HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քննարկում` «Հետքի» աշխատանքը Արագածոտնում չխոչընդոտելու համար

29_10-tsutsapexkԱրագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրեթե ամեն անգամ հայտարարում է, որ Արագածոտնի մարզը պատրաստ է բաց եւ հրապարակային աշխատանքին եւ այդ սկզբունքով էլ աշխատում են համայնքապետերը: Երեկ Մարզի Օհանավան գյուղում էինք եւ հրապարակայնության որեւէ փաստ չարձանագրեցինք: Սկզբում ցանկացանք հանդիպել համայնքապետի հետ, քանի որ օհանավանցիները բազմաթիվ դժգոհություններ ունեին` կապված խմելաջրի որակի, ինչպես նաեւ խնձորի բերքի իրացման հետ: Օհանավանի համայնքապետ Նշան Միսակյանը աշխատասենյակում չէր: Տեղում չէին նաեւ նրա տեղակալն ու մյուս աշխատակիցները: Համայնքապետարանում միայն մի կին էր նստած: Նա իմ այցի վերաբերյալ հեռախոսով տեղեկացրեց համայնքապետին, Ն. Միսակյանն էլ հրահանգեց աշխատակցին որեւէ բառ չփոխանակել լրագրողի հետ, ինքը նույնպես հրաժարվեց հարցազրույց տալուց: Երբ համայնքապետարանի շենքից դուրս եկա եւ մոտեցա գյուղի կենտրոնում հավաքված տղամարդկանց, որոնք պարապությունից նարդի էին խաղում, կայծակնային արագությամբ մեզ մոտեցավ մի տղամարդ եւ գյուղացիներին հորդորեց մեր որեւէ հարցին չպատասխանել: «Ախպեր, մեկ ա դրանից ոչ մի օգուտ չկա, մեզանից հեռու մնացեք: Ուզում ես արի տանեմ կերցնեմ-խմացնեմ, հարգեմ-պատվեմ, ճամփու դնեմ, մենակ թե բան-ման մի գրի»,- «խորհուրդ տվեց» անծանոթ օհանավանցին, որն այդպես էլ չներկայացավ: Գյուղացիներն էլ, հետեւելով համագյուղացու «բարի խորհրդին», որեւէ բառ չփոխանակեցին մեզ հետ: Երբ հարց էինք տալիս, նույնիսկ չլսելու էին տալիս: Մեր հարցերին չպատասխանեց նաեւ Կարբիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իսկ գյուղապետը, նրանց ասելով, հիվանդ էր եւ աշխատանքի չէր գալիս: 29_10-S_HovsepyanՔանի որ Արագածոտնի մարզում «Հետքը» դժվարություններ է ունենում համայնքապետերից պարզաբանումներ վերցնելու հարցում, դիմեցինք Արագածոտնի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների վարչության պետ Սիրազնիկ Հովսեփյանին: Վարչության պետը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում մարզի բոլոր համայնքապետերի հետ քննարկել այս հարցը: «Առաջիկա խորհրդակցությունների ժամանակ համայնքապետերի առջեւ կբարձրացնեմ այդ հարցը, որպեսզի չխուսափեն հրապարակային աշխատանքից եւ պատասխանեն լրագրողների հարցերին, առավել եւս, որ «Հետքը» հաճախակի է անդրադառնում մեր մարզին եւ չպիտի խնդիրներ ունենաք»,- ասաց Ս. Հովսեփյանը: Թե վարչության պետի հրահանգն ի՞նչ ազդեցություն կունենա Արագածոտնի մարզի համայնքապետերի վրա` դժվար է գուշակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter