Հայ-թուրքական արձանագրություններ՝ հայացք Վաշինգտոնից
«The armenian reporter»-ը Հայաստանում
Ամերիկայում լույս տեսնող «The armenian reporter» անգլերեն շաբաթաթերթի հայաստանյան տերբերակը սկսել է լույս տեսնել հոկտեմբերից: «Ուրբաթ» ակումբում այսօր թերթի մասին պատմեց հայաստանյան տարբերակի խմբագիր Վինսենթ Լիման:
«The armenian reporter»-ը լուս է տեսնում 1967 թվականից Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում: 2006 թ. թերթը գնեց CS Media-ն, և մի շարք բարեփոխումներից հետո գլխավոր խմբագրությունը տեղափոխվեց Երևան` նպատակ ունենալով հայաստանյան նորությունները ներկայացնել Հայաստանից: Թերթը շարունակում է տպագրվել ԱՄՆ-ում:
Թերթը միակն է, որ Վաշինգտոնում ունի մշտական թղթակից`լուսաբանելով վաշինգտոնյան քաղաքական և միջազգային թեմաներ: «The armenian reporter»-ը տպագրվում է նաև Կալիֆոռնիայում:
«Ելնելով այն հանգամանքից, որ մեր գլխավոր խմբագրությունը գտնվում է Երևանում, որոշեցինք, որ Հայաստանում անգլերեն լեզվով տեղական թերթի պահանջարկ կլինի: Ներկա դրությամբ 500 օրինակով թերթը տարածվում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում»,- տեղեկացրեց Վ. Լիման:
Խմբագրի խոսքերով`ամերիկյան տարբերակից հայաստանյանը կտարբերվի նրանով, որ շեշտը դրվելու է տեղական նորությունների վրա` չանտեսելով նաև միջազգաիյն նորությունները և արվեստը:
«Թերթը քաղաքական ուղղվածություն ունի, բայց ոչ կուսակցական: Խմբագրականներում մենք արտահայտում ենք մեր կարծիքը որևէ իրադարձության վերաբերյալ` միևնույն ժամանակ տպագրելով նույն այդ իրադարձության վերաբերյալ շատ տարբեր, հակասական կարծիքներ»,- ասաց Վ. Լիման:
Ասուլիսին ներկա էր նաև «The armenian reporter»-ի վաշինգտոնյան տարբերակի խմբագիր Էմիլ Սանամյանը: Վերջինս կարևորեց հայ մամուլի առկայությունը Վաշինգտոնում, ինչպես նաև Վաշինգտոնի ոչ երկրորդական դերը հայկական մի շարք հարցերում` սկսած նյութական օգնությունից մինչև հայ-թուրքական հարաբերությունները և Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր:
Ինչ վերաբերում է Վաշինգտոնում և ընդհանրապես ամերիկահայությանը հուզող թեմաներին, ապա պրն Սանամյանն ասաց, որ դրանք հիմնականում Ցեղասպանության հետ կապված հարցերն են, որի պրիզմայով էլ դիտարկվում են մնացած խնդիրներն են ու հարցերը:
Անդրադառնալով Վաշինգտոնում հայ-թուրքական արձանագրությունների արձագանքին` Էմիլ Սանամյանն ասաց. «Այս առումով կարելի է կարծիքները երեք խմբի բաժանել: Առաջին` Վաշինգտոնում Թուրքիայի ներկայացուցիչները կողմ են ոչ այնքան հարաբերությունների բարելավմանը, որքան բուն գործընթացին, ինչն էլ մեծ հաշվով օգնում է նրանց Ցեղասպանության դեմ պայքարում: Երկրորդը ամերիկյան իշխանություններն են և որոշ հայկական կազմակերպություններ, որոնք, ճիշտ է, որոշ վերապահումներով, բայց կողմ են:
Իսկ երրորդը ամերիկահայության մեծամասնությունն է , որոնք կտրականապես դեմ են, ինչն էլ մեծապես սենտիմենտալ զգացողական հիմք ունի»:
Միևնույն ժամանակ պրն Սանամյանը հավաստեց, որ հայ-թուրքական արձանագրությունների փաստը հաճախակի է շահագործվում նույն ԱՄՆ-ի կողմից` հնարավորևություն ունենալով միառժամանակ հրաժարվել Ցեղասպանության բանաձևի ընդունումից:
«Ինչ վերաբերում է հայկական խշխանություններին, ապա, ըստ իս, նրանք հետապնդում են երկու լեգիտիմ ու կարևոր նպատակներ. բարիդրացիական հարաբարությունների հաստատում հարևան երկրի հետ, երկրորդ` արևմուտքի հետ կամուրջ ստեղծելու ցանկություն»,- ասաց Էմիլ Սանամյանը:
Եվ անկախ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հետ կապված բոլոր ռիսկերց` Է. Սանամյանի հավաստմամաբ, մեծ է նաև Հայաստանի՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հավանականությունը:
Գործընթացում ադրբեջանական գործոնը չբացառելով` բանախոսն այն ավելի շատ գործընթացի շարժիչ ուժ է համարում, քան խոչընդոտ: «Իրականում Ադրբեջանի նավթի վաճառքի դադարեցման հետ կապված սպառնալիքներին չարժե լուրջ վերաբերվել: Իրականում վերջինիս քայլերը ավելի շատ երեխայական չարաճճիությունների են նման` միաժամանակ չբացառելով այն հանգամանքը, որ Թուրքիան ինքը կարող է օգտվել այս հանգամանքից նահանջի քայլերը արդարացնելու համար»,- ասաց Է. Սանամյանը:
Քնար Բաբայան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել