HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ պատվիրակությունը Ֆրանսիայում

Երեկ հնգօրյա այցով Ֆրանսիա մեկնած ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց Ֆրանսիայի Ազգային  Ժողովում, ուր հանդիպում կայացավ  խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ խմբի անդամների հետ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին  ղարաբաղյան հիմնախնդրին եւ նրա խաղաղ կարգավորման խնդրում ԼՂՀ իշխանությունների դիրքորոշմանը:  Այնուհետեւ ԼՂՀ պատվիրակությունը մեկնեց Մարսել: Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 25-ին Ֆրանսիա մեկնած պատվիրակությունն առաջին օրը Փարիզի «Ռանլագ» թատրոնում մասնակցեց «Արցախի ձայներ» համույթի համերգին` կազմակերպված Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ «Սատար Ղարաբաղին» կազմակերպության աջակցությամբ: Միջոցառման ժամանակ Աշոտ Ղուլյանը ԼՂՀ նախագահի հրամանագրերով շնորհված «Երախտագիտություն» շքանշաններ հանձնեց Ֆրանսիայի Հայ Հիմնադրամի փոխնախագահ Միշել Պազումյանին եւ նույն կազմակերպության անդամ` հետմահու պարգեւատրված Էմանուել դը լա Բարի ընտանիքին: Հաջորդ  օրը պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի գրասենյակի անդամների հետ` քննարկելու համար Արցախի հետ ֆրանսահայ կազմակերպությունների համագործակցության հեռանկարները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները եւ համազգային նշանակության այլ հարցեր: Մեր պատվիրակները առանձին հանդիպումներ ունեցան նաեւ «Սատար Ղարաբաղին» կազմակերպության նախագահի եւ կառույցի մի խումբ գործուն անդամների հետ: Հոկտեմբեր 27-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը հանդիպել են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին, եւ քննարկել տարածաշրջանային կարեւորության մի շարք հարցեր` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի եւ այդ գործընթացում Ֆրանսիայի դերակատարության եւ կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Փարիզի մերձակա մի շարք հայաշատ քաղաքների քաղաքապետերի, մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter