Ազատվել է աշխատանքից
Աշխատանքից ազատվել է Գյումրիի ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը: Ըստ թերթի տեղեկություների` նրա պաշտոնանկության հարցը բարձրացրել էր ՀՀ գլխավոր դատախազը: Նա անգամ գրավոր միջնորդություն էր ներկայացրել ոստիկանապետին` առաջարկելով քննարկել Շահնազարյանի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

Սա տեղի է ունեցել, երբ Գյումրիի բնակիչ Գրիգոր Վարդապետյանը գրավոր բողոքել էր Շահնազարյանի գործողությունների դեմ` պնդելով, որ վերջինս իր աշխատասենյակում բռնություն է գործադրել իր նկատմամբ: Քաղաքացու բողոքի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և նախաքննուքյամբ հիմնավորվել է, որ քաղաքացին չի ստում:
Հիշեցնենք, որ Գյումրու ոստիկանապետի գործողություններից բողոքել էր նաև ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը` գլխավոր դատախազին գրավոր հղած դիմումում պնդելով, որ Շ. Շահնազարյանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Ռեժիմը խժռում է
Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ վաղամեռիկ պատգամավոր Մելիք Գասպարյանի մահից հետո նրա թիմակիցները ջանում են օր առաջ սնանկացնել Գասպարյանի ընտանիքին: Ճիշտ է` առայժմ կոնկրետ անուններ դեռ չեն նշվում, բայց ավտովթարի հետևանքով զոհված պատգամավորի ունեցվածքը խլելու հերթ կանգնածների թիվը բավականին մեծ է:
Դժվար է պատկերացնել, թե ինչպես է նրա երիտասարդ տղան կարողանալու բորենիների ձեռքից ինչ-որ բան փախցնել:
Հիշեցնենք, որ Գասպարյանին էին պատկանում մայրաքաղաքային 95, 81, 102, 41 համարի երթուղային գծերը, 26 համարի ավտոբուսների գիծը և Ստեփանավան-Երևան, Բերդ-Երևան միջքաղաքային գծերը, որոնք արդեն մյուս տարվանից պետք է նոր մրցույթով անցնեն:
Գասպարյանն ուներ նաև բավականին հողատարածքներ, որտեղ սկսվել կամ դեռ պիտի սկսվեին շինարարական աշխատանքները: Երվանդ Քոչար փողոցի վրա կառուցված էլիտար շենքերը, Ամիրյան փողոցում` Իսահակյանի գրադարանի նախկին տարածքի հետնամասում գտնվող կիսակառույց շինությունները ևս Մելիք Գասպարյանին էին:
Նա հողատարածքներ ուներ նաև Դվին հյուրանոցի մոտ և Նոր Նորք համայնքում: Բացի այդ, Գասպարյանը ուներ նաև արագ սննդի օբյեկտ, «Սմակ»` ԵՊՀ-ի մոտ` նախկին ժողինստիտուտի շենքի տակ, որտեղ կան նաև տեղադրված լուսապատճենահանման սարքեր ու ֆոտո:
Ընդդեմ լրագրողների
BBC ավագ լրագրող Վիլյամ Հորսլեն իր զեկույցում, որը կազմում է ԵԽԽՎ-ի լրատվամիջոցների անկախության վերաբերյալ զեկույցի մի մասը, նշել է, որ 2007թ-ից սկսած իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս առնվազն 20 լրագրող է սպանվել: Միտումնավոր սպանությունների և հարձակումների մի մասը տեղի է ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում և Բելոռուսում:
Հորսլեի զեկույցում առանձին-առանձին անդրադարձներ կան բոլոր երկրներին: Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է, որ «Լրագրողների նկատմամբ բռնությունները և ուղղակի վերահսկողությունը ԶԼՄ-ների վրա ակտիվացան 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ», և առանձին-առանձին նշվում են հայ լրագրողների նկատմամբ այդ ընթացքում կիրառված բռնությունները:
Իրանը կմեծացնի Հայաստան ուղարկվող գազի ծավալը
Իրանը նախատեսում է մոտ ապագայում 5 անգամ ավելացնել Հայաստան ուղարկվող գազի ծավալը: Այդ մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը` մեջբրելով իրանցի պետական գործչին. «Մենք պատրաստվում ենք այժմ Հայաստան ուղարկվող օրական 2 մլն խմ գազի փոխարեն ուղարկել 10 մլն»,-հայտարարել է իրանցի պաշտոնյան` չնշելով, սակայն, թե երբ կսկվի իրագործվել այդ նախագիծը:
Իրանը Հայաստան գազ է ուղարկում 140 կմ-անոց գազամուղով, որը ձգվում է Թավրիզից մինչև Մեղրու գազի կենտրոնացման կայարաններ: Գազամուղի հղորությունը կազմում է տարեկան 1.1 մլրդ խմ, և մինչև 2019 թվականը նախատեսվում է հասցնել 2.3 մլրդ խմ-ի: Գազի փոխարեն Հայաստանը Իրանին մատակարարում է էլեկտրաէներգիա:
Եթե Ազգային ժողովը չվավերացնի
Ըստ ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի. «Եթե Հայաստանի ԱԺ-ն չվավերացնի արձանագրությունները, դա կնշանակի, որ դեմ է Թուրքիայի դեմ բաց սահման ունենալուն և չի ցանկանում դիվանագիտական հարաբերություններ ունենալ հարևան երկրի հետ: Եթե մեր խորհրդարանը նման քայլ կատարի, աշխարհը կեզրակացնի, որ դա քաղաքական բթամտության հետևանք է:
Եթե Հայաստանը խնդիրներ ունի Թուրքիայի հետ, ապա դրանց լուծումները գտնելու համար պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա և քննարկումներ ծավալի այդ խնդիրների շուրջ: Համոզված եմ, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն արդարացիորեն չի գծված: Սակայն այս անարդարությունը չենք կարող վերացնել, քանի դեռ այդ հարցը քննարկման առարկա չի դարձել»:
Եվս 11 մլրդ-ով
«009թ-ի պետական բյուջեի ծախսային մասը կրկին կրճատվելու է»,-հայտարարել է Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Այս տարվա բյուջեի ծախսային մասը հուլիսին 945 մլրդ դրամից կրճատվել էր մինչև 911 մլրդ-ի: Հերթական կրճատման արդյունքում այն հասցվելու է 900 մլրդ դրամի:
«Տարվա վերջին այդ հստակ թիվը պարզ կլինի: Դա նաև կախված է կատարողականներից, վարկային ծրագրերի իրականացման տեմպերից»,- ասել է Դավթյանը:
Սկսել են նախապատրաստվել 2012-ի ընտրություններին
Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ հաջորդ տարի` 2010 թվականին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել: Նպատակը 2012-ի խորհրդարանական ընտրություններին մասնկացնելն է:
Նա կարծում է, որ կկարողանա այնպիսի ուժեղ կուսակցություն ստեղծել, որ որոշ կուսակցություններ ստիպված կլինեն լուծարվել և մտնել նորի մեջ: Ինչպես նաև դրան կհարեն խորհրդարան մտնելու ցանկություն ունեցող շատ անհատ գործիչներ, որոնք այսօր և փող ունեն, և հասարակական կշիռ:
Ըստ նախնական ծրագրերի` ստեղծվելիք կուսակցության ղեկավար կազմը բաղկացած է լինելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանից, որոնք այժմ խիստ զգուշավոր են իրենց պահում և խուսափում են Ռոբերտ Քոչարյանի հետ շփումները թմբկահարելուց, սակայն նաև համոզված են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկար կյանք չունի:
Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի բարեկամանալուց (նրանց զավակների ամուսնությունից) հետո այս տանդեմն արդեն շատ է ուժեղանում, և նրանք ինչ-որ ժամանակ հետո անխուսափելիորեն փորձելու են ողջ իշխանությունը վերցնել: Իսկ Ռ. Քոչարյանի ստեղծած կուսակցության քողի տակ դա անելն ավելի քաղաքակիրթ կլինի և դրսի աշխարհի կողմից` ընդունելի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել