Ոստիկանները բացարկ հայտնեցին դատախազին
Սոնա Մաշուրյան
Անցյալ տարվա մարտի 2-ի լուսադեմին Երեւանի Մաշտոցի պողոտայում` գյուղմթերքների շուկայի մոտ, բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու գործով Ոստիկանության Երեւանի վարչության պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գեղամ Գրիգորյանի եւ Անդրանիկ Մանուկյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանն այսօր բացարկ հայտնեց մեղադրող Աշոտ Նադոյանին:
Ըստ պաշտպանական կողմի` գլխավոր դատախազության ավագ դատախազը, ով նախաքննության ընթացքում իրականացրել է դատավարական հսկողություն` նախաքննության օրինականության նկատմամբ, ապա հաստատել մեղադրական եզրակացությունը, կանխակալ վերաբերմունք ունի եւ շահագրգռված է գործի ելքով:
Գործով տուժողների ինքնությունը պարզված չէ. մեղադրողը միայն մեկ անգամ է ցուցում տվել պարզել նրանց ինքնությունը, ինչին պատասխան չի տրվել: Ըստ պաշտպանական կողմի` գործով լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն չկատարելու մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ մեղադրանքը հիմնված է բացառապես երկու ոստիկանների ցուցմունքների վրա:
Մեղադրող Աշոտ Նադոյանն առարկեց միջնորդության դեմ` պատճառաբանելով, որ այն անհիմն է, չի բխում քրեադատավարական օրենսգրքից եւ գործի նյութերից: Ըստ մեղադրողի` պատշաճ միջոցառումներ են ձեռնարկվել տուժողների ինքությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ, սակայն դրանք արդյունք չեն տվել:
Մեղադրողն առարկեց նաեւ պաշտպանական կողմի այն պնդման դեմ, թե գործը հիմնված է բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա: Ըստ Աշոտ Նադոյանի` ամբաստանյալները նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ են տվել, գործում առկա են երկու վկաների ցուցմունքները, ինչպես նաեւ Երեւանի Մաշտոցի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտ արված տեսաձայնագրությունը:
Դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, մերժեց բացարկի միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել