Արմեն Հարությունյանը` Շիրակի մարզում
Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Շիրակի մարզ: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, այցելության հիմնական նպատակը մարզում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների ուսումնասիրությունն էր և Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների վերաբերյալ տեղում պարզաբանումներ ստանալը:
Պաշտպանի առաջին հանդիպումը կայացել է Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միությունում, որտեղ հանդիպմանը մասնակցել են միության ղեկավարՄկրտիչ Ճարտարյանը և մի շարք այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ՀԿ-ների կողմից Պաշտպանի ուշադրությանը է ներկայացվել 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների խնդիրները, Ամասիայի շրջանում բնակվող փախստականների և Ջավախքից տեղափոխված անձանց անձնագրային խնդիրները, դպրոցների տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերի հարցերը, հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը և այլ խնդիրներ:
Հկ-ների կողմից բարձրացված բոլոր խնդիրները Պաշտպանը քննարկել է նաև Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հետ: Վերջինս նշել է, որ գյուղական համայնքների 1349 անօթևան բնակիչների խնդիրները լուծելու նպատակով հաջորդ տարի նախատեսվում է 24 միլիարդ դրամի պետական աջակցություն: Մարզպետը նաև հայտնել է, որ սահմանամերձ Ամասիայի և Աշոցքի շրջաններում պետական աջակցությամբ իրականացվել են գազիֆիկացման և ճանապարհաշինարարական աշխատանքներ:
Հանդիպման ընթացքում քննարվել են մի շարք իրավական տեսանկյունից վիճելի հարցեր, որոնց կապակցությամբ Պաշտպանը նկատել է, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացու կողմից բարձրացված խնդիրները չունեն միանշանակ իրավական լուծում, մարզային և քաղաքային իշխանությունները պետք է առաջնորդվեն քաղաքացու շահերով:
Տիկին Նանյանը և Արմեն Հարությունյանը պայմանավորվել են կազմակերպել բոլոր բարձրացված խնդիրների քննարկում` Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և մարզպետարանի համապատասխան մասնագետների մասնակցությամբ:
Պաշտպանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը հաջորդ երկու օրերի ընթացքում իրականացնելու է այցելություններ և ուսումնասիրություններ Շիրակի մարզի Ոստիկանության բաժիններում, զորամիավորումներում, քրեակատարողոկան հիմնարկներում, հոգեբուժարանում, ինչպես նաև Ամասիայի անձնագրային բաժնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել