Դատարանը չբավարարեց Եհովայի վկաների կազմակերպության հայցը
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքի բակը երեկ մարդաշատ էր. սա այս ամսվա ընթացքում առաջին դեպքը չէ, քանի որ նման մի հավաք էլ եղել էր հոկտեմբերի կեսերին:
Այստեղ էին հավաքվել Արցախի երիտասարդական կազմակերպությունների, տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ովքեր ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից նույն օրը երթով հասել էին մինչեւ դատարանի շենք:
Շենքի բակում հավաքվել էին նաեւ Եհովայի վկաների կազմակերպության ներկայացուցիչներ, ովքեր, ինչպես բոլոր հավաքվածները սպասում էին հրապարակվելիք վճռին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպություն»-ը` ի դեմս Սարգիս Ավանեսյանի, դիմել էր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ ԼՂՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնի, որի օգոստոսի 3-ի թիվ 2 որոշմամբ մերժվել էր կազմակերպության գրանցումը:
Երեկ դատարանը «լսելով կողմերի բերված փաստարկները, հաշվի առնելով փորձագիտական եզրակացության մեջ բերված հիմնավորումները եւ այն, որ կազմակերպության գործունեւոթյունը հակասում է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքին, որոշել է մերժել Եհովայի վկաների կազմակերպության հայցը` անփոփոխ թողնելով պետռեգիստրի` կազմակերպության գրանցումը մերժելու մասին որոշումը:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ շեշտեց Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանը, մերժման մեջ չէին նշված բոլոր հիմքերը, ապացույցները, ուստի նրանք որոշումը բողոքարկելու նպատակով պատրաստվում են դիմել Գերագույն դատարան:
Ա. Իսպիրյանը միաժամանակ նկատեց, որ մերժման մեջ մի հետաքրքիր դրույթ կա, ըստ որի, որպես իրավաբանական անձ չգրանցելու դեպքում կազմակերպությանը չի արգելվում դավանել, հավաքներ անցկացնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել