բնակիչներն իրենց դժգոհությունն են արտահայտում առ այն, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի 1քմ-ի դիմաց 100 դրամ փոխհատուցում է առաջարկվում: Սա այն դեպքում, երբ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի Գորիսի տարածքային ստորաբաժանման` այդ հողամասերի 1քմ-ի կադաստրային արժեքը կազմում է 222 դրամ:
Հալիձորցիները դժգոհում են նաև, որ մինչև օտարման պայմանագրերի կնքումը, սեփականության իրավունքով դեռևս իրենց պատկանող հողամասերում, սկսվել են հողաշինական աշխատանքներ:
Վերջին տարիներին թե՛ հրապարակային ելույթների ընթացքում, թե՛ տարեկան զեկույցներում բազմիցս անդրադարձել եմ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու գործընթացում թույլ տրվող սեփականության իրավունքի խախտումներին և նշել եմ, որ այդ գործընթացում պետք է խստիվ պահպանվեն սեփականատերերի իրավունքները: Այլապես, երբ ոտնահարված սեփականության իրավունքը վերականգնվում է միջազգային դատական ատյանի որոշմամբ, վնաս է հասցվում և՛ պետության հեղինակությանը, և՛ բյուջեին:
Ինչպես ցույց է տալիս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկան, սեփականության իրավունքի խախտումներին վերաբերող խնդիրները լուծվում են ի օգուտ քաղաքացիների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել