HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակային արձագանք հրապարակային հայտարարությանը

06-08_VarchapetՆախօրեին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մինչեւ օրակարգին անցնելը, դիմելով ներկաներին ասել է, որ թերթերից մեկը հրապարակել է մի հոդված, որում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե ինքը գիտի, որ Հայաստանում պետական չինովնիկները զբաղված են փողերի լվացմամբ։ «Կարծում եմ` ե՛ւ դատախազությունը, ե՛ւ կենտրոնական բանկը պարտավոր են հրապարակայնորեն արձագանքել այս հայտարարությանը. Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան չինովնիկներ, որոնք զբաղված են փողերի լվացմամբ »,- ասել է վարչապետը։ «Երկրորդը` նրանց (լրատվամիջոցների) ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին օրենքի նախագիծը, որի նպատակը ճգնաժամի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ներդրումները կարճ ժամկետով խթանելն է, այսինքն` սա ժամանակավոր օրենք է, որի էությունն այն է` որ եթե 2009, 2010, 2011թթ. Հայաստանի Հանրապետությունում մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում անողներ լինեն, ապա մենք այդ ներդրողների համար ստեղծենք բարենպաստ պայմաններ։ Հասկանալի է, որ ճգնաժամի ժամանակ ներդրումներ ներգրավելը դյուրին գործ չէ, եւ այս օրենքի նպատակը հենց դա էր։ Եթե օրենքը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր, ապա, բնականաբար, նպատակահարմար է, որ մենք այն չընդունենք։ Բայց այն մեխանիզմները, որոնք դրված են օրենքի հիմքում, իմ համոզմամբ, էապես եւ որակապես տարբերվում են այլ գործընթացներից։ Ենթադրվում է, որ պետք է ստեղծվեն նոր ձեռնարկություններ, որոնք պետք է իրականացնեն մեկ միլիարդ դրամից ավելի կապիտալ շինարարություն, ինչպես նաեւ արտադրական շինարարություն եւ այդ ծրագրերը գտնվելու են ոչ միայն կառավարության, այլեւ հանրության հսկողության տակ։ Եթե այդ ներդրումները չեն գերազանցի 1 մլրդ դրամը, ապա չեն ստանա համաֆինանսավորում, իսկ համաֆինանսավորման չափը իրականացվելու է նույն սկզբունքով, ինչով մենք իրականացնում ենք ՀԲ-ի, միջազգային այլ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր։ Համաֆինանսավորման նպատակն է վերադարձնել շինարարներին ԱԱՀ-ն, որ նրանք վճարում են։ Եթե այս օրենքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ավելի բարձր ռիսկեր, քան այսօրվա շինարարական գործընթացներն են ենթադրում, ապա, բնականաբար, մենք այսօր հետ կկանչենք Ազգային ժողովից։ Բայց մտահոգիչն այն է, որ թերթերը, զանգվածային լրատվական միջոցները, Ազգային Ժողովի պատգամավոր մեր գործընկերը հրապարակավ հայտարարություն է անում, որ ինքը քաջատեղյակ է փողերի լվացմանը։ Դա նշանակում է, որ ինչպես նա հրապարակայնորեն այդ մեղադրանքը մեզ է ներկայացնում, այնպես էլ մենք պարտավոր ենք հրապարակայնորեն արձագանքել այդ մեղադրանքին»,- կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` ասել է վարչապետը։ Նիստին մասնակցող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, որին հրավիրված էին նաեւ կենտրոնական բանկի աշխատողները, լրագրողներ, նաեւ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, «թափանցիկ եւ հրապարակայնորեն քննարկվել են իրավապահ ոլորտի եւ բանկային համակարգի կողմից փողերի լվացման դեմ պայքարի արդյունքները։ Ներկայացվել է Ստրասբուրգում մի քանի օր առաջ տեղի ունեցած ՄԱՆԻՎԱԼ-ի նիստի ժամանակ Հայաստանին տրված գնահատականը եւս, ըստ որի Հայաստանը չի գտնվում հատուկ հսկողության տակ գտնվող երկրների շարքում»։ Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ ՄԱՆԻՎԱԼ-ի խումբը վերջերս եղել է Երեւանում, աշխատել այստեղ եւ իր հետ հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել փողերի լվացման դեմ հատկապես վերջին տարիներին ծավալված պայքարի մասին։ Նույնիսկ համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանում կազմակերպվի դրական փորձի փոխանակման տարածաշրջանային քննարկում։ Աղվան Հովսեփյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում այդ ամենի մասին դարձյալ կտեղեկացվի հանրությանը։ Իսկ վարչապետը հավելել է, որ նման հարցերն անպատասխան թողնելը ճիշտ չէ, դրանք լուրջ ազդակ են կառավարության եւ հասարակության համար, քանի որ իշխանությունը հետամուտ է լինելու նման դեպքերի բացահայտմանը։ «Բայց եթե այդպիսիք չկան, ապա պետք է միջավայրը փոխվի Հայաստանում»,- եզրափակել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter