HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուշիում հավաքվել է 28-40 տարեկան ամուրի տղամարդկանց մի ամբողջ բանակ

usheciner_31.10.09Արագածոտնի մարզի  Ուշի գյուղում վերջին անգամ մեկ տասնյակից ավելի ծնունդ գրանցվել է 1997 թվականին: Դրանից հետո Ուշիում կտրուկ նվազել են ամուսնություններն ու ծնունդները: Վերջին 10 տարիների ընթացքում գյուղը լքել եւ Հայաստանից հեռացել են շուրջ 100 ուշեցի ընտանիքներ: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Աստղիկ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 1700 բնակչություն ունեցող Ուշիում այս տարի ընդամենը 3 երեխա է ծնվել: Քանի որ գյուղը ծերանում է, եւ երեխաներ չեն ծնվում, դժվար լուծելի է դառնում նաեւ դպրոցում առաջին դասարան հավաքագրելու հարցը: Այս տարի համապատասխան թվաքանակ ապահովելու համար դպրոց են հաճախել նաեւ 5.5 տարեկանները: Նույնիսկ այդ դեպքում մեկ լիարժեք առաջին դասարան չի ձեւավորվել: Ուշիի դպրոցի առաջին դասարանում սովորում են թվով հինգ 6 տարեկան երեխաներ եւ 13 երեխա, որոնք դպրոցահասակ չեն, սակայն, գյուղում մանկապարտեզ չլինելու հետեւանքով ծնողները նրանց ուղարկել են առաջին դասարան: Ուշեցիները կատակով ասում են, որ իրենց գյուղում տղամարդիկ տանն են մնացել եւ նրանց «տանող չկա»: A_Hovhannisyan_31.10.09«Մեր գյուղի երիտասարդներին կարող ենք մատերի վրա հաշվել, որոնք ամուսնացած են: Մեր երիտասարդների 90 տոկոսը չեն ամուսնացել: Նույնիսկ 45 տարեկան տղամարդիկ կան, որոնք չեն ամուսնանում: Պատճառն այն է, որ աշխատանք չկա, չեն կարողանում ընտանիք պահել: Ում էլ հարցնեք` նույն բանն են ասելու, որ իրենց գլուխը չեն կարողանում պահել, ուր մնաց ընտանիք պահեն»,- ասաց Աստղիկ Հովհաննիսյանը: Գյուղի կենտրոնում կանգնած Կարենը Ուշիի ամուրիների հոծ բանակի մեջ է մտնում: Նա բավականին անխնամ տեսք ուներ, նույնիսկ սափրված չէր, ինչն էլ արտաքուստ մեծացնում էր նրա տարիքը: Կարենը 30 տարեկան է, սակայն նրա մտքով չի էլ անցնում ամուսնությունը: «Այ ախպեր, էսօրվա դրությամբ պապիրոսի փող չունեմ, ամուսնանամ կնիկ, երեխա ո՞նց եմ պահելու: Առնվազն մարդը հիմար պետք ա լինի, որ չամուսնանա, բայց Հայաստանում լրիվ հակառակ իրավիճակն ա` պետք ա լրիվ գիժ լինես, որ դատարկ ջեբով ամուսնանաս»,- ասաց Կարենը: Գյուղ մտնող ցանկացած մարդ կարող է զգալ Ուշիի միապաղաղությունը: Այստեղ գրեթե երիտասարդություն չկա: Փողոցներում միայն միջին տարիքի տղամարդիկ են երեւում, որոնք, զբաղմունքի միջոց չունենալով, ամառ-ձմեռ պատերի տակ կանգնած կամ քննարկում են հեռուստատեսությամբ հնչած քաղաքական գործիչների կարծիքները, կամ էլ մտածում են ձմռան գալու մասին: «Ոչ աշխատանք ունենք, ոչ էլ տունն անելու գործ կա: Պիտի տուն էթամ` մարդ ու կնիկ կռվենք, թե էս չկա, էն չկա, ես էլ եկել եմ գյուղամեջ, մի քիչ դեսից-դենից կխոսամ, օրս կանցնի, կէթամ տուն»,- անկեղծացավ Հայկը: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի ասելով` այս տարի եղանակն անբարենպաստ էր գյուղացիների համար, եւ գրեթե բերք չեն ստացել: «Շուտով ձյուն կգա, բայց մեր գյուղում պոմիդորը նոր է կարմրում: Գյուղացին ապրելու ոչ մի միջոց չունի: Ստպված պետք է վարկ վերցնի, որ յոլա գնա»,- ավելացրեց Ա. Հովհաննիսյանը: Նա նաև ասաց, որ լավ կլիներ, եթե վարկերը գյուղացիներին տրամադրվեն երկարաժամկետ եւ մեծ գումարով: «Գյուղացիները հիմնականում «Ակբա-Կրեդիտ Ագրեկոլ Բանկից» են վարկ վերցնում: Բանկը վարկը տալիս է մեկ տարով ու ընդամենը 1000 դոլոր: Իրականում վարկ վերցնողը այդքան գումար տուն չի տանում, քանի որ այդ 1000 դոլարից դուրս են գալիս բանկի սպասարկման, բանկոմատի քարտի եւ ձեւակերպման գումարները: Դրանք ամբողջը գյուղացու հաշվին են: Մնացած գումարով էլ գյուղացին ինչ կարող է ձեռնարկել, որ ապրի ու հետն էլ վարկի գումարը փակի: Գոնե մի 2-3 տարով պետք է տան, որ գյուղացին կարողանա ոտքի կանգնել»,- ավելացրեց տիկին Աստղիկը: Ուշիում մարդիկ ապրում են գրեթե վարկերի հաշվին, քանի որ գյուղատնտեսությունը վաղուց եկամտաբեր չէ գյուղացու համար: Վարկի պահանջարկն այնքան մեծ է Ուշիում, որ նույնիսկ վարկային կազմակերպություններն իրենց «գրավիչ» հայտարարությունները փակցնում են գյուղապետարանի պատերին: Ուշեցիների ասելով, պարարտանյութը բավականին թանկ է, իսկ թունաքիմիկատների որակը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց: «Թույները ոչ մի օգուտ չեն տալիս: Ամբողջը կեղծ են: Թանկ ու կրակ մարդիկ առնում, բերում են, բայց ոչ մի օգուտ չի տալիս»,- նշեց աշխատակազմի քարտուղարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter