Բարենպաստ պայմաններ տաղանդավոր մարդկանց ինքնադրսեւորման համար
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Տաղանդների կառավարում» խորագրով համաժողովին։ Կառավարության ղեկավարը կարեւորել է միջոցառումը, նշելով, որ պետք է ձեւավորել այնպիսի միջավայր, որը հնարավորություն է տալիս տաղանդավոր մարդուն ինքնադրսեւորվել եւ ինքնիրացվել։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ համաշխարհային պատմության մեջ շարժիչ ուժը, որն ապահովում է մարդկության զարգացումը, հենց տաղանդավոր մարդիկ են, եւ առաջին հերթին տաղանդավոր լինել նշանակում է ունենալ կարողություն, ձերբազատվել հնամաշ կարծրատիպերից, կանխատեսել, կանխագուշակել ապագան եւ ապագայի տեսլականով վերափոխել աշխարհը։
«Մենք միասին փորձում ենք իրականացնել լրջագույն բարեփոխումներ մեր հասարակական կյանքում,- ասել է ՀՀ վարչապետ,- Լրջագույն բարեփոխումներ իրականացնել` նշանակում է առաջին հերթին փոխել մեր մտածողությունը, որովհետեւ հին մտածողությամբ նոր հարաբերություններ կառուցել հնարավոր չէ։ Նոր հարաբերությունները կարելի է կառուցել միայն նոր մտածողությամբ, այսինքն` մեզ պետք է ապագայի տեսլական, համոզմունք, որ այդ տեսլականը բխում է մեր ժողովրդի շահերից, եւ այդ համոզմունքով ղեկավարվելով` մենք փորձում ենք փոխել մեր կյանքը»։
Կառավարության ղեկավարի համոզմամբ «փոփոխությունները ժամանակակից աշխարհում նոր թափ են հավաքել, արագ են ընթանում։ Հասկանալի է, որ թիվ մեկ մարտահրավերն ազգերի, քաղաքակրթությունների մրցակցության մեջ կայանում է հետեւյալում` ո՞ր ազգերը կկարողանան ստեղծել առավել բարենպաստ պայմաններ տաղանդավոր մարդկանց համար, որպեսզի նրանք կարողանան ինքնահաստատվել, ինքնադրսեւորվել եւ իրացնել իրենց տաղանդը»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել