HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարար Նալբանդյանի խոսքը

29_10-E-Nalbandyan«Արևելյան Գործընկերություն. Հաջորդ քայլը եվրոպական ինտեգրում» համաժողովին

Հարգելի ներկաներ, հյուրեր, տիկնայք և պարոնայք, Ջերմորեն ողջունում եմ այս համաժողովի կազմակերպիչներին եւ բոլոր մասնակիցներին, որը նվիրված է Հայաստանի հարաբերություններին Եւրոպայի հետ. աշխարհամաս, որի անունն այսօր ընկալվում է իբրեւ հոմանիշ համերաշխության, հանդուրժողականության, մարդու իրավունքների ու համամարդկային արժեքների պաշտպանության, եւ որին հաճախ ընդունված է անվանել նաեւ «հին մայրցամաք»: Որքան որ հին է այս մայրցամաքը, նույնքան եւ հին են Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը Եւրոպայի հետ: Դրանք ձգվում են դեպի դարերի խորքը, դեպի այն ժամանակները, երբ մեր պատմությունն ու աշխարհագրությունն առավել համահունչ էին միմյանց, երբ մեր ժողովրդի լուսավոր զավակներն իրենց մասնակցությունն էին բերում այն արժեհամակարգի ձեւավորմանը, որն այսօր անվանում են եւրոպական արժեքներ: Այս իմաստով, Եւրոպային Հայաստանի մերձեցման քաղաքականությունը տրվում է որոշ առումով ավելի բնական կերպով, որովհետեւ մեր ժողովրդի մշակութային, դավանաբանական, լեզվական ու աշխարհընկալման առումներով սա վերադարձ չէ. խորքային արժեքային համակարգի տեսանկյունից մենք մնացել ենք նույն տեղում` հավատարիմ այն ակունքներին, որոնք նաեւ Եւրոպայինն են: Թեւե Եւրոպան, իրոք, այսօր ընկալվում է որպես խաղաղության ու հանդուրժողականության հոմանիշ, մենք գիտենք նաեւ այն ցավալի գինը, որ Եւրոպայի ժողովուրդները «վճարել են» դրա համար: Թերեւս չկա աշխարհի մեկ այլ անկյուն, որտեղ պատերազմներն ու համակամարտությունները եղած լինեն նույնքան դաժան, որքան այստեղ: Երեւի թե հենց դա է, որ Եւրոպայի ժողովուրդների դավանած խաղաղության տեսլականը դարձնում է այդքան բաղձալի: Բաղձալի նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որը, ցավոք, լավ գիտի խաղախության իրական արժեքը: Այդքան դաժան պատերազմներից, երկու ծանրագույն աշխարհամարտերից հետո վերածնվելու ուժ գտնելով եւ ժողովուրդների համար հաշտ ու միասնական ճակատագիր կերտելով` Եվրոպան ողջ մարդկության համար դարձավ, խաղաղության, կայունության, ներդաշնակության ու միասնության խորհրդանիշ եւ ուղենիշ: Հայաստանն այսօր առաջնորդվում է նույն տեսլականով: Հարեւան պետությունների միջեւ հարյուրամյակների հակամարտությունից ու թշնամանքից հետո Եւրոպայի ժողովուրդները որոշեցին միացնել խաղաղ, անվտանգ, ազատ եւ բարեկեցիկ ապրելու, համատեղ արժեքների վրա կառուցված ապագա կերտելու իրենց երազանքը, կամքը եւ վճռականությունը: Հայաստանն այսօր առաջնորդվում է նույն տեսլականով: Այսօր արժանին է մատուցվում եվրոպական պետական այրերին, նրանց իմաստնությանն ու խիզախությանը, նրանց քաղաքական կամքին եւ վճռականությանը, ինչը եվրոպական ժողովուրդներին հնարավորություն տվեց վերագտնելու ապագայի նկատմամբ վստահությունը եւ մարդկանց վերադարձրեց ապահով գալիքի հույսը: Հայաստանն այսօր առաջնորդվում է նույն տեսլականով: Եւ առաջնորդվելով այդ տեսլականով` Հայաստանը հավատում է, որ մեր տարածաշրջանում վերջնականապես կամրագրվեն համամարդկային արժեքները` մերձեցնելով ժողովուդներին ինչպես միմյանց, այնպես էլ` Եւրոպային: Տիկնայք և պարոնայք, Հայաստանի անկախացումից ի վեր եւրոպական ուղղությունը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Հետեւողականորեն մեծացնելով իր ներգրավվածությունը եւրոպական տարբեր կառույցներում, Հայաստանը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձրել իր հարաբերություններին ինչպես Եւրոպական միության անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափով, այնպես էլ բուն Եւրոպական միության հետ: Եվրամիությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է թե տնտեսական, թե արտաքին քաղաքականության, եւ թե ներքին բարեփոխումներ իրականցնելու շուրջ համագործակցության առումներով: 2007 թ.-ից իրականացվող Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագիրը այդ բազմաբնույթ համագործակցության շոշափելի դրսեւորումն է: Վերջին տարիներին դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը նոր որակական մակարդակի վրա դրվեց անցյալ մայիսին Պրահայում մեկնարկած Արևելյան գործընկերության նախաձեռնությամբ, որը նախատեսում է ոչ միայն Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների խորացում, այլև նոր համագործակցության հնարավորություններ է ընձեռում վեց գործընկեր երկրների միջև: Այդ իմաստով, Եւրոպական միությունն ունի Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցությունը խթանելու որոշակի ներուժ և կարող է նպաստել մեր տարածաշրջանում կայունության ու համերաշխության հաստատմանը: Ափսոսանքով կարելի է նշել, որ ոչ բոլորն են կիսում տարածաշրջանային համագործակցությանն ու փոխվստահության մտնոլորտ հաստատելու համաեւրոպական մոտեցումը: Դեռևս Արևելյան գործընկերության նախապատրաստական փուլում, ինչպես նաև դրա առաջին իսկ հանդիպումների ժամանակ, Ադրբեջանը որդեգրեց նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունը բացառելու դիրքորոշում: Կարծում եմ, սա անհեռատես մոտեցում է, որը պիտի համարժեք գնահատական ստանա մեր եւորոպական գործընկերների կողմից: Արևելյան գործընկերություն նախաձեռնության «հավելյալ արժեքը» կայանում է նաեւ նրանում, որ սահմանված են երկկողմ համագործակցության ավելի հստակ և ընդարձակ մեխանիզմներ, ինչպես նաև մասնակից երկրներին առաջարկվում է կոնկրետ հեռանկար: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Խորացված և համապարփակ ազատ առևտրի ու Ասոցացման համաձայնագրին: Վերջինս փոխարինելու է Գործընկերության և համագործակցության մասին ներկայիս համաձայնագրին, որը ստորագրվել էր և նախատեսված էր Եվրոպայում այլ քաղաքական իրողությունների պայմաններում: Նախաձեռնությանը մասնակցող յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կընտրի իր մասնակցության ինտենսիվությունը և խորությունը` կախված իր քաղաքական հավակնության աստիճանից: Յուրաքանչյուր երկիր գնահատվելու է ըստ իր համագործակցության պատրաստակամության: Բայց վերջին հաշվով ծրագրի հաջողությունը պայմանավորված է լինելու մասնակից երկրների միջև համագործակցության կարգավիճակից և այս հարցում Եվրոպական միության հետևողականությունից: ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը ներքին բարեփոխումների օրակարգի շուրջ կրում է համակարգված և ինստիտուցիոնալ բնույթ: Այս տարվա մայիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ սահմանվել է Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. համար նախատեսված միջոցառումների ցանկ: Համապատասխան ոլորտներում կատարած աշխատանքների վերաբերյալ, ըստ սահմանված ժամանակացույցի, պետական գերատեսչությունների կողմից պարբերաբար հաշվետվություն է ներկայացվում ՀՀ կառավարությանը: Հանրապետության նախագահի անմիջական նախաձեռնությամբ այս տարվա մարտից Հայաստանում գործում է ԵՄ խորհրդատուների խումբը: ԵՄ կողմից գործուղված փորձագետները խորհրդատվական աջակցություն են տրամադրում ՀՀ պետական կառույցներին` օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացնելու գործում: 2009 թ. սեպտեմբերի 22-ին կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության նիստի ընթացքում ԵՄ կողմից հայտարարվեց խորհրդատուների խմբի գործունեությունը ևս մեկ տարով երկարաձգելու մասին: Հայաստանի իշխանությունները մեծ կարևորություն են տալիս այս ծրագրի հաջող ծավալմանը: Մի քանի օր առաջ Լյուքսեմբուրգում կայացած Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 10-րդ նիստի ընթացքում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններին առնչվող գրեթե բոլոր ոլորտները:   Ես կրկին անգամ վերահաստատեցի Արևելյան Գործընկերության շրջանակներում նախատեսվող երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը, որի մասին է վկայում մեր երկրի նեխաձեռնողականությունն ու հետեւողականությունը. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ձևաչափերում տեղի ունեցող հանդիպումներին: Ընթանում է երկխոսություն վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ, Բանակցություններ են վարվում Խորացված և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ: Հարգելի բարեկամներ, Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի բարեկամները և գործընկերները նույնպես լավ հարաբերություններ ունեն Եվրոպական միության հետ, ինչն ընդլայնում է տարբեր ընդարձակ ձևաչափերով համագործակցության մեր հնարավորությունը: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը և այլ երկրներ այսօր ԵՄ-ի խոշորագույն գործընկերներից են: Հայաստանի եվրոպական քաղաքականության ներկա և հետագա համագործակցության առավելությունները ակնհայտ են: Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ունի բավարար կամք իրականացնելու այն ծրագրերը, որ համատեղ մշակվել են ԵՄ հետ: Այդ համագործակցությունը ոչ միայն կարևորվում է ԵՄ հետ ստանձնած մեր հանձնառություններից ելնելով, այլ առաջին հերթին, որ դա բխում է մեր երկրի շահերիցª տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար: Ես կցանկանայի նորից շեշտել, որ սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, ընտրություն, որի արմատները ձգվում են դեպի դարերի խորքը: Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա համաժողովի կազմակերպիչներին եւ մաղթում բոլորիդ արդյունավետ աշխատանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter