Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է տվել
Նա դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին
«Ես` Զարուհի Փոստանջյանս, և ՀՀ այլ քաղաքացիներ 2009 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության շենքի առջև պաստառներով կազմակերպել էինք բողոքի գործողություն` ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, ինչպես նաև` ի անհամաձայնություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` երեկ ՀՀ Ազգային ժողովի դահլիճում հնչեցրած այն մտքի, թե «Հայոց աշխարհի շահերը տարբեր են»: Մեր բողոքի գործողության նպատակն էր հիշեցնել, որ «Հայոց աշխարհի շահերը միասնական են»:
Բողոքի գործողությունն սկսվեց նախատեսված ժամին` 11:00-ին: Ի տարբերություն մեկ շաբաթ առաջ նույն տեղում կայացած բողոքի գործողության` այս անգամ ոստիկանների ապօրինի արարքը միայն մեր առջև ոստիկանական պատ կազմելու մեջ էր, որը նպատակ ուներ պաստառները փակել անցորդների աչքից:
Բողոքի գործողության երկրորդ մասը, որը նախատեսված էր անցկացնել Բաղրամյան պողոտայում` նախագահական նստավայրի դիմացի մայթին, մեզ չհաջողվեց: Երբ շուրջ երկու տասնյակի հասնող ցուցարարներս խաղաղ երթով հասանք մինչև Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ, ԱԺ գլխավոր մուտքից շուրջ 30 մետր հեռավորության վրա մեր ճանապարհը փակեցին ոստիկանության համազգեստով շուրջ 25 անձինք` Երևանի Արաբկիրի բաժնի ոստիկանության կապիտան ներկայացած ոստիկանի գլխավորությամբ:
Նրանք կենդանի շղթա կազմեցին և կասեցրեցին մեր երթը` այդ կերպ հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ինչպես բողոքի մասնակիցների քաղաքացիական իրավունքները, այնպես էլ ՀՀ օրենսդրությունը: Քանի որ մենք առաջ գնալու հնարավորությունից զրկված էինք, կանգ առանք և ոստիկաններից խնդրեցինք մեզ տրամադրել որևէ փաստաթուղթ` մեր տեղաշարժը խոչընդոտելու հիմքի վերաբերյալ, սակայն մեր խնդրանքը մերժվեց: Ըստ ոստիկանների` իրենք էլ չգիտեին, թե որ օրենքի հիման վրա են խոչընդոտում մեր տեղաշարժը: Միակ պատճառաբանությունը հետևյալն էր, թե նախագահը միջոցառում է անցկացնում և իրենք նպատակահարմար չեն գտնում մեր տեղաշարժը:
Մենք` ցուցարարներս, փորձեցիք այդ վայրում` Բաղրամյան փողոցում, շարունակել մեր բողոքի գործողությունը: Երբ պաստառներով կանգնած երգում և վանկարկում էինք, ոստիկանները սկսեցին հրել ու ետ մղել մեզ և պատռեցին Հայաստանի ու Արցախի քարտեզը: Ոստիկաններից մեկը, որը փոխգնդապետի ուսադիրներով էր, ինձ սպառնում էր, թե ես խուլիգանություն եմ անում:
Փաստորեն` մեկ շաբաթ առաջվա և այսօրվա մեր իրականացրած բողոքի գործողությունները ոստիկանների կողմից ենթարկվեցին ճնշման: Ոստիկանների նման վերաբերմունքը միանշանակ փաստում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը ահաբեկված է շուրջ երկու տասնյակ խաղաղ ցուցարարներից և նրանց պաստառներից:
ՀՀ ոստիկանության աշխատակիցներին տեղեկացնում եմ, որ մենք օգտվում ենք մեր սահմանադրական իրավունքերից: Ոստիկանների կողմից վերը նշված գործողությունները ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների խախտում են: Խաղաղ ցուցարարներից և նրանց պաստառներից պետք չէր խուճապի մեջ ընկնել և քրեորեն հետապնդելի արարքներ կատարել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը և օրենքով սահմանված կարգով արդյունքների մասին հայտնել ինձ»:
Զարուհի Փոստանջյան
ԱԺ պատգամավոր
«Ժառանգություն» խմբակցության անդամ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել