Աննա Մարտիրոսյան. «Արվեստը չի ճանաչում պետական սահմաններ, որոշումներ ու ազգություններ»
Հարցազրույց թարգմանչուհի, ազգությամբ հոլանդուհի Աննա Մարտիրոսյանի /Հանեկե Մաթաար/ հետ
Աննա, գիտեմ, որ նախկինում թարգմանություններ եք կատարել լատինամերիկյան գրականությունից, իսկ ինչո՞ւ որոշեցիք թարգմանություններ կատարել նաեւ հայերենից:
Ամուսնանալով հայազգի տղամարդու հետ` սկսեցի ինքնուսությամբ յուրացնել նաեւ հայերենը: Չնայած ապրում եւ ստեղծագործում եմ Հոլանդիայում, բայց ամեն տարի մի քանի շաբաթով ընտանիքով գալիս ենք Հայաստան: Այս այցելությունների արդյունքում էլ կարդացի հայ գորղներից շատերի գործերը, եւ սկսվեց հայ գրողների հետ համգործակցությունը: Առայժմ թարգմանում եմ հայերենից հոլանդերեն: Ասեմ, որ 1-ինը թարգմանել եմ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» գործը, հետո` արդեն Գրողների միության ուրիշ գրողների գործերը:
Հիմա աշխատում եմ «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի թարգմաության վրա: Հուսով եմ` մյուս տարի այն լույս կտեսնի, եւ հոլանդացի ընթերցողը կկարողանա կարդալ այն: Աշխատում եմ նաեւ Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուի թարգմանության վրա: Ավելին, ես եւ Վահե Արսենը հրավիրված ենք Ռոտերդամում կայանալիք Գրողների միջազգային փառատոնին մասնակցելու, նա` իբրեւ բանաստեղծ, ես` որպես թարգմանչուհի:
Դուք թարգմանություններ եք կատարում եւ համագործակցում հայազգի տարբեր գրողների հետ, իսկ կա՞ արդյոք ձեր երկրում պահանջարկ, կցանկանա՞ն կարդալ նրանց գործերը:
Այդ հարցը ինձ էլ էր մտահոգում, եւ ես մի միջոցառման ժամանակ կարդացի երիտասարդ սերնդի գրող Վահե Արսենի բանաստեղծություններից մեկը հոլանդացի հանդիսատեսի առաջ, եւ արձագանքից ելնելով` կարող եմ ասել, որ, այո, կա պահանջարկ: Ասեմ նաեւ, որ ամեն տեղ էլ երիտասարդները նույն կերպ են մտածում, ընդ որում, ավելի գլոբալ են մոտենում իրենց հուզող խնդիրներին եւ դրանով վեր հանվող պոեզիային, քան ավելի ավագները, իհարկե, սա չի նշանակում, որ նրանց մեջ չկան տաղանդավորները, ուղղակի երիտասարդներն իրար ավելի լավ են հասկանում, նրանց հետաքրքրությունները նույնն են, նրանք մի դարի զավակներ են:
Դուք սերտորեն առնչվում եք հայ իրականության հետ, եւ Ձեր կարծիքով, ո՞րն է այսօր Հայաստանում հայ գրողի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրը:
Այսօր հայ գրողի համար բարդ խնդիր է ներկայանալը, քանի որ գրողն ինքն է հիմնականում իր միջոցներով գիրք հրատարակում, իսկ վաճառքի հասույթը հաճախ չի փոխհատուցում ներդրման գումարը: Իսկ մեր երկրում գրողը ներկայացնում է իր ստեղծագործությունը որեւէ հրատարակչության, եթե այն հետաքրքրում է տվյալ հրատարակչությանը, ապա այն ֆինանսավորում է դրա հրատարակումը: Հրատարակիչն ինքն էլ շահագրգռված է լինում, որ այն վաճառվի, քանի որ հետո գրքի վաճառքից ստացված հասույթի կեսը վերադարձվում է հրատարակչությանը, մյուս կեսը մնում է գրողին: Այս մոտեցումը թույլ է տալիս, որ ե’ւ գրողը, ե’ւ հրատարակողը շահագրգռված լինեն այն սպառելու հարցում: Ձեզ մոտ այդպես չէ, սա էլ հենց ամենամեծ խնդիրն է հայ գրողի առաջ ծառացած:
Սովորական թարգմանություններն արմատապես տարբերվում են գեղարվեստական թարգմանություններից, թարգմանելիս ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում, եւ որքանո՞վ է պարտադիր տվյալ լեզվին, որից թարգմանություն եք կատարում, լիովին տիրապետելը:
Գիտեք, հարցը միայն տիրապետելը չէ: Ես շատ եմ ճամփորդել, եղել եմ տարբեր երկրներում եւ հասկացել եմ, որ շփվելով տարբեր մշակույթների հետ` ակամայից սկսում ես նմանվել տվյալ մշակույթը կրող ժողովրդին: Սա պարտադիր է, քանի որ առանց նրանց նմանվելու չես կարող, օրինակ, թարգմանություններ կատարել. պետք է մտածես նրանց նման, ձեռք բերես նրանց լեզվամտածողությունը: Ե’վ ձուլվում ես, ե’ւ չես ձուլվում, հեռանում ես քոնից, մոտենում, բայց չես դառնում մյուսը: Ստեղծվում է մի յուրատեսակ մշակույթ հենց քո ներսում, դրա արդյունքում էլ կատարում ես տվյալ թարգմանությունը: Անշուշտ, պետք է սիրես, զգաս այն այն լեզուն, որից թարգմանություն ես կատարում, հակառակ դեպքում գործը կտապալվի:
Դուք շփվում եք հայ գրողների հետ, կատարում թարգմանություններ հայերնից հոլանդերեն, սակայն ինչպե՞ս կորակեք Հայաստան-Հոլանդիա մշակութային երկխոսությունը պետական մակարդակում:
Ես հանդիպել եմ Հայաստանի Մշակույթի փոխնախարարի հետ, այժմ փորձում եմ կապ հաստատել նաեւ Հոլադիայի մշակույթի նախարարության հետ, որպեսզի Հայաստան-Հոլանդիա մշակութային երկխոսությունը ուղղակի գրողների համագործակցությունից անցնի արդեն պետական մակարդակի: Թեւ առկա են որոշ բարդություններ, բայց, կարծում եմ, ամեն ինչ հարթ կըթանա, եւ մեր երկրների միջեւ մշակութային երկխոսությունը կկայանա բոլոր առումներով, որովհետեւ, ամեն դեպքում արվեստը չի ճանաչում պետական սահմաններ, որոշումներ ու ազգություններ:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել