«Խոսել մրցակցության մասին նշանակում է չիմանալ Հայաստանի տնտեսության մենաշնորհի աստիճանն ու դրա պատճառները»
«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը
ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը մեր երկրում տնտեսական աճի կբերի, որովհետև մրցակցությունը կսրվի, գները կնվազեն: Դա իրատեսակա՞ն է:
Տեսական մակարդակով ամեն ինչ կարող ենք ասել, օրինակ, որ, այո, ՀՆԱ-ն կաճի, տնտեսական զարգացում կունենա և այն: Բայց մինչև տեսական մակարդակով դատողություններ անելը պետք է տեսնել իրական կյանքը, թե ինչպիսի՞ն է մեր տնտեսությունը, և արդյո՞ք այդ ակնկալիքները կարող ենք մենք ունենալ: ՀՅԴ-ն իրականացրել է վերլուծություն:
Մեր նպատակը չի եղել ցույց տալ, թե ձեռնտո՞ւ է սահմանի բացումը, թե՞ ոչ: Մեր նպատակն է եղել բացահայտել այն հիմնախնդիրները, որոնք կանգնած են Հայաստանի առջև` սահմանի բացման պարագայում: Եվ այդ հիմնախնդիրների թիվը` 53, ցույց է տալիս, որ ոչ միայն մեր տնտեսության ներքին մրցակցությունը չի կարող աճել, այլև էականորեն կարող է վնասվել:
Նույնիսկ եղած պայմաններում օգտվելու են այն սուբյեկտները, որոնք Հայաստանում ունեն մենաշնորհային դիրքեր, և նրանք, օգտագործելով այդ հնարավորությունը` ավելի են ամրացնելու իրենց դիրքերը:
Խոսել այստեղ մրցակցության մասին, կնշանակի չիմանալ Հայաստանի տնտեսության մենաշնորհի աստիճանն ու դրա պատճառները:
Խոսել Հայաստանի տնտեսական զարգացումների մասին, նշանակում է չիմանալ, որ գյուղատնտեսությունը, որը սահմանի բացման պարագայում դառնում Հայաստանի տնտեսության ամենախոցելի ոլորտն է, ուղղակի անգործության է մատնվելու:
Եվ այսպիսի իրավիճակում կառավարությունը առնվազն պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի, ոչ թե ամպագորգոռ հայտարարություններ անի:
ՀՅԴ-ի դիտարկումները կառավարությունում ինչ որ արձագանք գտե՞լ են:
Այո, այդ փաստաթուղթը ներկայացվել է կառավարությանը: Վարչապետն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց, որ արժեքավոր դիտարկումներ են, և իրենք անպայման հաշվի կառնեն: Բայց մենք չենք հիանում այդ շնորհակալական խոսքերով, որովհետև մենք ցանկանում ենք առարկայական քայլեր տեսնել:
Ի վերջո ձևականությունը չէ, որ կարող է մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից, այլ առարկայական քայլերը: Երբ տեսնում ես, որ այդ մտահոգությունները ընկալելով հանդերձ` մարդիկ չեն ձեռնարկի կոնկրետ գործողություններ, այլ օր առաջ ամեն գնով ցանկանում են բացել այդ սահմանը, հարց է առաջանում` կարո՞ղ է իրենք իրավիճակին չեն էլ տիրապետում, կամ այնքան են ոգևորված թուրքական էժան ապրանքները հայկական շուկա լցնելու մոլուցքով, որ մոռանում են, որ Թուրքիան այնուամենայնիվ Հայաստանին դիտարկում է որպես թշնամի երկիր, որի գործողությունները ագրեսիայի մակարդակով է գնահատել:
Սա վտանգ է ոչ միայն այն առումով, որ թուրքական կապիտալը կարող է ներխուժել Հայաստանի տնտեսություն, այլև այն պատճառով, որ մենք այլևս չունենանք ինքնուրույն տնտեսական քաղաքականություն իրականացնելու քիչ թե շատ այսօր առկա հնարավորությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամը 2010թ. համար 1,2 տոկոս տնտեսկան աճ կանխատեսեց: Ինքանո՞վ եք դա իրատեսական համարում:
Ցանկացած նման վերլուծություն գերազանցապես տեսական մակարդակով է: Ընդհանրապես, Հայաստանը համարվում է ամենապարտաճանաչ երկրներից մեկը, որը կատարում է արժույթի միջազգային հիմանդրամի կամ համաշխարհային բանկի ցուցումները:
Դրանց արդյունքը մենք տեսել ենք` այն, որ մի տարվա տնտեսական անկումը մոտենում է շուրջ 20 տոկոսի, այն, որ գործազրկությունը խայտառակ մակարդակի է, այն, որ տնտեսությունը անհամամամասնական զարգացում է ունենում:
Հիմա այսպիսի պայմաններում ԱՄՀ-ն այլ բան, քան թե նման դրական կանխատեսում, չէր կարող անել, որովհետև դա հակառակ պարագայում ևս մեկ հարված էր նույն իրեն: Եվ ի վերջո ԱՄՀ-ի խորհրդատվությունը հիմնվում է այն քաղաքականության վրա, որ անխափան և անխոչընդոտ պետք է իրակաանցվի:
Տեղական պայմանները հաշվի չի առնվում այդպիսի խորհրդատվության ժամանակ: Բայց մենք ունենք այնպիսի առանձնահատկություններ, որոնք չեն կարող այս խորհրդատվությունը ամբողջությամբ իրացնելի դարձնել:
Միայն կառավարման անարդյունավետ համակարգը մեզ մոտ արդեն բավարար խոչընդոտ է, որպեսզի այն խորհրդատվությունները, որոնք տալիս են իրենք, իրականում այլ դրսևորումներ ունենան:
Կարծում եմ, որ մեր կառավարությունը չունի այն բավարար ձգտումը, որ այդ խորհրդատվությունը տեղայնացվի, տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով` նոր միայն հայտարարություններ արվեն, թե որքան կլինի տնտեսական աճը կամ ինչպիսի զարգացումներ կլինեն:
Ես համարում եմ, որ այդ կանխատեսումը տեսականորեն ճիշտ է, իսկ պրակտիկայում մեծ շեղումներ ունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել