Նիդեռլանդների նոր դեսպանը` նախագահ Սարգսյանի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը (նստավայրը` Թբիլիսի):
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Նիդեռլանդների հետ բոլոր ոլորտներում: Այդ գործում մեծ դերակատարություն վերապահելով դեսպաններին` նա հույս է հայտնել, որ պարոն Լանգենբերգը ակտիվ կլինի եւ փոխգործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ կձեռնարկի նոր քայլեր:
Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Ս. Սարգսյանը բարձր է գնահատել անկախությունից ի վեր Նիդեռլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինպրես նաեւ ընդգծել է Համաշախարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի «Հոլանդական խմբի» շրջանակում երկու երկրների միջեւ հաջողությամբ զարգացող համագործակցությունը:
Կողմերն անհրաժեշտ են համարել ոչ միայն երկկողմ, նաեւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների խորացումը` ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը դիտարկելով դրան ուղղված կարեւոր գործընթաց:
Դեսպան Լանգենբերգի խնդրանքով Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել