
Քաղաքապետի եւ ոստիկանի որդիները բռնաբարության գործով դեռեւս վկաներ են
Սեպտեմբերի 2-ին 17-ամյա Լ. Ն.-ն, որ ապրում է Տավուշի մարզի գյուղերից մեկում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հայտարարություն է տվել, որ նախորդ օրը՝ ժամը 18-ի սահմաններում, Նոյեմբերյանի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներ՝ 17-ամյա Ս. Ա.-ն, 16-ամյա Ն. Հ.-ն եւ 17-ամյա Ս. Ա.-ն «BMW» մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել են Նոյեմբերյան քաղաքի հարակից «30 թվական» աղբյուր-հուշարձանի մոտ գտնվող հանդամաս եւ բռնաբարել:
Նոյեմբերյանցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ վերոնշյալ տղաներից մեկի հայրը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն է, իսկ մյուսի հայրն աշխատում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում՝ որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, կոչումով մայոր է:
Գագիկ Շամշյանը «Հետքին» հայտնում է նաեւ, որ Լ. Ն.-ի մայրը սեպտեմբերի 1-ին հայտարարություն է տվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ հայտնել, որ իր աղջիկը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Մեկ օր անց ոստիկանության Տավուշի մարզի վարչության աշխատակիցները Նոյեմբերյանի ոստիկանների հետ անչափահաս աղջկան հայտնաբերել են եւ հանձնել ծնողին:
Արդեն հաջորդ օրը աղջիկը բռնաբարության մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել: Արդյունքում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 138 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (բռնաբարություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ):
Այս պահին 3 անչափահաս տղաները նշված քրեական գործով անցնում են որպես վկա: Քննիչի որոշմամբ աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մեկնաբանություններ (119)
Մեկնաբանել