HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» ամփոփում է իր եռամսյա գործունեությունը

Kocharyan_29.10.09«Հայ-թուրքական համաձայնագրերի ստորագրման հաջորդ օրը «ОРТ»-ն նորությունների առավոտյան թողարկման ժամանակ գործածեց «այսպես կոչված Ցեղասպանություն» արտահայտությունը: Միանգամից նամակ հղվեց «ОРТ»-ին, որ «պարզաբանեք` ինչ է կատարվում»: Ի վերջո, «ОРТ»-ի կայքից այդ ինֆորմացիան և սյուժեն հանվեցին: Եվ նամակում իրենք ներողություն խնդրեցին, քանի որ կոնկրետ այն մարդը, ով լրատվությունը տրամադրել է, երևի տեղյակ չէր, որ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրներից մեկն է»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» խորհրդի անդամ Տիգրան Քոչարյանը: Երեք ամիս առաջ հիմնադրված «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» համացանցի ամենօրյա մոնիտորինգ է անում, ինչի միջոցով պարզում է, թե որ կողմից են գալիս Հայաստանին ուղղված վտանգները: Նախաձեռնությունն արդեն ունի նաև իր գրասենյակը և կայքը` stopxenophobia.org: Անդրադառնալով շաբաթվա ընթացքում արձանագրված հայատյացության դեպքերին` նախաձեռնության խորհրդի անդամ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ շատացել են այն կայքերը, որոնք փորձում են հայերի անունից խիստ վարկաբեկիչ տեղեկություններ տարածել, օրինակ` antirussia.org-ը: «Այն իրեն ներկայացնում է որպես հայկական կայք և հայերի անունից հակառուսական նյութեր է տպագրում: Այդ կայքի հետևում կանգնած են Վրաստանում բնակվող անձինք: Մենք նրանցից սպառնալիքներ և տարբեր տհաճ նամակներ ենք ստանում: Առայժմ չենք կարողանում հասկանալ, թե ինչ նպատակ են նրանք հետապնդում, որովհետև կոչվում է antirussia.org, բայց լրիվ հայատյաց բնույթ է կրում: Օրինակ` փորձում է հայերին բաժանել հայաստանցու և ոչ հայաստանցու»,- ասաց Արմինե Ադիբեկյանը: Նա բացառեց կայքի հայկական լինելը, քանի որ տեղադրված հայերեն տեքստերում կան հայոց լեզվի կանոնների այնպիսի խախտումներ, որոնք հայերենին տիրապետող մարդը չէր անի: Ապատեղեկատվություն տարածելու ընդունված ձև է, երբ ստեղծվելուց հետո կայքը մի որոշ ժամանակ տարբեր նորություններ է տեղադրում, այնուհետև սկսում է անել այն, ինչի համար ստեղծվել է` սկսում է տեղադրել հակահայ կամ սադրիչ տեղեկություններ, որոնց էլ իր հերթին հղում է անում, օրինակ, Ադրբեջանը: Տիգրան Քոչարյանը նշեց, որ հավանաբար antirussia.org-ը նմանատիպ կայք է, որը կարող է «անակնկալ մատուցել»: «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» եռամսյա գործունեության ընթացքում հայկական .am տիրույթում գործող մի քանի այդպիսի հակահայ կայք է փակվել: Արմինե Ադիբեկյանն ասաց, որ իրենք հակահայ ապատեղեկատվություն տարածող կայքերի դեմ պայքարում են բացառապես օրինականության դաշտում: «Գործում են օրենքներ` կայք ստեղծելու և կայքի բովանդակության մասին: Եթե այդ օրենքները խախտվում են, ապա ցանկացած քաղաքացի իրավունք ունի դիմել հոստինգ տրամադրողին, որ «ձեր սերվերի այս կայքը խախտում է այս օրենքը. խնդրում ենք քայլեր ձեռնարկել»: Եթե նրանք շարունակում են խախտել, ավտոմատ կերպով ռեգիստրարը փակում է կայքը: Կամ մենք կապվում ենք կայքի տերերի հետ և խնդրում, որ ուղղեն կամ հերքեն ինֆորմացիան»,- ասաց Արմինե Ադիբեկյանը: Հեյդար Ջեմալի «հայտարարությունը». « Ղարաբաղի հարցը լուծելու ճանապարհը հայկական պետությունը ոչնչացնելն է» Վերջին շաբաթվա ընթացքում հատկապես աչքի է ընկել Ռուսաստանի քաղաքացի, իրեն որպես քաղաքագետ և իսլամիստ ներկայացնող, ադրբեջանցի Հեյդար Ջեմալը: «Այս շաբաթ նա zerkalo.az-ին տվել է մի խայտառակ հարցազրույց, որտեղ նշել է, որ «Ղարաբաղի հարցը լուծելու ճանապարհը հայկական պետությունը ոչնչացնելն է»: Եվ խոսելով ամբողջ իսլամի անունից` պնդում էր, որ «պետք է ոչնչացնել նաև Իսրայել պետությունը, քանզի դա ամբողջ իսլամի ցանկությունն է»: Եթե նա խոսում է իսլամի անունից, ապա բոլոր իսլամական կազմակերպությունները պետք է իրենց կարծիքը հայտնեն և ինչ-որ ձև գտնեն կարգի հրավիրել այս պարոնին: Բնական է` մենք դիմել ենք որոշ պաշտոնական կազմակերպությունների, որ նրանք իրենց կարծիքը հայտնեն»,- ասաց Արմինե Ադիբեկյանը: Ջեմալն անգամ «OРТ»-ի եթերից հայտարարել է, թե «Հայաստանը ատոմային ռումբ ունեցող պետություն է»: Արմինե Ադիբեկյանը նշեց, որ Ջեմալի` Հայաստանին վարկաբեկելու այս փորձը հակառակ ազդեցություն է ունեցել, քանի որ ադրբեջանցիները հավատացել են նրան և սկսել են է՛լ ավելի սարսափել Հայաստանից: «Հնարավո՞ր է Հեյդար Ջեմալին պատժել» լրագրողի հարցին Արմինե Ադիբեկյանը պատասխանեց, որ մի բան է, երբ դու չես սիրում հայերին և փաստեր ես ներկայացնում, և մեկ այլ բան է, երբ հայերին ոչնչացնելու կոչ ես անում: Սա արդեն քրեական հոդված է, քանի որ Ջեմալը քարոզում է էքստրեմիզմ, այլատյացություն, տարածում է ազգային և կրոնական թշնամանք, բռնության կոչ է անում: Սակայն, Տիգրան Քոչարյանի խոսքերով` «հաճախ հակառակ արձագանքը արդեն կանգնեցնում է այդ մարդուն, և պարտադիր չէ դիմել դատախազություն»: «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» հավաքում և արխիվացնում է ոչ միայն Հեյդար Ջեմալի, այլև բոլոր մյուս հայատյաց, քսենոֆոբ (այդ թվում նաև ֆաշիստ, հակասեմիտ, ռասիստ) գործիչների «հայտարարությունները»: Նախաձեռնությունը դրանք տրամադրելու է հայաստանյան մամուլին: Ադրբեջանական «տեղեկատվություն». «Հայ վանդալները ոչնչացրել են Թոխմախի գերեզմանոցը» Տիգրան Քոչարյանի գնահատմամբ` հայ-ադրբեջանական քարոզչական դաշտում հայկական կողմը ներկայումս հաջողությունների է հասել: Եթե առաջ հայ քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցներն իրենց օրը սկսում էին ադրբեջանական կայքեր կարդալով, ապա այժմ դադարել են: Հայաստանի լսարանի վրա ադրբեջանական քարոզչության ազդեցությունը բավականին նվազել է: «Այսինքն` բոլոր կառույցները սովորել են ինֆորմացիան փնտրել, իմանալ` որտեղից է այն գալիս, ինչ նպատակներ ունի, արժե՞ տարածել, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս տարածել: Ադրբեջանի հետ, կարծես, խնդիր չկա, բավականին լայնածավալ աշխատանք է կատարվում. եթե պետք է, ինֆորմացիան հերքվում է, իսկ եթե պետք է լինում, արհամարհվում է: Եվ ադրբեջանցիներն արդեն անցել են աբսուրդ բաների: Վերջին «նորությունն» այն է, որ «Թոխմախի գերեզմանն է ոչնչացված», և երկրորդը` որ «Դա Վինչիի մայրը ադրբեջանցի էր»: Արդեն այսպիսի բաներ են ասում, ինչը լուրջ չէ»,- ասաց Տիգրան Քոչարյանը: Լրագրողներից մեկը հարց տվեց, թե ինչպե՞ս է միջազգային հանրությունը վերաբերում ադրբեջանական ապատեղեկատվությանը: Արմինե Ադիբեկյանը պատասխանեց, որ ադրբեջանական day.az կայքը եռալեզու է (ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն), և այն հակահայ տեղեկատվությունը, հայամետ գործիչներին ուղղված վիրավորանքները, որոնք հրապարակվում են կայքի ռուսերեն տարբերակում, հաճախ չեն հրապարակվում անգլերենում: Այսինքն` հստակ է, որ day.az-ը հակահայ տեղեկատվություն հրապարակում է հենց Հայաստանի լսարանի համար: «Նրանք Քերոլայն Քոքսի մասին շատ տհաճ և խայտառակ հոդված էին գրել, բայց անգլիական տարբերակում այդ հոդվածը չկար: Նրանք հասկանում են, որ եթե հանկարծ Քերոլայն Քոքսը կամ որևէ մեկը արտասահմանում կարդա այդ հոդվածը, բնական է` իրենք մեծ խնդիրներ կունենան»,- ասաց Արմինե Ադիբեկյանը: «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» ադրբեջանական վերոնշյալ հրապարակումը թարգմանել և ուղարկել է Քերոլայն Քոքսին: Տիգրան Քոչարյանն ասաց. «Մեր ԱԺ պատգամավորներից մեկը (անունը չեմ հիշում) մի անգամ հպարտությամբ ասաց. «Ես ամեն օր day.az-ն եմ կարդում»: Մի շաբաթ հետո day.az-ը անպատվեց այդ մարդուն` ինչ-որ ուրիշ առիթով: Երևի թե այդ մարդն այլևս չի հպարտանա, որ day.az է կարդում: Այսինքն` ինֆորմացիան գնում է այնտեղ, որտեղ կա այդ ինֆորմացիայի սպառում: Հիմա իրենք հասկացել են, որ այստեղ այլևս հեշտորեն ինֆորմացիան չեն մարսում»: Թուրքիա. «Թուրքերը անում են նույնը, ինչ ադրբեջանցիները» Տիգրան Քոչարյանի գնահատմամբ` շատ հայեր, հրաժարվելով ադրբեջանական կայքեր այցելելուց, փոխարենը սկսել են թուրքական կայքեր կարդալ և օրը սկսել «Սաբահից», «Զամանից», «Հյուրիեթից» և այլն: Այս կայքերը շատ լավ գիտեն, որ հայերը հաճախ են այցելում իրենց, և արդեն սկսում են տեղադրել այնպիսի ինֆորմացիա, որն ուղղված է զուտ Հայաստանի շուկային: Մասնագետի խոսքերով` Հայաստանում որոշակի տեղեկատվության պակաս կա: Այսինքն` հայկական կայքերը հաճախ չեն տեղադրում կամ անբավարար ծավալով են տեղադրում այն ինֆորմացիան, որը հետաքրքրում է հայաստանյան լսարանին: Սրա հետևանքով շատերը, ովքեր փնտրում են այլընտրանքային տեղեկատվություն, դիմում են սկզբնաղբյուրին` թուրքական ԶԼՄ-ներին: «Եվ այստեղ պետք է զգույշ լինել, որովհետև հենց իրենք զգում են, որ սպառման շուկան Հայաստանում աճում է, արդեն սկսում են անել նույն բաները, ինչ անում են ադրբեջանցիները: Այսինքն` ապատեղեկատվութուն տարածել, կամ այնպիսի բան, որը տեղի չի ունեցել, աղավաղել ինչ-որ պաշտոնյաների խոսքերը»,- ասաց Տիգրան Քոչարյանը: Նա նշեց, որ Թուրքիայի հակահայ քարոզչության դեմ հիմնականում պայքարում է սփյուռքը, որը դանդաղկոտ է, քանի որ յուրաքանչյուր սխալ պատասխան կարող է շիկացնել իրավիճակը: Թուրքիան օգտվում է այդ դանդաղկոտությունից և սկսում ավելի ակտիվ «ռմբահարել» Հայաստանը: panramenian_29.10.09Քարտեզներ. տարբերակ, որը չի առաջարկել անգամ Մինսկի խումբը Տիգրան Քոչարյանն ասաց, որ Հայաստանում ամենատարբեր ձևերով աղավաղում են Արցախի Հանրապետության քարտեզը` դրանիվ իսկ ոտնահարելով Արցախի տարածքային ամբողջականությունը, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Վերջին օրինակներից է «Պանարմենիան Էքսպո»-ի պաստառը: Պաստառում որպես Արցախ (նախկին ԼՂԻՄ և ազատագրված 7 շրջաններ) պատկերված է ընդամենը Քաշաթաղի մի մասը: «Սա ուղղակի կամ աբսուրդ է, կամ այն մարդը, ով պատրաստել է քարտեզը, ընդհանրապես տեղյակ չէ, որ սա Քաշաթաղի շրջանի մի մասն է: Սա հազարավոր օրինակներով ամբողջ Երևանում փակցված է, Պանարմենիան անունն էլ կրում է: Այսպիսի լուծում երևի ոչ մի Մինսկի խումբ մեզ չէր առաջարկի, բայց մենք մեզանից որոշել ենք, հետո զարմանում ենք, որ Արցախից զանգում են, ասում են. «Էս ի՞նչ է: Սա կարելի՞ է հասկանալ որպես ինչ-որ բան», որովհետև սա ինչ-որ մասնավոր բան չէր: Սրան վարչապետն էլ է ներկա եղել, բավականին շատ պաշտոնյաներ են ներկա եղել»»,- ասաց Տիգրան Քոչարյանը: Նրա համոզմամբ` նման աղավաղման և իրականությանը չհամապատասխանող քարտեզները պետք է մերժել. կամ մենք տեղադրում ենք քարտեզ, որի վրա պատկերված են Արցախի Սահմանդրությամբ ամրագրված տարածքները, կամ ընդհանրապես չենք տեղադրում: Իսկ եթե պատկերված է Հայաստանի և ԼՂԻՄ-ի քարտեզը, ապա քարտեզին պետք է գրել, որ «սա ԼՂԻՄ-ն է մինչև 1988 թիվը»: Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, որ վերջերս Թուրքիայում տպագրված քարտեզներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում էր որպես Թուրքիայի մաս: Հայերը վրդովվեցին, թե ինչու են թուրքերն այսպիսի բան արել, բայց հենց այդ նույն հայերը հայկական քարտեզների վրա չեն պատկերում հայկական ուժերի կողմից վերահսկվող հայկական տարածքները: Սումգայիթյան ողբերգություն. վկայությունները փաստում են ադրբեջանական իշխանությունների մասնակցությունը ջարդերի կազմակերպմանը և իրագործմանը Նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենք արդյունավետ կերպով համագործակցում են Հայաստանի իշխանությունների հետ և հայտնաբերած տեղեկատվությունը տրամադրում են համապատասխան գերատեսչություններին: Ներկայումս թվայնացվում է Սումգայիթյան ողբերգության գործերի արխիվը, որը հետագայում կտեղադրվի կայքում: «Գլխավոր դատախազությունը արխիվներից դուրս է հանել Սումգայիթյան գործերից 36 հատոր: Դրանք հիմնականում հենց այդ ջարդերից անմիջապես հետո Հայաստան էվակուացված փախստականների հարյուրավոր վկայություններ են: Աշխատանքը նոր է սկսվել: Պարզվում է` շատ բան է եղել փակ դրված և չի օգտագործվել: Նոր ենք սկսել մշակել, բայց արդեն պատկերը ավելի կոնկրետանում է: Չնայած ուսումնասիրվել է, բայց դրանք թույլ կտան լրացուցիչ բաներ ի հայտ բերել, օրինակ` ադրբեջանական իշխանությունների մասնակցությունը ջարդերի կազմակերպման և իրագործման մեջ, որը ակնհայտ երևում է վկայություններից»,- ասաց «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» անդամ Սամվել Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ (1)

H.K.
Ոչ միայի ալիեվը հայտարարեց որ Արցախի հարց չկա այլև թորքամետ պոտինը հայտարարեց Արցախյան կոնֆլիկտ գոյություն չունի: պոտինը հայ ազգի թշնամին է, բացեք աչքերդ, նա հավաքագրվել է թորքերի կողմից 1992 թ-ից առաջ իսկ հիմա ատամներով սատարում է նիլօլին ; նաիրի, նիկօլ սկսվում են նույն տառով ու ավարտվում նույն գործով, պւտինի ագենտներն են սկսած 1994 -ից ու փորձանքը հայ ժողովրդի....... https://www.youtube.com/watch?v=J23fsoggY7E&ab_channel=a1plus ուշադիր նայեք պւտինի ձեռագրի, սկզբում սպանություն և դավաճանություն հետո մի մանկլավիկի միջոցով հյտարարել թե ռուսները հայերի բարեկանմերն էն, ռւսները ոչ թե պւտինը թուրքի ագենտը : Հուսով եմ անեն ինչ պարզ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter