«Եթե տեսնենք` նախապայմաններ կան, չենք գնա վավերացման»
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանն այսօր «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին` նշելով, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշումն այդ արձանագրությունների շուրջ դեռ սեպտեմբերին էր ներկայացրել:
«Ընդհանուր առմամբ համաձայն լինելով առանց նախապայմանների երկխոսություն հաստատելու Հայաստանի նախկին դիրքորոշմանը` մենք կողմ էինք վավերացմանը, քանի որ, մեր կարծիքով, այնտեղ բացակայում էին այնպիսի նախապայմաններ, ինչպիսիք են Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության հարցի շոշափումը»,- ասաց նա` նշելով, որ արձանագրությունների ստորագրումից հետո մենք ունենք մի նոր իրողություն, երբ երկու կողմերն էլ կարող են քաղաքական տարբեր քայլերի դիմել:
Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների տարբեր հայտարարություններին այս հարցի շուրջ` Խ. Գալստյանը նշեց, որ հայտարարությունները չեն կարող միջազգային քաղաքականության մեջ բավարար հիմք հանդիսանալ, որպեսզի մենք խոսենք նախապայմանների մասին:
«Եթե ինչ-որ բան փոխվի, և մենք տեսնենք, որ նախապայմաններ կան, ոչ ոք մեր ձեռքերը չի կապում, ԲՀԿ-ն չի գնա վավերացման Ազգային ժողովում»,- ասաց նա:
Հարցին, թե եթե նման բան լինի, առանց Հանրապետական կուսակցության հետ համաձայնեցնելու կարո՞ղ եք դեմ քվեարկել արձանագրություններին, Խ. Գալստյանը պատասխանեց. «Այս հարցում` այո»:
«Մեզ համար սկզբունքային են երկու կարևոր կետեր` Ղարաբաղյան հարցի և Ցեղասպանության հարցի շահարկումը: Եթե այս երկու հարցն առկա են, և թուրքական կողմն, իսկապես, սա իբրև նախապայման է ներկայացնելու ու դա է պատճառ համարելու` վավերացումից խուսափելու համար, մենք դեմ ենք քվեարկելու: Անգամ եթե պետք լինի` կոալիցիայից էլ դուրս կգանք»,- ասաց նա:
Ի՞նչ պետք է անի Թուրքիան, որ համոզվեն, որ նախապայմաններ կան: Այս հարցին ի պատասխան` Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակը նշեց, որ եթե հայտարարություններն ենք հիմք համարում, ապա ընդամենը երեկ Դավութօղլուի մամուլի խոսնակը այնքան նրբանկատ ու մեղմ արտահայտություններով էր հանդես գալիս, որ այստեղ նախապայմանների մասին խոսք լինել չէր կարող:
«Երբ արձանագրության վավերացումը մտավ խորհրդարան ու այնտեղ պաշտոնապես վերջնական դիրքորոշում հռչակվեց, որ մինչև Ղարաբաղի հարցում առաջընթաց չգրանցվի, կամ հայկական զորքերն «օկուպացված տարածքից» դուրս չգան, չենք վավերացնի, մենք այդ գործընթացից դուրս կգանք»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունների շուրջ սփյուռքի հետ հարաբերություններում որոշակի տարաձայնություններ կան, Խ. Գալստյանը նշեց, որ սփյուռքը մեր թե' դժբախտության, թե' հպարտության ու հզորության դրսևորումն է:
«Առանց սփյուռքի Հայաստանը կարծես անթև թռչուն լինի, սփյուռքը մեր հարստությունն է, և Հայաստան-սփյուռք հարաբերությունների խորացումը Հայաստանի ազգային անվտանգության առաջնահերթ առանցքը պետք է հանդիսանա: Իհարկե, նախագահի այցը սփյուռք միտված էր նաև սփյուռքի մեր հայերնակիցներին այդ երկխոսության մասնակիցը դարձնելու, նրանց կարծիքը ևս հաշվի առնելու: Ես կարծում եմ, որ սա նոր երևույթ է, որ սփուռքն այսուհետև համահայկական գլոբալ հարցերում իր դերակատարումն ու ասելիքը նույնպես ունենա»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել