
Գյումրեցի Արթուր Հովհաննիսյանն այն եզակիներից է, ում ճակատագիրը նույնպես վերապահել էր հաստատված կարծրատիպերի շղթան կտրելու առաքելությունը:
«Ես ամենաերջանիկ սենսեյն եմ, քանզի իմ սանը` Արթուր Հովհաննիսյանը, 2007 թ.-ի Կյոկուսինի աշխարհի առաջնությունում 3-րդ տեղը գրավելուց հետո հրավիրվեց կարատեի կենտրոնական դպրոցում դասավանդելու,- ասում է Հայաստանի Կյոկուսին կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանը,- Արթուրը առաջին ոչ ճապոնացի մարզիչն է: Առաջին անգամն է, որ կարատեի հայրենիքում ճապոնացի փոքրիկներին այլազգի մեկն է ուսուցանում կարատեի այբուբենը»:

Կյոկուսին Կարատեի աշխարհի 7-րդ բաց առաջնությունում բրազիլացի Ֆրանցիսկո Ֆիլիոն փոխեց կյոկուսինի պատմությունը` դառնալով առաջին օտարերկրացի չեմպիոնը: Տիտղոսն առաջին անգամ գնաց օվկիանոսից այն կողմ, եւ այս փաստը մարտարվեստի պատմության վերջին ու ամենամեծ նորությունն էր:
Այնինչ, տարիներ շարունակ, մարդիկ վարժվել էին, որ կյոկուսինի գահը միշտ մնում է Ճապոնիայում: Փոփոխությունը նշանակում էր, որ կարող են փոփոխվել նաեւ կարծրատիպային պատկերացումները:
«Կյոկու» նշանակում է վերջնագիծ, «սին»` ճշմարտություն, «կայ»` միավորում, հավատ, իսկ «Կյոկուսինկայ» հայերեն հնչում է այսպես. «Բացարձակ ճշմարտություն որոնողների միություն»:
Այս մարտարվեստի հայրենիքը Ճապոնիան է, հիմնադիրը հանրահայտ Սոսայ Մասուտացու Օյաման: Նա ստեղծել է կարատեի մի ուրույն, ինքնատիպ համակարգ` ներառելով կարատեի տարբեր ոճերի լավագույն տարրերը, հայտնագործելով ճշմարիտ կատարելության ուղին:
Գյումրեցի Արթուր Հովհաննիսյանն այդ ուղին ոտք դրեց, երբ 15 տարեկան էր: Ընտրության հիմքում դիպվածն էր, սակայն որպես արեւելյան փիլիսոփայությանը լավատեղյակ մեկը, իր ընտրությունը համարում է ոչ թե պատահականության, այլ օրինաչափության արդյունք:
«Թվում է, թե պատահականություն է, բայց կարծում եմ, որ հենց այդպես էլ պետք է լիներ, պիտի հենց այդ մարզաձեւն ընտրեի,- պատմում է Արթուրը,- իմ ընկերը պարապում էր կարատե: Ճիշտն ասած` ես էլ ցանկություն ունեի այդ մարզաձեւով պարապելու, սակայն այդ օրն ինչ-որ տեղ խառնելով սենյակները` ընկա կյոկուսինի խմբակ, Սենսեյ Մանուկյանի մոտ ու, կարծում եմ, որ դա կանխորոշված էր: Պատահականություններին չեմ հավատում, հավատում եմ օրինաչափություններին»:
Օրնաչափություն էր նաեւ Արթուրի հաղթանակը 2007 թ.-ի կարատեի աշխարհի առաջնությունում: «Ճիշտն ասած` ես սպասում էի այդ արդյունքին, որովհետեւ շատ երկար ճանապարհ էի անցել,- ասում է Արթուրը,- 4 տարվա մեջ պարապել եմ եվրոպական տարբեր երկրներում, Ռուսաստանում, Ճապոնիայում: Ես վստահ էի իմ հաղթանակին»:

Կարատեի աշխարհի առաջնություններն անցկացվում են առանց քաշային կարգերի. գնահատման չափանիշները նոկաուտն ու նոկդաունն են: 2007 թ.-ի առաջնության ֆավորիտ, 3-րդ տեղը գրաված Արթուր Հովհաննիսյանն իր 7 մենամարտերից 5-ը ավարտել էր ժամանակից շուտ` նոկաուտով, եւ նվաճել մրցաշարի ուժեղագույն հնարքի համար սահմանված գավաթը:
Արթուրի համար հաջորդ կարեւորագույն քայլը 2008 թ.-ին 100 մարտի համար ներկայացրած հայտն էր: Ինչ է իրենից ներկայացնում 100 մարտը կամ այլ կերպ ասած` Խյակունին Կումիտեն: Ստեղծելով Կյոկուսինկայը Մասուտացու Օյաման ձգտում էր ստեղծել այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն կտար մարդուն մարմինն ու հոգին վերածել պողպատի, դուրս գալ մարդկային հնարավորությունների սահմաններից ու անել անհնարինը: Այդպիսի հնարավորություն է Խյակունին Կումիտեն` մարտ 100 հակառակորդի հետ:
«Այդպիսի փորձությունն ի վիճակի են հաղթահարելու միայն փորձառու կարատեիստները, մարտարվեստի անկեղծ նվիրյալները, այս ասպարեզի հսկաները, կարելի է ասել,- բացատրում է սենսեյ Կարեն Մանուկյանը,- 100 հակառակորդից մենամարտն ամեն մեկի հետ տեւում է 90 վայրկյան:

Դա շատ դժվար փորձություն է: Ամեն հաջորդ մարտիկն ավելի թարմ ուժով էր մարտի նետվում, քան Արթուրը, ու ամեն հաջորդն ավելի լավ գիտեր Արթուրին, քան Արթուրն իր նախորդ մրցակցին, ում հետ պայքարն արդեն ավարտված էր: Նրա ամեն մի հերթական հակառակորդը հնարավորություն ուներ ուսումնասիրելու Արթուրի թույլ ու ուժեղ կողմերը: Իսկ Արթուրը զրկված էր այդ հնարավորությունից»:

Մինչեւ Արթուրը, վերջին մարտիկն, ով հաջողությամբ հանձնել է այս թեսթը, եղել է Կաձումի Խաձիմեն 1999 թ.-ին: Հաջորդ 10 տարիների ընթացքում փորձեր եղել են, սակայն որեւէ մեկին չի հաջողվել հաղթահարել Խյակունին Կումիտեն ամբողջությամբ: 2009 թ.-ի մարտի 29-ին Ճապոնիայի Կարատեի կենտրոնական դպրոցում գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, 10-ամյա ընդմիջումից հետո, հռչակվեց 100 մարտն հաջողությամբ հաղթահարած 8-րդ մարտիկ:

«Երբ 100 մարտն էլ ավարտվեց, ցանկություն կար միաժամանակ ծիծաղելու եւ արտասվելու,- պատմում է Արթուրը,- հիշում էի մարտի սկիզբն ու վերջն ազդարարող մրցավարի ձայնը, այնքան, որքան տեւում է մարտը: Հիշում է մարմինս, բայց ոչ միտքս: Շատ դեպքերում հաղթանակի բերկրանքն անբացատրելի զգացողություն է առաջացնում մարդու մոտ: Նույն էլ ինձ հետ էր կատարվում, երբ ազդարարվեց իմ հաղթանակը»:

«Դա միայն Արթուրի հաղթանակը չէր, դա մեր երկրի հաղթանակն էր,- ասում է Արթուրի մարզիչ Կարեն Մանուկյանը,- Արթուրի նման մարտիկների շնորհիվ հայերին ճանաչում ու մեծագույն հարգանքով են վերաբերվում կարատեի մեծ ընտանիքում»:
Ճապոնիայում տարած հաղթանակը գնահատվեց նաեւ հայրենիքում: Հոկտեմբերի 14-ին, օգտվելով առիթից, որ Արթուրը Կյոկուշին կարատեի համաշխարհային կազմակերպության փոխնախագահ Րյու Նարուշիմայի հետ մեկ շաբաթյա տեսչական այցով Հայաստանում է, նախագահի նստավայրում նրանց ընդունեց Նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը: Պատվոգրի հանձնումն ու մեծարման ցերեկույթը տեղի ունեցավ արդեն Արթուրի ծննդավայրում` Գյումրիում:

Կրթությամբ իրավաբան, 34-ամյա հայ կարատեիստը, որ ազատորեն տիրապետում է ռուսերենին, անգլերենին ու ճապոներենին, մտադիր չէ երբեւէ զբաղվել իրավաբանությամբ: «Իմ կոչումը կարատեիստ լինելն է, մարզել փոքրիկներին, նրանց հասու դարձնել Մասուտացու Օյամայի ստեղծած համակարգին,- ասում է Արթուրը,- 100 մարտը հաջողությամբ հանձնելուց հետո պատրաստվում եմ եւս մեկ քննության` մենամարտ 50 հակառակորդի հետ սեւ գոտի 5-րդ դանի համար»:
Արթուրն ամուսնացած է, ունի երկու արու զավակ ու այժմ բնակվում է Տոկիոյում, որտեղ զբաղվում է մարզչական գործունեությամբ:

«Նա տարվա մեջ մեկ-երկու անգամ գալիս է Հայաստան,- ասում է Կարեն Մանուկյանն,- ու այդ ժամանակ կյոկուշինկայով զբաղվողների համար իսկական տոն է սկսվում: Արթուրը հասցրել է դառնալ այս մարտարվեստով զբաղվողների կուռքը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել