HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտիմեկյան գործով մեղադրվող ոստիկանները իրենց մեղավոր չեն ճանաչում

Սոնա Մաշուրյան 2008թ. մարտի 1-2-ին բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունները անցնելու մեջ մեղադրվող ոստիկաններ Գեղամ Գրիգորյանը եւ Անդրանիկ Մանուկյանը իրենց մեղավոր չեն համարում եւ վստահ են, որ գործել են իրենց լիազորությունների շրջանակում: Նրանք այս մասին հայտարարեցին դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի երեկվա դատական նիստում: Դատարանում հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի` նրանք  2008թ. մարտի  2-ի լուսադեմին Երեւանի Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ մի քանի անգամ ոտքերով ու ձեռքերով հարվածել են քաղաքացիներին, բռնությամբ զուգորդված  նրանց գործողությունները, ըստ մեղադրանքի, ակնհայտ դուրս   են եկել նրանց լիազորությունների շրջանակից, արատավորել ոստիկանության հեղինակությունը եւ վնաս պատճառել անձանց եւ պետության շահերին: Ոստիկանները մեղադրվում են քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով, ինչը նախատեսում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի` նախ սկսվեց վկա, Ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի առաջին վաշտի հրամանատար  Արթուր Խաչատրյանի հարցաքննությունը:  Վերջինս հայտնեց, որ հրամանատարի հանձնարարությամբ իրենք մեկնել են Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ, որտեղ, ըստ իրենց ունեցած տեղեկությունների, խանութների թալան էր տեղի ունենում: Այստեղ շատ բազմություն կար, որը իրենց հայտնվելուն պես ցրվել է, մնացել են երեք հոգի` քաղաքացիներից մեկը առանց դիմադրություն ցույց տալու ընդունել է իրենց հրավերը եւ նստել իրենց ծառայողական մեքենան, իսկ երկուսը այլանդակ հայհոյանքներ էին տալիս իրենց ծնողների հասցեին: Այդուհանդերձ,   ըստ վկայի, օրինազանց քաղաքացիներին  ոստիկանները բերման չեն ենթարկել մոտակա ոստիկանության բաժին, որովհետեւ նրանք ներողություն են խնդրել,  իրենք նաեւ համոզվել են, որ նրանք թալանչիներ չեն: «Երեւանի ՊՊԾ գնդի ոստիկաններ Գրիգորյանը եւ Մանուկյանը բռնություններ գործադրե՞լ են» մեղադրող Աշոտ Նադոյանի հարցին ի պատասխան` ոստիկան վկան հայտարարեց` «երկու հատ խփել են», մարմնական վնասվածքներ չեն հասցրել, ամբաստանյալներն առհասարակ պարտաճանաչ եւ նորմալ ծառայողներ են: Վկան ընդունեց, որ իրենք չպետք է որոշեին, թե քաղաքացիներն անմեղ են եւ ազատ արձակեին, սակայն` «խիղճս չտարավ»,- ասաց նա: Այսօր վկային կհարցաքննի պաշտպանական կողմը: Վկաների հարցաքննությունից հետո դատարանը կհարցաքննի ամբաստանյալներին, ապա կհետազոտվեն գործի մյուս ապացույցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter